Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փարոսը» պետական աջակցություն է ակնկալում

Հուլիս 18,2009 00:00

Երգչախմբի անդամները այլ աշխատանք չունեն

\"\"
Խմբավար Րաֆֆի Միքայէլեանը՝ փորձի ժամանակ:

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսին կներկայանա «Փարոս» կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ: 1993թ. հիմնադրված Հայաստանում միակ՝ սայլակավոր, հենաշարժողական խնդիրներ ունեցող արտիստների այս երգչախմբին 2004-ից աջակցում է ամերիկաբնակ Քուլհանջյան-Շտրաուխ ընտանիքը: Նպատակն է ոչ միայն նպաստել հաշմանդամների ինտեգրմանը հասարակության մեջ, այլեւ ստեղծագործական կարողություններին:

Դեռեւս 1970-ականների վերջերից նման երգչախմբեր են գործում ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում, Բելգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ ՌԴ Մոսկվա, Նովոսիբիրսկ, Կալուգա քաղաքներում: 2006թ. Ստոկհոլմում կազմակերպվեց այդպիսի երգչախմբերի առաջին միջազգային մրցույթը: «Փարոսը» առայժմ չի մրցել միջազգային արենայում, սակայն համերգներով հանդես է եկել Լիբանանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Վրաստանում: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ այս տարվա փետրվարից երգչախմբի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնած խմբավար Րաֆֆի Միքայէլեանը հայտնեց, որ 2003թ. «Փարոսը» հաշմանդամների միակ երգչախումբն էր, որ մասնակցեց Իտալիայում անցկացվող ամենամյա մրցույթին, գրավելով 5-րդ հորիզոնականը: Նշենք, որ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ր. Միքայէլեանը 2003թ. Լիբանանից եկել է հայրենիք, սովորել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, այսօր էլ ուսումը շարունակում է ասպիրանտուրայում (Իվան Վարդանյանի եւ Ռուբեն Ասատրյանի դասարաններում): Իսկ 2006-ից, Րաֆֆին որպես երգչախմբի արտիստ՝ աշխատում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում եւ ձեռք է բերել Հայաստանում 10 տարվա կեցության իրավունք: Նա նշեց, որ այսօրվա համերգին ներկա կլինի նաեւ Լիբանանի «Բարսեղ Կանաչյան» քոլեջի իր դասատուն՝ Զաքար Քեշիշյանը, ինչը արվեստագետի համար պարտավորեցնող է:

Ր. Միքայէլեանը ասաց նաեւ, որ երգչախմբի 28 մասնակիցներից շատերը երաժշտական կրթություն չունեն, ինքն աշխատում է որոշակի գրագիտություն ապահովելու ուղղությամբ. «Ուզում եմ հասնել նրան, որ կոլեկտիվը պետական աջակցություն ստանա կամ, ինչու չէ՝ նաեւ պետական կարգավիճակ: Ճիշտ է, բարդ է երգել նստած վիճակում, սակայն արտիստներն ունեն երաժշտական լավ տվյալներ: Կոլեկտիվում կան այնպիսիները, որ պարզապես երգչախմբով են ապրում ու շնչում՝ հասկանալի պատճառներով: Նրանցից շատերը աշխատանք չունեն, կրկնում եմ. արվեստը՝ արվեստ, բայց ապրել է պետք: Հուսով եմ, որ կգա եւ այդ օրը, երբ 28 արտիստները կստանան իրենց աշխատավարձը»:

Երգչախմբի ծրագրում ընդգրկված են ինչպես Կոմիտասի, հայ ժամանակակից կոմպոզիտորների, այնպես էլ արեւմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել