Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՄ»

Հուլիս 18,2009 00:00

Հայոց ցեղասպանության մասին ասաց թուրք ռեժիսորը, բայց «չբացեց» փակագծերը

«Ամեն ինչ գիտեմ…»,- երեկ կայացած ասուլիսի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին այսպես ասաց «Ոսկե ծիրանի» շրջանակներում Թուրքիայից Հայաստան ժամանած «Աշուն» ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Օզջան Ալփերը:

Դեռեւս մեկ տարի առաջ՝ «Ոսկե ծիրանի» 5-րդ միջազգային փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանի» ֆորումի ընթացքում որոշում կայացվեց հաջորդ՝ այս տարվա փառատոնի ֆիլմերի ցանկում ընդգրկել նաեւ թուրք ռեժիսոր Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը:

«Ֆիլմս պատմում է քաղաքական ձախ հայացքներ ունեցող՝ Յուսուֆ անունը կրող մի երիտասարդի մասին: Ֆիլմն ամբողջությամբ ներքին ուղեւորություն է հիշեցնում, որն ընդգրկում է չմարող անցյալը, վաղանցիկ ներկան եւ խոստումնալից ապագայի բացակայությունը: Ֆիլմը նկարագրում է Թուրքիայի վերջին 15 տարիների կյանքը: Այդտեղ քաղաքական ոչինչ չես գտնի, ոչ մի պատկեր, ոչ մի խոսք, սակայն այն ուղղված է քաղաքական անարդար պայքարի դեմ, ինչի արդյունքում անմեղ զոհեր են լինում»:

Փառատոնի մասին Օ. Ալփերն ասաց. «Փառատոնին մասնակցելս նպատակային եմ համարում: Ինձ համար կարեւորվում է նրանով, որ սա հնարավորություն է տալիս երիտասարդ ռեժիսորներիս համախմբվել, ճանաչել ոչ միայն եվրոպացի կոլեգա-ռեժիսորներին, այլեւ այս տարածաշրջանի հայ, վրացի գործընկերներին, նրանց մոտեցումներնն ու գործերը: Հետաքրքիրն այն է նաեւ, որ անհամբերությամբ սպասում եմ հայ հանդիսատեսի վերաբերմունքին՝ ֆիլմիս լեզվի նկատմամբ. բացի թուրքերենից, ֆիլմում օգտագործել եմ նաեւ համշենահայերեն եւ վրացերեն… »:

Թուրք ռեժիսորն իրեն համարում է թուրքական նոր կինոյի հիմնադիրներից մեկը. «Կա երիտասարդների մի խումբ, որը հիմք է դրել նոր կինոարտադրության: Թուրքական նոր կինոն վերանվանեցինք նոր Թուրքիայի կինո: Նոր Թուրքիա ասելով հասկանում ենք նոր հարաբերություններ, համագործակցություն ոչ միայն թուրք երիտասարդ կինոգործիչների, այլեւ այլազգի, տարբեր պետությունների ու կրոնների տեր մարդկանց հետ: Նպատակ ունենք Թուրքիայի քաղաքական ռեալիզմից սնվել եւ այդտեղից բաժին հանել նոր ֆիլմի համար»:

Հայ-թուրքական կինոերկխոսության մա սին Ալփերը նշեց. «Հայ-թուրքական կինոյի պլատֆորմն է պետք ձեւավորել: Այն պիտի հիմնված լինի ամուր հիմքերի վրա, կան լուրջ մտադրություններ առաջիկայում, մասնավորապես՝ վավերագրական կինոյի ասպարեզում: Բնականաբար, միայն կինոյի երկկողմ զարգացմանը չի նպաստի այդ պլատֆորմը: Ըստ իս, կինոն կօգնի ինչ-ինչ հարաբերությունների հարթեցմանը, հարցերի լուծմանը, քաղաքական հայացքների մեղմացմանը: Հույս ունեմ, որ կինոն հարեւան երկրներին կմոտեցնի իրար: Գուցե նպաստի նաեւ Ցեղասպանության հարցի լուծմանը…»:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, թուրք ռեժիսորը սրտնեղեց: «Բազմաթիվ թուրք մտավորականներ արդեն ընդունում են ցեղասպանության փաստը, պնդում, որ ժամանակն է այն ճանաչել: Թուրքիայում որոշ առումով անտեղյակություն կա: Վերցնենք, թեկուզ, Հրանտ Դինքի ողբերգական մահվան դեպքը…»,- ասաց նա՝ առանց «փակագծերը» բացելու:

Հարցին՝ հնարավո՞ր է ֆիլմ նկարի ցեղասպանության մասին, երիտասարդ ռեժիսորը պատասխանեց. «Դժվար է ասել, անգամ այդ բառն է դժվար արտաբերելը Թուրքիայում: Չնայած իմ գործընկերներից մեկը պատրաստվում է նկարել նման ֆիլմ՝ ցեղասպանության մասին, որի պատմությունը սկսելու է Էրզրումից: Մյուս ընկերս էլ նախատեսում է ֆիլմ՝ Կոմիտասի մասին»:

Հայկական կինոյի հետ կապված լուրջ ծրագրեր ունեն նաեւ Վիեննայից երիտասարդ ռեժիսոր, «Աղջնակը» ֆիլմի հեղինակ Ռայներ Ֆրիմելն ու ֆրանսիացի կինոգործիչ, «Խելոք մնա» ֆիլմի հեղինակ Ժյուլիետ Գարսիան: Ժ. Գարսիայի համար Հայաստանը բացահայտում էր. «Չնայած ընդամենը երեկ եմ այցելել Հայաստան, բայց արդեն հասցրել եմ հիանալ այս երկրով, որոշել եմ շրջել ողջ երկրով: Իսկ այս պահին ուղեղումս պտտվում է հենց Հայաստանում նոր ֆիլմ նկարելու գաղափարը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել