Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի
Արագածոտնի համայնքապետերը հուսով են, որ մարզպետի փոփոխությունը այլ փոփոխությունների կբերի
Արագածոտնի մարզը հանրապետության ամենաաղքատ մարզերից է։ Իսկ գյուղացուն պետք է վստահություն եւ երաշխիք, որ աճեցրած վարունգը, լոլիկը կամ չարչարանքով պահած կովից ստացած կաթը չի մնա իր իսկ ամբարում՝ կմթերվի: Քաղաքացուն էլ՝ կայուն ու գոնե նվազագույն կարիքները ու ապրուստը հոգալու համար աշխատանք եւ աշխատավարձ է պետք: Ու երբ սրանք չկան կամ կան ընդհատումներով, գյուղամիջում հավաքված մարդիկ սկսում են վերլուծություններ անել ու նկատում, որ, օրինակ, ավելորդ են բյուջեից սնվող (ոչ միայն պետական) չինովնիկական օղակները՝ մարզպետարան, մարզային ոստիկանության բաժին, երբ կան քաղաքապետարաններ, համայնքապետարաններ, տարածքային ոստիկանության բաժիններ, էլ չենք ասում՝ նախարարություններ ու այլ գերատեսչություններ։
Քիչ հավանական է, որ գյուղամիջում հավաքվածները անգիր իմանան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, ու հստակ տեղյակ լինեն մարզպետարանի կամ մարզպետի լիազորություններից: Բայց հաստատ իրենց պապերից ու ապուպապերից են լսել՝ «խեղդվողը ձեռքը փրփուրներին էլ է գցում»: Ու հենց այս տրամաբանությամբ էլ պնդում են, թե մարզպետարանը ավելորդ է։
Մեզ հետ այս խնդիրների շուրջ կիսվեցին մի քանի համայնքների ղեկավարներ, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան հրապարակել իրենց անունները։ Ըստ նրանց՝ Արագածոտնի մարզպետարանի երեք վարչություն, որոնց հետ ուղղակիորեն առնչվում են իրենք, պարզապես չարիք են։
Ֆինանսատնտեսական վարչությունը ամեն կերպ փորձում է մասնակցել համայնքների բյուջեների կազմմանը: Ըստ մարզպետարանի կանոնադրության, այս վարչությունը՝ «իրականացնում է պետական բյուջեից Արագածոտնի մարզին հատկացված միջոցների բաշխումը եւ վերահսկում մարզի բյուջեի ու տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների միջոցների ծախսերը»։ Բյուջեի կազմելուն մասնակցության իրավունք չունի այս վարչությունը: Բայց քանի որ ունի վերահսկելու իրավասություն, համայնքապետերը ենթարկվում են այս վարչության քմահաճույքներին։
Հաջորդը տարածքային կառավարման վարչությունն է։ Շատ երկար անուն ունի այս վարչությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն: Կոչված է համակարգել տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, մարզպետի մոտ կազմակերպել տարածքային ծառայությունների ղեկավարների խորհրդակցություն, վերահսկել պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների եւ պարտադիր լիազորությունների կատարման ընթացքը։
Այդ վարչության կողմից համայնքապետերը ամսական մի քանի անգամ հրավիրվում են մարզպետարան։ Վերջիններս լուծում են ոչ միայն իրենց գնալ-գալու, այլեւ, իրենց ասելով, նաեւ վարչության աշխատակիցների ու վերադասի գնալ-գալու խնդիրները։ Մարզում կա 114 համայնք։ Եթե յուրաքանչյուր համայնք ամսական 20 լիտր բենզին ծախսի մարզպետարան գնալ-գալու համար, այդքան էլ տա վերադասին, լուծի նաեւ նրանց «պերերիվի» խնդիրները, ապա համայնքի խնդիրները լուծելու համար շատ փող չի մնա:
Երրորդը քաղաքաշինության վարչությունն է. կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը, առաջարկություններ է ներկայացնում Արագածոտնի մարզպետին՝ մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում համակարգում է կառուցապատում, կազմակերպում հողերի, ամրակայված գույքի ընթացիկ հաշվառումը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման եւ վերացման ուղղությամբ: Այս վարչության համակարգած կառուցապատումներից եւ վերանորոգումներից ոչ շատ անց քամին տանիքներ է քշում, պատերը ճաք են տալիս, ներկը թափվում է, հատակը քանդվում է։ Այսքանից հետո դարձյալ նույն մարդիկ են շահում մարզում շինարարություն իրականացնելու մրցույթներում։
Բայց համայնքները լավատես էին այնքանով, որ մարզի ղեկավարը փոխվել է: Մնում է հուսալ, որ մարզպետը համայնքի շահը կգերադասի, այլապես համայնքները կկանգնեն ու գերանները կկոտրվեն։
ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ