Սյունիքի մարզային գրադարանը լավ վիճակում է, իսկ համայնքայինները դեռ խնդիրներ ունեն
20 տարուց ավելի է՝ ինչ Կապանում գործող Սյունիքի մարզային գրադարանը հիմնանորոգման կարիք էր զգում, սակայն միայն վերջին տարիներին կառավարությունը դրա համար գումար հատկացրեց պետբյուջեից՝ 40 միլիոն դրամ: Աշխատանքը դեռեւս 2008 թվականին էր սկսվել եւ միայն բոլորովին վերջերս ավարտվեց, քանի որ մարզային գրադարանի որոշ բաժիններում աշխատանքները թերի էին մնացել: Շինարարների խոսքերով՝ 7 միլիոն դրամի լրացուցիչ աշխատանքներ են կատարվել, գումարները վերջացել էին, սակայն դեռ թերի աշխատանքներ կային: Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանի խոսքով, այս գրադարանը հանրապետությունում առաջիններից է, որ հիմնանորոգվել է, շատ մարզային գրադարաններ դեռեւս հիմնանորոգման եւ բարեկարգման կարիք ունեն: «Նախկին գրադարանից գրեթե ոչինչ չի մնացել, նորոգումից հետո ամբողջովին նոր տեսք է ստացել: Տարիներ շարունակ միայն մասնակի նորոգումներով ենք բավարարվել, մեծածավալ նման աշխատանքներ մինչ օրս մեզ մոտ չեն եղել»,- նշում է տիկին Սուսաննան: Հիմնովին փոխվել են հատակը, դռներն ու լուսամուտները, նորոգվել սանհանգույցները, անցկացվել ջեռուցման համակարգ, իրականացվել ներքին հարդարման աշխատանքներ:
Բայց հիմնանորոգված գրադարանում մեկ այլ խնդիր է ծագել: Թվում էր՝ հիմնանորոգումից հետո բոլոր խնդիրները ետեւում կմնան, բայց պարզվում է, որ կա եւս մեկ առաջնահերթ խնդիր: Նորոգված մարզային գրադարանը նոր գույքով համալրելու, հին գույքը թարմացնելու անհրաժեշտություն է ծագել, քանի որ տարիներով օգտագործված գույքի մաշվածությունն ու հնությունը ցայտուն է նկատվում հիմնովին նորոգված գրադարանում: Վերջին անգամ այստեղ աթոռ, սեղան, պահարան ստացել են դեռեւս 1980 թվականին: Զրուցակցիս խոսքով, այս ընթացքում շատ հաճախ ստիպված են եղել նույն սեղանն ու աթոռը մի քանի անգամ նորոգել, միջոցառումների ժամանակ է հաճախ աթոռների խնդիր ծագում, գրադարանի տարբեր բաժիններից սպասարկման սրահում կազմակերպած միջոցառման համար աթոռներ են բերում. «Մեզ նոր գույքով ապահովել է միայն Ամերիկայի դեսպանատունը, քանի որ մարզային գրադարանի սպասարկման սրահում 2007 թվականից գործում է Ամերիկյան անկյունը»: Իսկ համակարգչային նորագույն տեխնիկայով գրադարանը ապահովված է, մշակույթի նախարարությունից են ստացել:
Այս տարվա պետբյուջեից 350 հազար դրամ գումար է հատկացվել մարզային գրադարանին՝ 221 օրինակ գիրք ձեռք բերելու համար, սակայն զրուցակիցս նշում է, որ գրքերի գները թանկացել են եւ գրքային ֆոնդը թարմացնելիս առաջնահերթությունը պետք է տրվի այն գրքերին, որոնց պահանջարկն ավելի շատ է զգում ընթերցողը:
Բացի այդ, մարզային գրադարանի գրքային ֆոնդը հաճախ համալրվում է նաեւ նվիրատվությունների շնորհիվ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը 2 տարվա ընթացքում 1000-ից ավելի գիրք է նվիրաբերել, մոտ 300 գիրք «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցություն» հ/կ-ից են ստացել: Մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանի փոխանցմամբ, գրքային ֆոնդի համալրմանը աջակցում են նաեւ Ազգային գրադարանը, Ամերիկյան համալսարանի գիտաբժշկական գրադարանը, Հայաստանի գրողների միությունը, շատ անհատներ եւ հանրապետական այլ գրադարաններ:
600 օրինակ գիրք է հասցեագրված Սյունիքի մարզային գրադարանին, բայց մինչ օրս գրքերի այդ մեծ պաշարը տեղ չի հասել: «Տեղափոխության մեծ խնդիր ունենք, շատ հաճախ մեզ համար նախատեսված գրքերը չենք կարողանում տեղ հասցնել, դրանց տեղափոխության համար մեքենա չունենք, տեղափոխման գումարներ չեն հատկացվում, իսկ մայրաքաղաքից Կապան ճանապարհը շատ հեռու է, ծախսը՝ մեծ: Սա շատ ցավոտ հարց է մեզ համար, որ մինչ օրս դեռեւս լուծում չի գտել»,- ասում է Սուսաննա Մինասյանը:
Մարզային գրադարանում գրքերը լավ են պահպանված եւ, որ ամենակարեւորն է, ոչ մի գիրք դուրս չի գրվել այսքան ժամանակ: Տիկին Մինասյանը մեր զրույցում ցավով էր խոսում գյուղական համայնքների գրադարանների գործունեության մասին, շեշտելով, որ դրանցից շատերը օրերով, շաբաթներով չեն աշխատում, նոր գրականությամբ չեն թարմացվում, շատ ժամանակ էլ գրքերը «քնած» վիճակում են մնում: Բայց այսօր մարզային գրադարանը նրանց գործունեությանը չի կարող միջամտել: Լծակներ չունեն, միայն մեթոդական աջակցություն են ցուցաբերում ու, ցավոք, դա ոչ բոլորի հավանությանն է արժանանում, շատերը իրենց նախընտրած ուղով են գնում: «Համայնքային շատ գրադարաններ բարձիթողի վիճակում են: Ստացվում է, որ մշակույթի նախարարության ենթակայության մեր գրադարանում ամեն ինչ արվում է, որ 62 հազար օրինակ գիրքը պահպանվի, բայց միլիոնավոր օրինակներով գրքեր բարձիթողի վիճակում են: Այս հարցին լրջորեն մոտենալ է պետք»,- հավելում է զրուցակիցս: