Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԸ ԽԱԹԱՐՎԵԼ Է

Հուլիս 18,2009 00:00

«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը ուշի-ուշով հետեւել է 2009թ. ավարտական եւ միասնական քննությունների ընթացքին: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այս տարվա քննությունները լուրջ հոգեբանական եւ բարոյական հարված են հասցրել հազարավոր ծնողների, ուսուցիչների եւ, որ ամենավտանգավորն է, խաթարել են շրջանավարտների հավատը պետության ու կառավարության գործունեության հանդեպ:

Ուսումնասիրելով մամուլում եւ հեռուստատեսությամբ հրապարակված կարծիքները, հասարակության մեջ շրջանառվող խոսակցությունները, հասարակության վերաբերմունքը՝ հանգել ենք այն եզրակացության, որ քննությունների թեստերը կազմելու եւ դրանց գաղտնիությունն ապահովելու, քննությունները կազմակերպելու, անցկացնելու եւ արդյունքներն ամփոփելու գործընթացներում տեղ են գտել որոշ իրավական խախտումներ, ինչո՞ւ չէ, գուցե եւ կոռուպցիոն դրսեւորումներ: Բարձրաձայնված երեւույթներն իրավական տեսանկյունից դիտարկելու հորդորով դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին: «Սոցիալական արդարություն» հ/կ-ն հետամուտ է լինելու վերոնշյալ հարցերի բացահայտմանը՝ նպատակ ունենալով հետագայում վերացնել նման երեւույթների դրսեւորումները ՀՀ կրթական համակարգում եւ նվազեցնելու դրանց բացասական ազդեցությունը մեր կյանքի վրա: Ներկայումս մեր կազմակերպության կողմից մշակվում են նշված երեւույթների մասին մեզ հասցեագրված ծավալուն տեղեկությունները, որի արդյունքում համապատասխան առաջարկություններ կներկայացնենք պատկան մարմիններին եւ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

ՀՀ-ում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելու, մասնավորապես՝ կրթական համակարգը նման երեւույթներից մաքրելու համար դիմում ենք մեր հասարակության այն անդամներին, որոնք առնչվել են միասնական քննություններին (մասնագետներին, ուսուցիչներին, ծնողներին, դիմորդներին, հսկիչներին, կազմակերպիչներին) եւ խնդրում ենք մեզ տրամադրել իրենց ունեցած փաստերը, դիտողությունները, կոռուպցիոն երեւույթների վրա լույս սփռող բոլոր դիտարկումները:Մեր տրամադրության տակ ունենալով նշված երեւույթների մասին ամբողջական տեղեկություններ, ինչպես նաեւ ձեր առաջարկությունները՝ մենք հնարավորություն կունենանք առավել արդյունավետ պայքար ծավալելու հնարավոր բացասական երեւույթների դեմ եւ աջակցելու պետական այն կառույցներին, որոնք կոչված են եւ շահագրգիռ են պայքարելու կոռուպցիոն բոլոր դրսեւորումների դեմ:

Ձեզ հայտնի փաստերը, տեղեկությունները, կարծիքները եւ առաջարկությունները կարող եք ուղարկել հետեւյալ հասցեներով՝

Ամիրյան փ. 3-25, էլ. փոստ՝ [email protected] կամ հայտնել 51-82-34 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել