Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՅՍՆ» ՈՒ «ՍՏՎԵՐԸ»

Հուլիս 18,2009 00:00

\"\"Քննարկում են մանկավարժները, ծնողները, դիմորդները

Ավարտվեցին միասնական պետական քննությունները, որոնք վերջին շրջանում դարձել էին հասարակության ամենաթեժ քննարկումների առարկան: «Առավոտին» իրենց կարծիքները փոխանցեցին տարբեր օղակներ: Զրուցեցինք «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանի եւ փոխտնօրեն Լեւոն Ասատրյանի հետ: Նրանք խոսեցին բուհական ընդունելության քննությունների միասնական համակարգի դրական կողմերից եւ թերություններից՝ գալով այն եզրակացության, որ համակարգը դրական է, բայց դեռ հղկման կարիք ունի: Անցնելով թերություններին՝ պարոն Վարդանյանը նշեց. «Որոշ դեպքերում եղել է ուղեցույցների հետ թեստերի անհամապատասխանություն. ըստ ուսուցիչների՝ շեղումներ են եղել ուղեցույցներից: Պետք է քննական թեստերում ընդգրկված առաջադրանքների քանակն ու քննությանը հատկացվող ժամաքանակը համապատասխանեցնել՝ ելնելով միջին աշակերտի հնարավորություններից: Ամենամեծ թերություններից մեկն էլ քննասենյակներում եղած աղմուկն է. մեր երեխաներից շատերը դժգոհոմ էին հենց դրանից: Ուզում եմ նշել նաեւ, որ հանրակրթության ընդհանուր մակարդակը գոնե ավագ դպրոցում պայմանավորված է բուհական քննությունների պահանջով: Ուստի այդ հանգամանքը պետությունը պիտի օգտագործի՝ որպես հզոր լծակ, որ բարձրացնի հանրակրթության մակարդակը: Կուզեի, որ ինֆորմատիկա առարկայից ընդունելության քննություններ մտցվեն, ինչի արդյունքում մի քանի տարում հանրակրթությունը եւ հասարակությունը թռիչք կապրի այդ ոլորտում: Ցավոք, անորակ թեստերի շուկայի բազմազանությունը հաճախ ապակողմնորոշում է երեխաներին»: Պարոն Ասատրյանն էլ թերություների շարքում նշեց. «Բողոքարկման արդյունքում եղել են դեպքեր, երբ սխալ կազմված թեստերի հետեւանքով մասսայական կերպով գնահատականներ բարձրացվեցին: Ուստի այն երեխան, որը մտածել եւ այդ առաջադրանքը ճիշտ է գրել, արդյունքով հետ է ընկել: Դրա համար թեստը պիտի ի սկզբանե ճիշտ կազմվեր»: Համակարգի դրական կողմերից պարոն Վարդանյանն առանձնացրեց. «Սրանք փոքր թերություններ են նախորդ համակարգում տեղ գտածների հետ համեմատած: Ամենակարեւորն այն է, որ այս տարի որեւէ աշակերտ չի ապրել այնպիսի խորը հիասթափություն, ինչպես նախորդ տարիներին՝ կապված այն բանի հետ, որ իր ճիշտ կատարած առաջադրանքը սխալ էր գնահատվում: Հիմնականում աշակերտը դժգոհում էր ինքն իրենից, իսկ, որպես կանոն, արդյունքների հրապարակումից հետո այդ դժգոհությունն էլ էր անցնում, երբ աշակերտը համեմատում էր իր ստացած գնահատականը: Հիմա երեխան կարող է իր գրածը պատճենել եւ դուրս հանել: Ուստի գրածին համապատասխան գնահատական նա միշտ կստանա: Վերջապես ուսուցիչներն ու դասախոսները ամռանը գոնե ժամանակ կունենան հանգստանալու, աշխատելու իրենց վրա, այն դեպքում, երբ անցյալ տարիներին ամբողջ ամառ չարչարվում էին: Այս համակարգի շնորհիվ մտածող, տրամաբանող երեխան արժանի գնահատական կարող է ստանալ: Լավ է, որ այժմ երեխան անմիջապես իմանում է իր գնահատականը, թեստերի ճիշտ պատասխանները, ինչի շնորհիվ պակասում են սթրեսները»:

Իսկ բանակից զորացրված դիմորդ Արա Գրիգորյանն ասաց. «Այս համակարգով քննություն հանձնելիս ողջ գիտելիքներդ է ստուգվում, ու եթե որեւէ թեմա լավ չես յուրացրել, այն ճակատագրական դեր չի ունենում, իսկ նախորդ քննական համակարգով տոմսում կարող էին ընդգրկված լինել թեմաներ, որոնք լավ չէիր կրկնել կամ յուրացրել, բայց առարկան լավ գիտեիր, սակայն բախտի քմահաճույքի պատճառով կարող էիր լավ գնահատական ստանալ կամ ոչ՝ ոչ լիարժեք ներկայացնելով գիտելիքներդ»: Հրազդանցի Շողիկ Հովակիմյանն էլ ԳԹԿ-ին ուղղած նամակում հիշեցնելով հայոց լեզու եւ գրականություն առարկայի թեստերի թերությունները՝ նշում է. «Թույլ տվեք շնորհակալւթյուն հայտնել հետաքրքիր, մշակված թեստի համար: Հարցերը ոչ մեխանիկական են, տրամաբանված, դիպուկ, գիտելիք են ստուգում, ոչ թե անգիր: Միտումը պարզ է՝ ՀՀ քաղաքացին պետք է կարողանա մտածել, պետք է կարդա (այն էլ մի քանի անգամ) հայ գրականության ծրագրային ստեղծագործությունները: Աշակերտը դժվարությամբ պիտի կարողանա ստանալ բարձր՝ 18-20 գնահատական»:

Ծնող Նաիրա Երիցյանն էլ ԳԹԿ-ին ուղղած նամակում շնորհակալություն է հայտնում հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքից իր կորցրած հավատը քննակարգի նկատմամբ վերականգնելու համար եւ գրում. «Միասնական քննական համակարգը շուտով կհամոզի բոլոր թերահավատներին, որ այն նախկին քննակարգի անաչառ այլընտրանքն է: Քննություններից առաջ միեւնույն է՝ հուզվում էինք, բայց թերահավատ չէինք, քանի որ համոզիչ կերպով մեզ բացատրվել էր, որ քննություն հանձնողը ստանում է այնքան միավոր, որքանի պատասխանում է»:

«Մանկավարժական նախաձեռնություն» հ/կ-ի անդամները դիտարկումներ են անցկացրել ՀՀ բազմաթիվ քննական կենտրոններում՝ Կապան, Գորիս, Արտաշատ, Իջեւան, Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Գավառ, Չարենցավան: Նրանք եկել են այս եզրակացությանը. «Միասնական քննությունների անցկացման գործընթացն ունի լուրջ առավելություն՝ սուբյեկտիվ գործոնի խիստ նվազեցում: Աշակերտը հնարավորություն ունի դրսեւորել իր գիտելիքները եւ ստանալ համապատասխան գնահատական: Միասնական քննությունների անցկացման համար խոցելի ենք համարում այն, որ քննություններն անցկացվում են մարզերում՝ միաժամանակ ընդգրկելով մեծ թվով մարդկանց, ինչն էլ բարդացնում է վերահսկողությունը: Որպես այս խնդրի լուծում՝ առաջարկում ենք ուսումնասիրել պերմանենտ քննությունների անցկացման մեխանիզմը: Ցանկալի կլիներ, որ քննական կենտրոնի ղեկավարը, ԳԹԿ ներկայացուցիչն ու նախարարի լիազորն անցնեին վերապատրաստման համապատասխան դասընթացներ եւ որակավորվեն: Քննական կենտրոնների նախապատրաստական աշխատանքներում նկատել ենք մի շարք թերություններ: Որոշ դեպքերում քննական կենտրոնները բավարար չափով նախապատրաստված չեն բնականոն, որակյալ քննությունների անցկացման պահանջներին (նստարանների խիտ դասավորվածություն, ոչ բավարար մեկուսացվածություն, ոչ ճիշտ տեղերում հեռուստացույցների տեղադրում, սանհանգույցների վիճակը, ծնողների աղմուկը եւ այլն)»:

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վ. Մկրտչյանն էլ ԳԹԿ տնօրենին շնորհակալություն հայտնելով՝ գրում է. «Քննությունների ընթացքը եղել է արդար եւ թափանցիկ: Մասնավորապես ողջունելի է, որ քննական կենտրոնների ղեկավարները, ԳԹԿ ներկայացուցիչները եւ նախարարի լիազորները փայլուն տիրապետում էին քննությունների անցկացման կանոնակարգին եւ ընթացակարգին: Բայց որոշ մարզերում քննասենյակներն այնքան էլ հարմարավետ չէին, որոշ դպրոցների մարզադահլիճներ (որոնք քննասենյակներ էին) վերանորոգված չէին, նույնիսկ բացակայում էին ապակիները: Որոշ դպրոցներում քննասենյակներ էին համարվում նաեւ միջանցքները, որը անհարմարավետ էր քննական գործընթացը անցկացնելու համար: Որոշ տեղերում (Գավառ, Արմավիր, Գյումրի, Կապան) կազմակերպիչները հստակ չէին տիրապետում իրենց անելիքին: Թերություն եմ համարում նույնատիպ թեստերի առկայությունը, որը հնարավորություն է տալիս շրջանավարտներին իրար օգնելու»:

Խ. Աբովյանի անվան դպրոցի քիմիայի ուսուցիչ Նոնա Հոբոսյանն էլ նշում է. «Քիմիա» առարկայից միասնական քննություն այս տարի իրականացվեց առաջին անգամ: Գաղափարը լրիվ ընդունելի էր, քանի որ ապահովված էին ամենակարեւոր երկու պայմանները՝ հավասարությունը եւ անկողմնակալությունը: Թե՛ ավարտական, թե՛ միասնական քննությունների թեստերը կազմված էին գրեթե անթերի, ձեւակերպումները հիմնականում հստակ էին եւ համապատասխանում էին դպրոցական ծրագրի պահանջներին: Հարցերը հետաքրքիր եւ բազմաբովանդակ էին, ունեին տեսական եւ կիրառական բնույթ: Ավարտական քննության անցկացման այս ձեւի շնորհիվ դպրոցներում տարեսկզբից լուրջ ուշադրություն դարձվեց առարկայի դասավանդման բարելավմանը, ինչին նպաստեցին նաեւ ԳԹԿ ընթացիկ ստուգման թեստերը»:

Եղվարդի, Նոր Հաճընի, Էջմիածնի, Հրազդանի, Չարենցավանի մի շարք ուսուցիչներ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին գրում են, որ մի քանի հեղինակային խմբերի ձեռնարկները, ինչպես նաեւ ԳԹԿ-ի կողմից հրատարակված կամ երաշխավորված ձեռնարկները շատ են օգնում դիմորդներին եւ ուսուցիչներին. «Այս քննակարգը նպաստում է աշակերտի ընթերցանության խթանմանը: Տարիներ շարունակ աշակերտը բուհ էր ընդունվում առանց «Սամվել», «Գեւորգ Մարզպետունի», անգամ Տերյանի մեկ բանաստեղծություն կարդալով: Այսուհետ ուսուցիչը չպիտի բավարարվի միայն դասագրքում տրված գիտական բացատրության իմացությամբ գնահատել աշակերտին, այլ պետք է հասնի նրան, որ աշակերտը ոչ միայն կարդա, այլեւ կարողանա սեփական դատողություններով վերլուծել գեղարվեստական նյութը»: Թիվ 114 դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Գրիգորյանն էլ, անդրադառնալով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեղամ Գեւորգյանի հայտնագործած «ասույթների փնջին», գրում է. «Ասույթների փնջով առաջադրանքները բացահայտում են ստուգվողի ոչ թե առանձին կցկտուր գիտելիքները, այլ մաթեմատիկական օբյեկտի վերաբերյալ ամբողջական պատկերացումների որակը: Ասույթները փոխկապակցված են եւ միասին պետք է ներկայացնեն ամբողջություն: Հենց այս տեսանկյունից է հոգեբանական հարց ձեւակերպվում. այս նոր տեսակը բացահայտում է մաթեմատիկական գիտելիքների որակը եւ անձի խառնվածքը»: Իսկ ծնող Հռիփսիմե Հակոբյանն էլ նկատում է. «Երբ ԳԹԿ-ն դեկտեմբերին եւ մարտին անցկացրեց ընթացիկ գնահատում, ու Մանուկ Մկրտչյանը հայտարարեց, որ աղետալի է, երբ հանրակրթության միջին մակարդակը այդպիսի միավորներ է գրանցում, այդ ժամանակ ոչ մի բուռն քննարկում չծավալվեց ոչ ծնողների, ոչ ուսուցիչների մոտ: Միայն անդադար թմբկահարվեց. նախարարությունը մեզ չի ապահովել թղթերով, որպեսզի թեստերը բազմացնենք. ծնողներն էլ այդ առիթով դրամահավաքության մասին էին միայն ահազանգում: Իսկ հիմա, երբ քննություններն ընթացքի մեջ են, ի՞նչ արժեք ունեն հուզումնալից հրապարակային ելույթները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել