Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորումն ամենախիստ տեսակն է

Հուլիս 18,2009 00:00

Քրեական գործի վարույթն իրականացնելիս հաճախ հանցանք կատարած անձը՝ կասկածյալը կամ մեղադրյալը, թաքնվում է քրեական վարույթը կատարող մարմիններից, խոչընդոտում մինչդատական վարույթի եւ դատարանում գործի քննությանը, նոր հանրավտանգ արարքներ կատարում եւ այլն:

Հիշյալ անցանկալի վարքագիծը խափանելու եւ կանխելու համար օրենսդիրը նախատեսել է խափանման միջոցներ (Քրեական դատավարական օրենսգրքի 134 հոդված):

Խափանման միջոցներից կալանավորումը համարվում է ամենախիստ տեսակը (հավասարազոր է ազատազրկմանը), ընդ որում, նրա գործածումը համարվում է ներխուժում միջազգային համաձայնագրերով եւ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մարդու եւ քաղաքացու քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների եւ անձեռնմխելիության ոլորտների մեջ:

Այս առումով էլ Սահմանադրությունը սպառիչ սահմանել է մարդուն ազատությունից զրկելու թույլատրելի դեպքերը եւ պատճառները՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը, կատարելուց հետո հանցավորի փախուստը կանխելու անհրաժեշտությունը (ՀՀ սահմանադրության թիվ 16 հոդվածի 4-րդ մաս):

Նկատենք, որ հանրապետությունում վերելք է ապրում կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը կիրառելու պրակտիկան: Հարկադրանքի միջոցը կիրառելիս քրեական հետապնդում իրականացնող մարմինները եւ դատարանը անտեսում են հանցավորին վերագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը, առողջական վիճակը եւ այլ էական հանգամանքների պատշաճ գնահատումը, ըստ որում, կիրառում են դրանց ակնհայտ անհամապատասխան եւ անհամաչափ հարկադրանքի տեսակը (հարկ եղած դեպքերում էլ սարքում են կալանավորման հիմքեր), իսկ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններով մեղադրյալին կալանքից ազատելու այլընտրանքը՝ գրավը, հազվադեպ է կիրառվում:

2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող, ապա ինքնակամ իրավպահներին ներկայանալուց հետո կալանվել է Նիկոլ Փաշինյանը: Կալանավորումը կիրառվելու է Խաչատուր Սուքիասյանի եւ մյուս հետախուզվողների նկատմամբ, ինչը չի բացառում, որ նոր ընդվզումների առիթ դառնա:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոչ է արել կասեցնել այդ գործով հետախուզվողների նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Բարի ցանկություն է, մինչդեռ օրենքով նման սահմանում չկա:

Իմ պատկերացմամբ, մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ, հետախուզվողների կամովին ներկայանալու առաջարկը տրամաբանական է: Ըստ որում, եթե հետախուզվողն ինքնակամ ներկայանա, ինքնաբերաբար վերանում են խափանման միջոցը կիրառելու՝ Սահմանադրությամբ եւ Քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված պատճառը եւ հիմքերը, մասնավորապես՝ քննությունից թաքնվելը, նոր հանրավտանգ արարք կատարելու հանգամանքը եւ այլն: Շեշտենք, որ հետախուզվողներին համաներման հորդորելու նախաձեռնողն իշխանություններն են, իսկ եթե հետախուզվողը ինքնակամ ներկայանա եւ առանց սահմանադրական եւ դատավարական հիմքերը հաշվի առնելու քրեական հետապնդում իրականացնող մարմինները եւ դատարանը նրան անակնկալ կալանավորեն՝ անկասկած, գործ ունենք նախապատրաստված դավադրության հետ: «7-ի» գործով վարույթից անջատված մասով «հետախուզվողների» նկատմամբ կալանավորում կիրառելը ապօրինություն է: Բազմիցս նշել եմ, որ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորումը կիրառելու դատարանի որոշումները անվավեր են, որովհետեւ մեղադրյալներին վերագրված հանցավոր արարքները քրեազերծվել են: Բացի այդ, մեղադրյալներին վերագրված հանրության համար վտանգավոր արարքները ապաքրեականացվելուց հետո մինչդատական վարույթ իրականացնողը՝ քննիչը կամ դատախազը, այլեւս նրանց նկատմամբ հարկադրանքի միջոց՝ կալանավորումը կիրառելու միջնորդությամբ դատարան չեն հայցել (Քրդատավարության օրենսգրքի թիվ 136 հոդված):

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել