Ինչպես երեկ «Առավոտին» տեղեկացրեց ՀՀՇ ակտիվիստներից մեկի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի մարզային շտաբի պատասխանատու Մուրադ Գրիգորյանի կինը՝ Նաիրա Գրիգորյանը, մոտ օրերս ընդհատակից դուրս կգա նաեւ իր ամուսինը:
Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյան-Պետրոս Մակեյան-Շոթա Սաղաթելյան եռյակի հետ համատեղ, նույն շինծու մեղադրանքով՝ 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 5-րդ կետերով, քրգործ էր հարուցվել նաեւ Մուրադ Գրիգորյանի դեմ: Նկատենք, որ եռյակի դատավարությունների ժամանակ բոլոր վկաները միաբերան պնդեցին, որ Մուրադ Գրիգորյանին Գյումրիի թիվ 41 դպրոցում տեղակայված 34/06 ընտրատեղամասում ընդհանրապես չեն տեսել եւ զարմացան՝ լսելով, որ նրան եւս մեղադրում են ընտրությունների բնականոն ընթացքը սպառնալիքներով ու հայհոյանքներով խանգարելու մեջ: Նկարահանված տեսանյութում եւս ակնհայտ երեւում է, որ մի պահ քաղաքակիրթ ձեւով ընտրատեղամաս մտնելով՝ Մուրադ Գրիգորյանը Պետրոս Մակեյանի հետ թեւանցուկ դուրս է եկել: Իսկ տեղամաս մտնելը եղել է իր իրավունքների մեջ, քանի որ ապօրինի լցոնումների մասին ահազանգ է հնչել, իսկ նա որպես պատասխանատու պարտավորվել է ճշտել:
Ամենայն հավանականությամբ, Մուրադ Գրիգորյանը եւս կընկնի համաներման տակ, քանի որ իր երեք ընկերները նույն հոդվածով արդեն իսկ դատապարտվել ու համաներվել են: