Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիայի նախագահը «Առավոտին» օրեր առաջ հայտնել էր. Արարատի մարզի Արարատի գյուղապետ Գրիշա Մելքոնյանը օրենքի խախտումով կազմակերպել է աճուրդ եւ 20 000 դրամով 0,275 հա գյուղատնտեսական նշանակության տարածքը վաճառել է մի մարդու, այն դեպքում, երբ այդ տարածքը 1992-ին մաքրել եւ բարեխղճորեն օգտագործել է Արեւիկ Առաքելյանը: Գյուղապետը աճուրդից 1 տարի հետո Առաքելյանից պահանջել է 1994-2008թթ. հողի վարձավճարը:
Կատարվածի մասին Արեւիկ Առաքելյանը տեղեկացնում է մարզի դատախազին: Օրեր առաջ գյուղապետի նկատմամբ քրեական գործը մերժելու մասին որոշում է կայացվում: Քննիչ Ա. Հովհաննիսյանը, ըստ փաստաբան Խ. Մարոզյանի, լիարժեք քննություն չի տարել, չի հաստատվել այն, որ Արեւիկի եւ այդ հողատարածքը աճուրդով գնած քաղաքացու միջեւ նոտարական վավերացմամբ ձեռք բերված համաձայնություն է եղել: Ըստ փաստաբանի, այդ գործարքը հաստատող որեւէ փաստաթուղթ գործում չկա:
Խ. Մարոզյանը մեջբերում է «ՀՀ հողային օրենսգրքի» 72 հոդվածի 2 կետը. այն քաղաքացիները, որոնք 10 տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձեւակերպմամբ օգտվում են պետության եւ համայնքային հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք: