Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավագույն դեպքում՝ թարս են նայում

Հուլիս 18,2009 00:00

«Դարձել ենք Թումանյանի Գիքորը: Հերթափոխի ընթացքում մեր աշխատանքը թողած, կտրում ենք մետրո մտնող ամեն ուղեւորի առաջը, ասում՝ էստի համեցեք, ձեռք բերեք էլեկտրոնային քարտ»,- հասկանալի պատճառով չցանկանալով ներկայանալ, «Առավոտին» բողոքեցին մետրոպոլիտենի որոշ աշխատակիցներ:

Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների ամենաուշագրավ տեղերում փակցված էին էլեկտրոնային քարտերի ձեռքբերման կոչերով ցուցապաստառներ: Հսկիչը բարձրախոսով ջանասիրաբար, պարբերաբար հայտարարում է այդ մասին: Սակայն, աշխատակիցների տեղեկացմամբ, մեր քաղաքացիները առանձնապես ոգեւորված չեն այս նորամուծությամբ եւ մետրոպոլիտենից ամենօրյա օգտվողներն անգամ չեն շտապում ձեռք բերել դրանք: Աշխատակիցների խոսքերով, մետրոպոլիտենի տնօրինությունն «իրենց վրա պլան է դրել իրացնել որոշակի քանակի քարտ, հակառակ դեպքում, կզրկվեն ամսական հավելավճարից»: Աշխատողներն էլ ստիպված կանգնեցնում են բոլոր ուղեւորներին, համոզում, խնդրում, որ ձեռք բերեն էլեկտրոնային քարտ, ինչին ի պատասխան՝ հաճախակի ստանում են անհարկի վիրավորանքներ: Այսպես, օրինակ, «Գիտենք, տեսնում ենք, քարտն էլ դրամարկղի մոտ փակցված է, գովազդվում է: Եթե ուզենք՝ կառնենք» կամ «ի՞նչ եք ամեն օր կանգնեցնում, չհոգնեցի՞ք», «եթե տասն անգամ երթեւեկելու համար 500 դրամ եմ վճարելու՝ զեղչ չկա, ինչի՞ս է պետք, էն ա ամեն անգամ կվճարեմ՝ կերթեւեկեմ»: Բացատրում ենք, որ խաղարկություն է լինելու, անակնկալ կա, սակայն դա էլ չի օգնում: Լավագույն դեպքում թարս են նայում, անցնում»: Աշխատակիցները գտնում են, որ այս հարցը կարելի է լուծել ավելի քաղաքակիրթ ձեւով, գովազդել ռադիոյով, հեռուստատեսությամբ, իսկ իրենց հանգիստ թողնեն, քանի որ առանց այդ էլ ցածր են վարձատրվում եւ աշխատանքային պայմաններն էլ բավարար չեն. սենյակները խոնավությունից փտում են. «Ո՛չ նորմալ կահույք կա, ո՛չ նստելու աթոռ: Կախած համազգեստը մի ժամ թափ ենք տալիս՝ նոր հագնում, որ մեջը հանկարծ կարիճ կամ մողես չլինի: Իսկ միջատներն անպակաս են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել