Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղդամը՝ բաժանարար գիծ ՀԱԿ-ում

Հուլիս 18,2009 00:00

\"\"Մի մասը գտնում է, որ դա մեր հայրենիքն է, մի մասը՝ ոչ

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը, որ «Աղդամը մեր հայրենիքը չի», ես միանգամայն համաձայն եմ այդ հայտարարության հետ, միանգամից ասեմ, իսկապես՝ Աղդամը մեր հայրենիքը չէ»,- ըստ tert.am-ի, երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։ Շարունակելով՝ ընդդիմության ներկայացուցիչն ասել է. «Ինչ վերաբերում է տարածքների վերադարձին, եթե ավելի պարզ ասեմ, այո, այդ տարածքները հայկական կողմից ազատագրվել են որպես անվտանգության գոտիներ, եւ ուշ թե շուտ հայկական ներկայությունն այդտեղ պիտի փոխարինվեր կամ պիտի փոխարինվի միջազգային անվտանգության համապատասխան երաշխիքներով եւ համապատասխան խաղաղապահ կոնտինգենտով։ Խոսքը չի վերաբերում Լաչինին եւ Քելբաջարին, որոնք գտնվում են ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, դրանք պետք է մնան հայկական վերահսկողության տակ առնվազն մինչեւ ԼՂՀ կարգավիճակի հստակեցման հարցը։ Մյուս հայկական տարածքները, բնականաբար, ենթակա են հայկական զինուժի կողմից ազատման։ Դա իմ անձնական կարծիքն է»։

Պարոն Սուրենյանցի այս հայտարարությանը արձագանքել են նրա ընդդիմադիր գործընկերները: «Այն հայտարարությունը, թե տարածքներն ազատագրվել են, որ հետագայում առեւտրի առարկա դարձնենք, Սերժ Սարգսյանն արդեն 5-6 տարի առաջ արել էր։ Այդ ժամանակ մենք հակադարձել էինք Սերժ Սարգսյանին, եւ նա չէր կարողացել մեր հակադարձմանն արձագանքել։ Հիմա Սուրեն Սուրենյանցն է կրկնում Սերժ Սարգսյանին, եւ դա նրա խնդիրն է։ Բոլորս գիտենք, որ ՀԱԿ-ում արցախյան հարցի հետ կապված երկու կարծիք կա։ Մեկը փոխզիջումների կարծիքն է, սակայն, եթե այդ մարդիկ փոխզիջումը հասկանում են Մադրիդյան սկզբունքների շրջանակում, ապա ինձ համար զարմանալի է, թե այդ մարդիկ ինչո՞ւ են գտնվում ընդդիմության դաշտում։ Եթե նրանք Սերժ Սարգսյանի հետ համակարծիք են, ավելի լավ կլինի գնան Սերժի մոտ»,- ըստ 7or.am-ի, Սուրեն Սուրենյանցի հայտարարության վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Հայ կամավորականների համախմբման ազգային նախաձեռնության համակարգող, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նույն կայքի համաձայն, ՀԱԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ, ՍԴՀԿ վարչության անդամ Վահան Շիրխանյանը այսպես հակադարձեց Ս. Սուրենյանի կարծիքին. «Ես ոչ միայն համամիտ չեմ, այլեւ նման տեսակետների արտահայտումը համարում եմ անթույլատրելի եւ վտանգավոր։ Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, բարձր պաշտոնյաներ ոչ վաղ անցյալում նույն երգն էին երգում, թե Մադրիդյան սկզբունքները մեզ համար բարենպաստ են։ Միայն վերջին մի շաբաթում է, որ մի քիչ լռել են: Եվ ինձ համար շատ տարօրինակ է, որ նույնիսկ նման զարգացումներից հետո Սուրենը այդպիսի բաներ է ասում։ Ի՞նչ նպատակ է հետապնդվում։ Եթե նպատակն այն է, որ աջակցեն իշխանություններին, որպեսզի նրանք հանգիստ ծրագրեն եւ ասեն, որ ամբողջ հասարակությունն իրենց հետ է, ապա ես դա անթույլատրելի եմ համարում։ Նույնիսկ իշխանությունը երեք նախագահների հայտարարությունից հետո ինքն է հասկացել, որ դա հակահայկական ծրագիր է»,- Սուրեն Սուրենյանցի՝ «Մադրիդյան սկզբունքները կարող են կարգավորման հիմք դառնալ, իսկ հայկական կողմից ազատագրված տարածքներն ազատագրվել էին  անվտանգության համար, եւ, վաղ թե ուշ, այնտեղ պետք է խաղաղապահ ուժեր տեղակայվեին»,- ասաց պարոն Շիրխանյանը։ Նա նաեւ նշել է, թե չի կասկածում, որ Սուրեն Սուրենյանցի կարծիքը համընկնում է «Հանրապետություն» կուսակցության կարծիքին, սակայն համոզված է, որ այդ կարծիքը 80 տոկոսով չի կիսում հայ ժողովուրդը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել