«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հետեւյալն է՝ մենք կարծում ենք, որ բանակցությունների նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Եվ եթե այս խնդիրը դրվում է, խնդրի լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ու առաջընթաց կա, ապա մնացած հարցերում հնարավոր են զիջումներ»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Բեռնար Ֆասիեն հույս էր հայտնել, թե Մոսկվայում կորոշակիացվեն 15 կետից բաղկացած Մադրիդյան սկզբունքների այն 2 կետերը, որոնք ճշգրտվել են դեռ հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիոն իր գործընկեր ուժին գուցե տեղեկացրե՞լ է, թե այդ ինչ 2 կետերի մասին է խոսքը: «Ես որեւէ նման տեղեկատվության չեմ տիրապետում,- պատասխանեց Արամ Սաֆարյանը:- Միայն մի բան կարող եմ ասել՝ վերջին օրերի խոսակցությունը, որի շուրջ կա համաձայնություն կոալիցիայի մեջ, այն է, որ ԼՂՀ միջազգային ճանաչման փոխարեն կամ դրա հաշվին ո՛չ մի համաձայնություն ձեռք չի բերվելու: Եվ կա վստահեցում, որ բանակցությունների հիմքում ԼՂՀ անկախության ճանաչմանն ուղղված դիվանագիտական քայլերն են»:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նաեւ անդրադարձավ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հայտարարություններին, թե իրենք չեն բացառում, որ կպահանջեն նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ եթե նա Մոսկվայում ստորագրի Մադրիդյան սկզբունքները պարունակող փաստաթուղթ. «Ո՛չ մի հրաժարականի մասին այս փուլում խոսակցություն չի կարող լինել, հենց այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի քաղաքականության այս ծիրի մեջ մենք տեսնում ենք միայն մի հեռանկար, որ նա կարող է ձախողել բանակցությունները եւ հայտարարել այս առաջարկությունների փաթեթը չընդունելու մասին»: Արամ Սաֆարյանը հավելեց. «Դրա համար անիմաստ է պահանջել ինչ-որ հրաժարականներ կամ սրել ներքաղաքական իրադրությունը, որի մեղավորը, փաստորեն, մենք չենք»: