Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում երեկ 17:10-ին սկսվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունները, որոնք տեւեցին 3 ժամ 40 րոպե: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ նախագահների հանդիպումը սկսվել էր երկու երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ. «Այնուհետեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որից հետո բանակցություններին կրկին միացել են համանախագահները եւ ԱԳ նախարարները»: Հանդիպումից հետո նախագահները որեւէ հայտարարությամբ հանդես չեկան: Եվ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակն էլ բանակցությունների բովանդակության մասին միայն հաղորդել է. «Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանձնարարել են արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ տանել նախագահների՝ այս աշնանը հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ»:
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ լրագրողներին պարզաբանումներ են ներկայացրել Մինսկի խմբի համանախագահները: Յուրի Մերզլյակովը հայտնել է, թե սկսվել է այն հարցերի քննարկումը, որոնց կողմերը չէին անդրադարձել նախկինում: «Բարձր մակարդակով հանդիպումները շարունակվելու են: Օգոստոսին Մեթյու Բրայզան մտադիր է այցելել տարածաշրջան, ապա սեպտեմբերին տարածաշրջան կայցելի նաեւ Ֆասիեն: Իսկ սեպտեմբերի վերջին արդեն կկայանա համանախագահների միասնական այցը տարածաշրջան»,- ըստ «ԱրմԻնֆո»-ի՝ ասել է նա, հավելելով, թե արդեն հոկտեմբերին հնարավոր կլինի կազմակերպել Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպումը:
Բեռնար Ֆասիեն հայտնել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց կա, սակայն Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նախագահների վերջնական հավանությունը համանախագահները դեռ չեն ստացել. «Մենք աստիճանաբար մոտենում ենք նշված սկզբունքների հավանությանը արժանանալուն»: Իսկ Մեթյու Բրայզան հայտնել է, որ հանդիպումը բավականին խորը բնույթ է կրել եւ ավելի որոշակի է եղել: Ըստ նրա՝ սա առաջին դեպքն է, երբ նախագահները հարցերն այդքան բաց են քննարկել եւ ակտիվորեն կարծիքներ փոխանակել. «Ես չեմ կարող ասել, որ ամեն ինչ գերազանց է, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է եւ կարեւոր փուլում է»: Նաեւ ասել է, որ համեմատած նախորդ հանդիպումների հետ, այս անգամ, համենայնդեպս, ոչ մի հետզարգացում չի գրանցվել:
Յուրի Մերզլյակովը հայտնել է, թե ԼՂՀ-ին բանակցային գործընթաց ներգրավելու հարցը չի քննարկվել, քանի որ այն չի եղել օրակարգում: «ԼՂ կողմի մասնակցությունը պետք է լինի այն փուլում, երբ հիմնարար սկզբունքները հավանության արժանանան, քանի որ հիմնարար սկզբունքների վերանայման մասին հայտարարությունները մեզ ձեռք չեն տալիս»,- ըստ tert.am-ի՝ ասել է Մերզլյակովը: Մեթյու Բրայզան լրացրել է. «Մենք տեղյակ ենք ղարաբաղյան կողմի կարծիքներին: Դրանք ներառված են բանակցություններում: Նրանց տեսակետը բացառված չէ գործընթացից: Մենք հաշվի ենք առնում Ղարաբաղի մեր ընկերների մտահոգությունները: Առանց դրա համաձայնությունն անհնար է»:
Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւն այսօր եւս մեկ հանդիպում կանցկացնեն՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ: