Փաստահավաքում նրան ուղղված հարցերը «խուճուճ» էին եղել
2009 թ. ապրիլին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի կողմից այդ օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած «օպերացիայի» վերաբերյալ տրված պարզաբանումները հաստատում են ընդդիմության կողմից բազմիցս արված այն պնդումները, թե Հայաստանում, որպես այդպիսին, իրավապահ մարմին, առավել եւս՝ գրագետ գործող, պարզապես չկա: Կա տնավարի աշխատող, ոչ պրոֆեսիոնալ, իր իրավասությունների ու պարտականությունների սահմանը չճանաչող եւ իշխանությունների կամակատար կառույց: Այսպես, Խմբում Սաշիկ Աֆյանի ասածներից պարզ է դառնում, որ ՀՀ ոստիկանության տարբեր կառույցներ, որոնք 2008թ. մարտի 28-ին ՀՀ ոստիկանապետի հրամանով օպերատիվ շտաբ էին ձեւավորել՝ Ազատության հրապարակում, իբր, զենք-զինամթերքի կուտակման մասին նույն օրը նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից (ՔՀԳՎ) ստացված «հավաստի» տեղեկություններն իրացնելու ծրագիր մշակելու համար, մինչեւ մարտի 1-ի վաղ առավոտյան մեծամասշտաբ «օպերացիան» իրականացնելը մտմտացել էին միայն այն մասին, թե ոստիկանության ո՞ր ստորաբաժանումից քանի՞ մարդ հետները վերցնեն: Այսպիսի պնդում կարելի է անել, որովհետեւ օպերատիվ շտաբը գլխավորած պարոն Աֆյանը Խմբում հայտարարել էր, թե իրենք շտաբում տեղեկություններ չեն ունեցել ո՛չ այդ կուտակվող զենք-զինամթերքի մասշտաբների, ո՛չ դրանք հրապարակ բերողների, ո՛չ այդ զենքերի տեղակայման ու տեղափոխման ձեւերի մասին:
«Էդ հավաստիություն որ ասում եք, ինչքա՞ն էր հավաստի»: Խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի այս հարցին Աֆյանը խոստովանել էր, թե՝ «չգիտեմ, չեմ կարող ասել: Մինչեւ տեղազննություն չանեինք, ո՞նց կարող էինք ասել: Ընդհանուր տեղեկություն կար, որ կուտակում են զենք-զինամթերք»: Նա չէր կարողացել որեւէ տրամաբանական պատասխան տալ, թե ինչո՞ւ շտաբի ունեցած «հավաստի» տեղեկությունները կոնկրետություն պարունակելու փոխարեն միայն ընդհանուր են եղել, կամ՝ փորձ չի արվել կանխելու, իբր, զենքի կուտակումը: Թերեւս այն պատճառով, որ այդպիսի եւ այն էլ «հավաստի» տեղեկություններ չեն էլ եղել, որ դրանք կոնկրետացնելու հարկ լիներ: Շտաբն ուղղակի կատարել էր իշխանությունների հրահանգը ու գնացել էր հրապարակ ոչ թե զենք-զինամթերք հայտնաբերելու, այլ այն «մաքրելու ապօրինի» հանրահավաքի մասնակիցներից: Թերեւս հենց այս փաստով է բացատրվում այն, որ, ինչպես Խմբի անդամ Ռոբերտ Ավագանն էր տեղեկացրել, ոստիկանության սպաները իրենց զեկուցագրերում այդ «օպերացիայի» նպատակը տարբեր կերպ են մատուցել: Ոստիկաններին մինչեւ հրապարակ տանելը «ինստրուկտաժ» արվե՞լ է՝ ո՞ւր են գնում, ի՞նչ նպատակով: Ըստ Աֆյանի՝ այո: Բայց թե ինչո՞ւ է «օպերացիային» մասնակցած սպաների մի մասը՝ մոտ 10 հոգի, հայտարարել, թե գնալու նպատակը «հրապարակը մաքրելն» է եղել, Աֆյանը չգիտեր: Միայն ասաց, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, չգիտի, թե ինչու են նման զեկուցագրեր գրվել, ինքը նման հրաման չի տվել ու հաստատ գիտեր, որ «կոնկրետ եղել էր տեղազննություն, ազատելու խնդիր չի եղել»: Այսուհանդերձ, Խմբի՝ նույնիսկ իշխանական թեւի ներկայացուցիչ Ռ. Ավագյանն էր տարակուսել, թե «միասնական շտաբի առկայության եւ միասնական հրաման տալու պարագայում ինչո՞ւ են հակասական զեկուցագրեր գրվել»:
Խմբի անդամ Սեդա Սաֆարյանը փորձել էր պարզաբանումներ ստանալ Աֆյանի՝ դեռ փետրվարի 29-ին ՀՀ ոստիկանապետին ներկայացված այս զեկուցագրի առնչությամբ. «Թատերական հրապարակում ստեղծված իրավիճակից եւ իրավախախտումների բնույթից ելնելով ես՝ ոստիկանության պետի տեղակալ Աֆյանս, ստանալով ոստիկանության պետ Հարությունյանի համաձայնությունը, որոշում կայացրի անհապաղ սկսել խմբակային անհնազանդությունը կանխելու միջոցառումներ»: «Այո»,- իրենից գոհ հաստատել էր Աֆյանը: «Ի՞նչը՝ այո: Ի՞նչ իրավախախտման մասին է խոսքը, երբ դուք կոնկրետություններ չունեիք: Ամսի 29-ն էր: Անհնազանդության ի՞նչ հարց կար, եթե դուք այլ՝ ոչ թե մարդկանց ցրելու նպատակներով էիք գնում»,- վրդովմունքը զսպել չէր կարողացել Ս. Սաֆարյանը: Նա նաեւ հետաքրքրվել էր, թե Ազատության հրապարակում վրանների թվի ավելացումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից սնունդ բաժանելը ինչո՞ւ է մտահոգել շտաբին, դրա՞նք ինչու են դարձել շտաբի՝ փետրվարի 29-ի խորհրդակցության քննարկման առարկան եւ ի՞նչ կապ են ունեցել զենք-զինամթերքի կուտակման հետ: Աֆյանը հասկացել էր հարցի ենթատեքստն ու ցնցող պատասխան էր տվել. «Մենք բոլոր հարցերն ենք քննարկել: Եթե մենք ցրելու նպատակ ունենայինք, ավելի շուտ կցրեինք»: Ս. Սաֆարյանը սրան միայն ավելացրել էր՝ «բայց հրաման ունեցել եք ամսի 1-ին»:
Շարունակելի