Երեկ հայտարարեց «Մարտի 1»-ին հատուկ միջոցների կիրառման զոհ դարձած Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Խաչատրյանը:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ 2008թ. մարտիմեկյան դեպքերի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ քրգործեր հարուցել ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Հիշեցնենք, որ քրգործերից մեկը հարուցվել է ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի հատկանիշներով՝ «զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է…», մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ: Այս հոդվածը, եթե այն «առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8, իսկ երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով»: Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս լուծարված Փաստահավաք խմբում ընդդիմությունը ներկայացնող երկու անդամներ զեկույց էին հրապարակել հենց հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության վերաբերյալ: Հարուցված մյուս գործը՝ ՀՀ ՔՕ 309 հոդվածով, ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առիթով է: Այս մեկը հարուցվել է այն ոստիկանների նկատմամբ, ովքեր մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում վահաններով եւ մահակներով զինված հետապնդել են քաղաքացիներին եւ հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածել նրանցից մեկին, նաեւ մեկ այլ վայրում ոստիկանության աշխատակիցները երկու քաղաքացիական անձանց բերման ենթարկելիս եւ «Վազ 2121» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենան նստեցնելիս բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածելով վերջիններիս: «Այսինքն՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցները դիտավորությամբ կատարել են իրենց լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ՝ զուգորդված բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ»,- եզրակացրել է հիշյալ դեպքերից շուրջ տարիուկես հետո քնից զարթնած ու միայն մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովից սույն կադրերը ստացած դատախազությունը: Հիշեցնենք, ավելի քան մեկ տարի հիշյալ կադրերը տեղադրված են եղել համացանցում, դրանց մասին հրապարակումներ են եղել, այդ թվում՝ մոտ մեկ տարի առաջ ընդդիմության կողմից «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնախմբի կողմից: Վերջինիս պատրաստած եւ այդ օրը ոստիկանության գործողություններին վերաբերող զեկույցը՝ դրան կից կեսժամանոց ֆիլմով, դարձյալ մեկ տարի առաջ փոխանցվել էր ԱԺ հանձնաժողովին: Թե ինչո՞ւ են հատկապես հիմա ակտիվացել հայրենի իրավապահները՝ մնում է ենթադրել:
Արդյոք Խմբի անդամների կողմից հրապարակված զեկո՞ւյցն է ստիպել դատախազությանը տեղից շարժվել: «Կարծում եմ՝ այդ գործը հարուցելու համար այլ շարժառիթներ են եղել. առաջին հերթին՝ միջազգային կառուցներին ցույց տալու համար, որ իրավապահ մարմինների անօրինական գործողություններ իրականացրած ներկայացուցիչներին պատժելու համար էլ ինչ-որ բան են անում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Փաստահավաք խմբի անդամ, հիշյալ զեկույցի համահեղինակ Անդրանիկ Քոչարյանը: Նրա համոզմամբ, այն հոդվածը, որով քրգործ է հարուցվել, բացարձակապես չի համապատասխանում Խմբի՝ իրենց զեկույցում առկա եւ հիմնավորված փաստերին տրված իրավական գնահատականին: «Ես չգիտեմ, թե այս գործը հարուցելուց նախաքննական մարմինն ինչ խնդիր է հետապնդել՝ օբյեկտիվ բացահայտո՞ւմ, թե՞ պարզապես դրա իմիտացիա ստեղծել, բայց անցած տարիուկեսվա ընթացքում՝ Փաստահավաք խմբում եղած ժամանակահատվածում, նաեւ՝ այսօր, մենք ՀՔԾ-ի կողմից բացահայտման գնալու պատրաստակամություն, նպատակաուղղվածություն, քրգործը լուրջ ուսումնասիրելու մտադրություն չենք տեսել»: Ա. Քոչարյանի պնդմամբ, եթե այդպիսի մտադրություն լիներ, ապա նախաքննական մարմինը գործ պիտի հարուցեր ոչ թե այդ հոդվածով, այլ այն մեղադրանքների շրջանակներում, որ ներկայացվել էր զեկույցում եղած եզրակացություններում: Ասել է թե՝ սպանությա՞ն կամ սպանության փորձի՞ մեղադրանքով: «Այո, ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի շրջանակներում, որովհետեւ հատուկ միջոցներից զոհեր եղել են ոչ թե դրանց անզգույշ, այլ՝ կոնկրետ տրված հրամանների արդյունքում կիրառման հետեւանքով: Ամեն կրակոց ունեցել է կոնկրետ հրաման, որի իրականացման արդյունքում մարդիկ են վիրավորվել, զոհվել: Մենք մեր զեկույցում նշել էինք, որ ոստիկանները պարզապես իրավունք չունեին այդ հատուկ միջոցը՝ «Չերյոմուխա-7»-ը, կիրառել բաց տարածքներում, եւ եթե հրամանի առկայության դեպքում այն կիրառվել է, եւ արդյունքում մարդիկ են տուժել, դա այլ բան, քան՝ սպանության փորձ, որակել ես չեմ պատկերացնում»,- ասաց Ա. Քոչարյանը: Նա պնդեց, որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները, իսկ մեղավորները միայն անօրինական հրամաններ կատարողները չեն, այլեւ հրաման տվողները, «ովքեր իմանալով, որ մասսայական վայրերում չի կարելի «Չերյոմուխա 7» կիրառել, հրաման են տվել, որ ոստիկանների զինանոցում լինի այդ ռազմամթերքն ու դրա համապատասխան միջոցը՝ ԿՍ-23 տեսակի կարաբինը»:
Իսկ «Չերյոմուխա 7»-ը կիրառելու անօրինական հրաման տվողները եղել են ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ՈԶ հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, ՀՀ ՈԶ հատուկ նշանակության ջոկատի (1001 զորամաս) հրամանատար Բագրատ Խաչատրյանը, նույն ջոկատի հրամանատարի տեղակալ Մարտիրոս Դավրանյանը, ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Արմեն Անտոնյանը: Հիշեցնենք նաեւ՝ հատուկ միջոցներն անմիջականորեն կիրառողներն են եղել ՈԶ 1033 զորամասի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Մկրտիչ Ղարիբյանն ու Վարդան Սահակյանը, ՈԶ 1001 զորամասի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Ավետիք Աթաբեկյանն ու Լեւոն Հակոբյանը:
Երեկ «Առավոտը» խոսեց նաեւ անցած տարվա մարտի 1-ին այդ հատուկ միջոցների կիրառման արդյունքում սպանված երեք զոհերից երկուսի՝ Գոռ Քլոյանի եւ Տիգրան Խաչատրյանի ծնողների հետ: Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ասաց, թե՝ այն, որ, ի վերջո, քրգործ հարուցվեց իրենց զավակներին սպանած ոստիկանների նկատմամբ, իրեն «մի թեթեւ» ուրախացրել է, եթե, իհարկե, Ս. Քլոյանի ասելով՝ դա իմիտացիա չէ, ինչում նա թերահավատ է: Նա մտավախություն ունի, որ մինչեւ սեպտեմբեր այդ ոստիկանների նկատմամբ կարող է համաներում կիրառվել, ինչը զոհերի հարազատների համար անընդունելի կլինի: Իսկ Ալլա Խաչատրյանը ուղղակի համոզմունք հայտնեց, որ՝ «իշխանությունները մի խորամանկ քայլ մտածել են», երբ որոշել են քրգործ հարուցել: Նա էլ այն կարծիքին էր, որ դա արվել է, որպեսզի ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլեւ իրենց՝ զոհերի հարազատների «բերանը փակվի», որից հետո այդ ոստիկանների նկատմամբ հնարավոր կլինի նաեւ համաներում կիրառել: Ա. Խաչատրյանը միաժամանակ ասաց, թե իրենց չի բավարարի, եթե մեղադրանք առաջադրվի միայն հատուկ միջոցը կիրառած ոստիկաններին. «Դա մեզ չի բավարարի, եթե քրեական պատասխանատվության չենթարկվեն նաեւ հրաման տվողները՝ վերից վար: Իսկ թե ո՞վ է հրաման տվողը՝ մենք գիտենք: Միայն կամակատարին դատելով մեզանից չեն պրծնի»: