Ասում է ԱԺ Բնապահպանության, գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Իշխան Հարությունյանը:
– Մադրիդյան սկզբունքների հրապարակումը բավականին մեծ աղմուկ է առաջացրել. ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը այս սկզբունքների հանդեպ, կիսո՞ւմ եք ձեր գործընկեր հանրապետականների լավատեսությունը:
– Ճիշտն ասած, մեր քաղաքական ուժի համար եւս մադրիդյան սկզբունքները ընդունելի են, որովհետեւ Հայաստանի քաղաքական շրջանակները, քաղաքական վերնախավը, մենք եւս կարեւորում եք երեք հիմնական խնդիր՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ կարգավիճակի հարցը, այն, որ Ղարաբաղը չի կարող ունենալ այնպիսի կարգավիճակ, որը ավելի ցածր կլինի, քան այսօր, երկրորդը՝ Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը եւ, երրորդը՝ անվտանգության միջազգային երաշխիքները: Այս երեք հիմնական խնդիրները Մադրիդյան սկզբունքները պարունակում են, եւ եթե դրանք կան այդտեղ, ուրեմն մեզ համար ընդունելի են: Մենք գտնում ենք, որ սրանք պետք է հանդիսանան բանակցությունների հիմնական թեման, ինչը, կարծես, այսօր տեղի է ունենում: Ուզում եմ նկատել, որ Մադրիդյան սկզբունքները այսօր շահարկվում են այն իմաստով, որ կարծես դրանք արդեն հաստատված են եւ մնում է կյանքի կոչել: Սակայն իրականությունը դա չէ, դրանք ընդամենը դրույթներ են, առաջարկություններ, ընդամենը բանակցությունների հիմք են, որոնց շուրջ կետ առ կետ ընթանում են բանակցությունները: Բառացիորեն երեկ ԱԳ նախարարը հայտարարեց, որ որոշ առաջարկություններ դեռեւս չեն էլ քննարկվել: Ո՞ւմ համար պարզ չէ, որ յուրաքանչյուր կետի շուրջ բանակցելուց, համաձայնության գալուց հետո միայն կարող է խոսք լինել ամբողջական համաձայնության մասին. սա է հիմնական խնդիրը: Մենք մնում ենք մեր կարծիքին, որ այս սկզբունքները, որոնց շուրջ, ինչպես դուք եք ասում, մեծ աղմուկ բարձրացավ, իրենց մեջ պարունակում են արդեն իսկ իմ նշած երեք կարեւոր կետերը, նաեւ՝ նրանցում խոսք չկա տարածքային ամբողջականության մասին, բայց ինքնորոշման իրավունքի մասին այնտեղ խոսվում է: Ուրեմն, ի՞նչ ենք մենք ուզում ավելին:
– Դաշնակցությունը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել եւ պահանջում է ԱԳ նախարարի հրաժարականը. «Օրինաց երկրի» համար ի՞նչը կարող է լինել նույնքան կարեւոր, որ պահանջեք հրաժարական:
– Մինչեւ այսօր ես չեմ տեսնում մի այնպիսի իրավիճակ, երբ մենք հանդես գանք հակառակ դիրքերից: Մենք գտնում ենք, որ բանակցային գործընթացն այսօր ընթանում է այն հունով, որը մեզ համար որոշակիորեն ձեռնտու է: Գուցե կան որոշ հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն, բայց հիմնական պրոցեսը մենք ընդունում ենք: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա սա բավականին երկար կենսագրություն ունեցող ազգային քաղաքական ուժ է, որն ունի իր գաղափարները, իր սկզբունքները: Եվ եթե որոշակի հարցերում իրենց դիրքորոշումը չի համընկնում իշխանության վարած արտաքին քաղաքական կուրսին, ապա դա իրենց գործն է եւ իրենց որոշումը: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իրենք հայտնեցին իրենց անհամաձայնությունը եւ դուրս եկան կոալիցիայից, հիմա էլ այդ մարդիկ հայտնում են իրենց դիրքորոշումը: Մենք, որպես քաղաքական ուժ, որպես մեր նախկին կոալիցիոն գործընկերոջ, հարգում ենք իրենց սկզբունքայնությունը, իրենց քաղաքական որոշումը, եւ միայն այդքանը:
– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Դաշնակցությունը չի պահանջում նախագահի հրաժարականը, այլ խոսում է ԱԳ նախարարի հրաժարականի մասին, ի վերջո, երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է եւ ոչ թե նախարարը:
– Եթե նախագահի հրաժարականը չեն պահանջում, գուցե կա ինչ-որ հարց՝ կապված արտաքին քաղաքականության հետ, որի հետ Դաշնակցությունը համաձայն է, բայց բարձրաձայն չի արտահայտում: Ես դա չգիտեմ, եւ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իսկ ինչ վերաբերում է ԱԳ նախարարի հրաժարականի պահանջին, դա եւս նորմալ երեւույթ է: Մենք չենք պահանջում որեւէ հրաժարական, քանի որ գտնում ենք, որ այսօր արտաքին քաղաքական գործընթացները եւ կոնկրետ Ղարաբաղի հարցը հիմնականում համընկնում են այն նպատակներին, որոնց մենք ուզում ենք հասնել: Ի վերջո, մենք ի՞նչ ենք ուզում: Ուզում ենք, որ Ղարաբաղը անկախ լինի եւ այս ուղղությամբ աշխատում ենք եւ հասնելու ենք այս նպատակին: Ո՞վ չի ուզում Ղարաբաղի անկախությունը, բոլորս էլ ուզում ենք, չէ՞, եւ մեր նպատակը ի վերջո դա է: Այ, Դաշնակցությունը տարածքների խնդիր է դնում, մենք էլ ենք ուզում, որ մնացած տարածքները, բոլոր տարածքները մնան մեզ, մեզ մնան Գետաշենը, Մարտակերտի մի մասը, Շահումյանը, ավելին՝ Կարսը, Արդահանը, շատ այլ տարածքներ: Հարցն այն է, թե որքա՞ն է դա այսօր իրատեսական: Սա է խնդիրը: