Չորեքշաբթի, ժամը 18:30-ի սահմաններում, ականատես եղանք, թե ինչպես «Մերսեդես» մակնիշի, մգեցված ապակիներով, առանց համարանիշների ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, կարմիր լույսի առկայությամբ երթեւեկում էր այն փողոցով, որտեղով կարող է միայն երթեւեկել քաղաքային տրանսպորտը: Նշված «Մերսեդեսը», Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում՝ Վիլյամ Սարոյանի հուշարձանի դիմացից, իջնում էր դեպի Օպերա, որտեղ իրենց ծառայությունն էին կատարում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրեց «Մերսեդեսին»՝ մգեցված ապակիների պատճառով չէր երեւում, թե ով է վարում այն: Երբ օրինախախտ վարորդը իջավ մեքենայից, նրանք ողջագուրվեցին եւ միմյանց որպիսությունը հարցնելուց հետո վարորդը տեղեկացրեց՝ «ախպերներ, հիմա Վովայի մոտ եմ աշխատում» (խոսքը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի մասին էր): Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները երիտասարդին մի թեթեւ կշտամբեցին՝ «այ ախպեր, խախտումներ ես անում, գոնե համարներ դիր ավտոյի վրա»: Նա էլ, թե՝ «համարները բագաժնիկում ա»: Եվ նրանք համատեղ ուժերով բեռնախցիկից հանեցին արտասահմանյան համարանիշները եւ տեղադրեցին մեքենայի վրա:
Լուսանկարը եւ տեքստը՝ Գագիկ Շամշյանի: