Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՔԻԱԹԻ ՀԵՐՈՍԻ ՆՄԱՆ…

Հուլիս 17,2009 00:00

Ոչ պրագմատիկ հեքիաթագիրը գիրք հրատարակելու խնդիր ունի

Հեքիաթագիր Յուրի Ավանեսովը արդեն 22 տարի Բաքվից Երեւան է տեղափոխվել (բնակվում է հանրակացարանում որդու՝ հայտնի կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի հետ):

Մասնագիտությամբ ֆիզիկոս է: Մայրը՝ արմատներով Սիսիանից է, Բաքվում հայտնվել է հանգամանքների բերումով:

«Մայրս պատմության ուսուցչուհի էր, աշխատում էր Բաքվի միակ հայկական դպրոցում: Նա լավ ասմունքում էր, խաղում էր հայկական ներկայացումներում: Հայրս արմատներով Սիսիանից է եղել: Մեկ տարեկան էի, երբ նրանք ամուսնալուծվեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Յուրի Ավանեսովը:

Հայաստանում Յ.Ավանեսովն այդպես էլ չի կարողացել աշխատանք գտնել մասնագիտությամբ: «Միակ տեղը, որտեղ ինձ ջերմությամբ ընդունեցին՝ դա «Եթեր» շաբաթաթերթն էր, որտեղ ընդունվեցի՝ որպես թերթերի առաքիչ»,- ասում է Ավանեսովը:

Զրույցի ընթացքում պարզվեց, որ Յուրին հասուն տարիքում սկսել է հեքիաթներ գրել: «Առաջին հեքիաթը գրել եմ 60 տարեկանում, որը կոչվում էր «Հյուր աղվեսի մոտ»: Ես շատ եմ սիրում գրականություն, պոեզիա, այդ առումով երեւի մայրիկիս եմ քաշել: Պիոներական ճամբարում միշտ ասմունքում էի, իսկ երբ դպրոցում բանաստեղծություն էին հանձնարարում, միշտ առոգանությամբ էի արտասանում»,- ասում է զրուցակիցս ու մտաբերում, որ փոքր հասակում ինքը շատ նրբազգաց է եղել:

«Հիշում եմ, երբ 5 տարեկան էի, մայրս կարդաց ինձ Թումանյանի «Գիքորը» եւ երբ հասավ այն հատվածին, որտեղ Գիքորը մահանում է, ես հոնգուր-հոնգուր լաց եղա: Ինձ թվում է, թե մինչեւ հիմա էլ այդպես նրբազգաց եմ: Մի բան հաստատ կարող եմ ասել, որ ես նման չեմ ժամանակակից պրագմատիկ մարդկանց: Ես, կարծես, հեքիաթից մի հերոս լինեմ…»,- ասում է Յու. Ավանեսովը:

Ինչպես եւ բոլոր հեքիաթներում՝ իր հեքիաթներում էլ հրաշքներ են տեղի ունենում: Հեքիաթագրի խոսքերով, անհրաժեշտ է, որ երեխան հավատա հրաշքներին:

Բոլոր հրաշքները Ավանեսովի հեքիաթներում, գրեթե միշտ, տեղի են ունենում երազներում, երբ հերոսը քաղցր քուն է մտնում: Նշենք, որ Յուրին մոտ 60 հեքիաթ ունի եւ 100-ից ավելի մանկական բանաստեղծություններ է գրել, սակայն վերջիններս դեռ չեն գտել իրենց տեղը գրքի էջերում: «Ցավոք, չկա մեկը, ում կհետաքրքրեր այսքան հեքիաթ ու բանաստեղծություն տպագրելը: Այդ իսկ պատճառով իմ փոքրիկ ընթերցողին ես պատճենահանված օրինակներն են նվիրում: Նրանք էլ մեծ հաճույքով ընթերցում են ու սպասում, որ օրերից մի օր նրանց ձեռքերում կհայտնվի հեքիաթներիս ժողովածուն»,- ասում է նա:

«Հեքիաթն ինձ անգամ երազում է կանչում: Երբեմն ես երազում սկսում եմ ճախրել: Նույնիսկ հեքիաթային թռիչքներիս մասին բանաստեղծություն ունեմ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր համար հեքիաթների բոլոր հերոսները հարազատ են ու շատ բարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել