Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա մարդ, որ երազ չի տեսնում

Հուլիս 17,2009 00:00

Երազներն անհրաժեշտ են հոգեկան առողջության պահպանման համար

Մարդու կյանքը հոգեվիճակների հերթափոխություն է։ Դրանք հիմնականում երկուսն են. արթնություն եւ քուն։ Այդ վիճակների հերթափոխությունը մենք տեսնում ենք արդեն նորածին երեխաների մոտ, որոնք թեեւ մեծ մասամբ քնած են լինում, բայց ունենում են կարճատեւ արթնության փուլեր, երբ սնունդ են ընդունում եւ նորից քուն մտնում։ Բայց արդեն ժամանակի ընթացքում արթնության փուլերը ավելի երկարատեւ են դառնում։ Արթուն վիճակը, այսպիսով, ունի իր մակարդակները՝ սկսած աղոտ գիտակցության աստիճանից մինչեւ արտաքին երեւույթների եւ սեփական անձի հստակ գիտակցումը։ Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ։ Քնած մարդը, անկախ իր կամքից, անցնում է քնի վիճակի մեկ փուլից մյուսին՝ մինչեւ արթնանալը։ Հոգեբան Տաթեւ Դանղյանի ձեւակերպմամբ, հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ գոյություն ունի քնած վիճակի երկու ենթատեսակ՝ դանդաղ եւ արագ։ Արագ քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22%-ը, աչքերն արագ շարժումներ են կատարում եւ, ինչպես պարզվում է, քնածը հիմնականում տեսողական պատկերներից կազմված երազներ է տեսնում։ Նա ունենում է նաեւ լսողական, շոշափելիքի եւ այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկերները։ «Այս պատճառով էլ ավանդաբար ասում են, որ մարդը «երազ է տեսնում», բայց չեն ասում, թե նա «երազ է լսում», թեեւ հոգեբանորեն դա եւս ճիշտ է»,- մեկնաբանեց Տ. Դանղյանը։ Դանդաղ քնի փուլում եւս կան հոգեկան ապրումներ, բայց դրանք հիմնականում անպատկեր են եւ ունեն վերացական մտածողության բնույթ։ Հենց այս փուլում է, որ որոշ քնած մարդիկ բարձրաձայն խոսում են՝ շարունակելով քնած մնալ։ Քնածի խոսքի ուսումնասիրությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում մարդու ենթագիտակցության առանձնահատկությունները պարզելու տեսանկյունից։ «Չկան այնպիսի մարդիկ, ովքեր երազ չեն տեսնում: Բոլոր նրանք, ովքեր քնում են՝ երազ են տեսնում: Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան առողջության պահպանման համար»,- ասաց հոգեբանը։ Հաճախ երբ մարդուն հարցնում ենք՝ երազ տեսե՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանում է. «Այս գիշեր շատ ամուր եմ քնել, երազ չեմ տեսել»: Ըստ հոգեբանի, իրականում այդ մարդը երազ տեսնում է ու այն էլ շատ, բայց չի հիշում դրանք։ Բանն այն է, որ արթնանալուց հետո երազները, փոքրաթիվ բացառություններով, արագորեն մոռացվում են, այնքան արագ, որ նույնիսկ մտապահելու ցանկության դեպքում մենք հազիվ կարողանում ենք առանձին պատառիկներ հիշել: Եթե մարդ քնում է 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի երազային փուլում եւ, անկասկած, երազներ է տեսնում։ Քանի որ նա չի արթնանում, այդ երազներն առավոտյան հիմնականում մոռացվում են։ Մարդը կարող է հիշել քնի վերջին պարադոքսալ փուլի երազները, այն էլ այն դեպքում, երբ արթնանա պարադոքսալ փուլից հետո։ Գիտափորձերն ապացուցում են, որ երազ տեսնում են բոլորը, բայց հիշելու տեսակետից մարդկանց միջեւ կան անհատական տարբերություններ։ Ի դեպ, նշենք, որ մարդիկ մեծ մասամբ տհաճ հուզականությամբ հագեցած երազներ են տեսնում։ Հաճելի երազները համեմատաբար քիչ են լինում։ Հոգեբանները դժվարանում են պատասխանել, թե ինչ արագությամբ են ընթանում երազները։ Դժվար է, որովհետեւ դեռեւս գոյություն չունեն երազների արագությունը ճշտորեն չափելու հուսալի մեթոդներ։ Որոշ երազներ ընթանում են նույն արագությամբ, ինչպես կընթանային, եթե լինեին իրական ֆիզիկական տարածության մեջ կատարվող իրադարձություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել