Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ

Հուլիս 17,2009 00:00

Տեր Վարդանը՝ Վարդավառի մասին

Այս կիրակի ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ Երեւանում հաստատ ջրի պակասորդ է գրանցվելու. հուլիսի 19-ին տոնում ենք Վարդավառը:

Ժողովուրդն ասում է՝ Վարդավառի տոնին պետք է պարտադիր ջրով ցողվես, որովհետեւ դա օրհնանք է:

Ժողովուրդը նաեւ ասում է՝ Վարդավառը հեթանոսական տոն է, ոչ քրիստոնեական… Վարդավառի տոնին ջրով ցողվելը օրհա՞նք է, թե՞ ոչ, ի՞նչ է իրենից ներկայացնում Վարդավառը, ի՞նչ կապ ունի այն հեթանոսության հետ, եւ ինչպե՞ս է տոնում Հայ առաքելական եկեղեցին: Այս հարցերի շուրջ խոսեցինք Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա տեր Վարդան Գափոյանի հետ:

Իրականում Վարդավառի տոնը ջուր ցողելու հետ այնքան էլ կապ չունի: Այն եկեղեցական տոն է եւ կրում է այլ անվանում: «Վարդավառ կամ Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի»,- ասում է տեր Վարդանն ու մեկնաբանում:- Վարդավառի տոնը մեր Տիրոջ այլակերպությունն է, պայծառակերպությունը: Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Դա Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Հենց այդ լեռան վրա Տերը պայծառակերպվեց: Երբ առաքյալները քնից արթնանում են, տեսնում են, որ Քրիստոսը պայծառակերպվել է, լուսավորվել է: Մինչ այդ իրենց խոստացել էր՝ կտեսնեք ինձ իմ փառքի մեջ, այսինքն՝ լույսի մեջ կամ փառավորված վիճակում: Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները. եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը եւ նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը: Նրանց երեւացին Մովսեսը՝ Հին կտակարանի օրենսդիրը, եւ Եղիան՝ մարգարեներից գերագույնը, որոնք խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան է տալիս Հիսուսին, ասելով՝ Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի: Եվ մինչ նա դեռ խոսում է, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի է լինում. եւ այդ ամպից ձայն է լսվում՝ դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք: Երբ աշակերտներն այս լսում են, սաստիկ վախենում են ու երեսի վրա ընկնում: Հիսուս մոտենալով՝ դիպչում է նրանց ու ասում՝ ոտքի՛ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքերը բարձրացնում են եւ Հիսուսից բացի՝ ոչ ոքի չեն տեսնում: Սա է ողջ ճշմարտությունը, պատմությունն ու բացատրությունը Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Վարդավառի տոնի: Այսինքն՝ Վարդավառի տոնը հայտնության խորհուրդ ունի, Քրիստոս ներկայացրեց իր աստվածային էությունը, ինչ-որ չափով, որպեսզի իր առաքյալները տեսնեն եւ պատմեն այդ մասին բոլորին»:

Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Վարդավառ կոչվելու մասին էլ տեր Վարդանը նշում է. «Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը»:

Ըստ նրա, Վարդավառի տոնը ժողովրդական տոն է. «Հեթանոսական շրջանում ունեցել ենք տոներ, որոնք այսօր տոն չեն համարվում, դրանք ժողովրդական սովորություններ են, խաղեր, ուրախություններ, գեղեցիկ ավանդույթներ: Նույնատիպ ավանդույթ է նաեւ այս տոնը եւ դրա ժամանակ կատարվող սովորույթները, որոնք պահպանվել են որպես խաղ: Պարտավորված եմ համարում ընդգծել՝ որպես խաղ, ոչ թե որպես պաշտամունք: Շատերը սխալ բացատրություններ, մեկնություններ են տալիս այս տոնի հետ կապված: Վարդավառի հետ կապված տարբեր պարզաբանումներ կան, օրինակ՝ հենց վարդ բառի հետ կապված: Ժամանակին վարդաջուր են ցողել միմյանց վրա, վարդեր նվիրել այդ օրը…»:

Հարցին, թե ի՞նչ նշանակություն եւ խորհուրդ ունի ջուրը Վարդավառի տոնում, քահանա Գափոյանը նկատեց. «Մաքրության… Բացի Վարդավառի տոնից, ջուրը մաքրության, մաքրելու խորհուրդ ունի իր մեջ: Սա է իրար վրա ջուր ցողելու բացատրությունը»:

Ըստ մեր զրուցակցի, սխալ է Վարդավառի տոնը կապել հեթանոսության հետ. «Ամեն կողմից ոմանք փորձում են սխալ բացատրություններ տալ այս տոնին, ժողովրդին ապակողմնորոշել, սխալ հանել եկեղեցու վերաբերմունքը այս տոնի նկատմամբ: Սա մի ժողովրդական տոն է, որը ուրախություն է, այն հետաքրքիր ժամանակ անցկացնելու միջոց է: Պետք չէ ուշադրություն դարձնել՝ հեթանոսությունի՞ց է այն գալիս, թե՝ ոչ: Հեթանոսական շրջանից միայն պահպանվել է ջուր ցողելը, որը որպես սովորույթ ձեւավորվել է ժողովրդի մեջ: Բացի ջուր ցողելուց, նաեւ ուխտի են գնում, հնուց մնացած սովորություն է նաեւ աղավնի խաղացնելը, թռցնելը: Վարդավառի տոնին առավել պետք է կարեւորել Տիրոջ պայծառակերպության հիշատակությունը, Տիրոջ կյանքի մասին դեպքերը: Ժողովուրդը պահում է ջուր ցողելու սովորությունը, մենք էլ հարգում ենք ժողովրդական սովորույթները, որովհետեւ դրանք մեր պատմությունն են, մեր մշակույթը, մեր անցյալը: Բայց դրա մեջ ոչ մի հեթանոսական բան չկա: Շատ աղանդավորներ այսօր մեղադրում են, ասելով՝ հեթանոսական տոն է Վարդավառը… Բայց այդ ամենը փուչ խոսակցություններ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել