Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆԿՈՖՈՆԱՅԻՆ ԽԱՂԵՐ

Հուլիս 17,2009 00:00

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը Բեյրութում կայանալու են Ֆրանկոֆոնային 6-րդ խաղերը, որոնցում Հայաստանը հանդես է գալու առաջին անգամ:

Մարզական այդ խոշոր միջոցառման մասին «Առավոտը» զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանի հետ, որը նաեւ Լիբանան մեկնող մեր պատվիրակության ղեկավարն է:

– Ֆրանկոֆոնային խաղեր: Մարզասերների համար սա ինչ-որ անծանոթ բան է:

– Աշխարհի այն երկրները, որտեղ ուսումնասիրվում է ֆրանսերենը, միավորված են մեկ ընդհանուր կազմակերպության մեջ եւ տարբեր ուղղվածության միջոցառումներ են իրականացնում: Դրանց մեջ մտնում է նաեւ սպորտը: Այդ մրցումներին մասնակցելու նպատակով շուրջ վեց ամիս մեր ԱԳՆ-ի միջոցով նախապատրաստական ծավալուն աշխատանք ենք կատարել Հայաստանում Լիբանանի եւ Ֆրանսիայի դեսպանատների հետ, որը պսակվել է հաջողությամբ:

– Ի՞նչ մակարդակի մրցումներ են դրանք եւ ի՞նչ ընդգրկում ունեն:

– Ըստ նախնական տվյալների, Բեյրութում պայքարի մեջ ներգրավվելու է շուրջ 68 երկիր, որոնցից յուրաքանչյուրը ներկայանալու է ծրագրում ընդգրկված մարզաձեւերի իր լավագույն մարզիկներով: Մասնակիցների ընդհանուր քանակը, սպասվում է, որ կտատանվի երեք հազարի շուրջ:

– Եվ ի՞նչ մարզաձեւեր են ընտրված:

– Աթլետիկա (տղաներ եւ աղջիկներ), բռնցքամարտ, ձյուդո (տղաներ եւ աղջիկներ), սեղանի թենիս, բասկետբոլ (կանայք), ֆուտբոլ (մինչեւ 20 տարեկաններ):

– Մենք բոլո՞ր ձեւերում ենք հանդես գալու:

– Ոչ: Միայն աթլետիկայից, բռնցքամարտից, ձյուդոյից եւ սեղանի թենիսից: Ընդ որում, թիմերը մրցավայր ուղեկցելու են մեր ազգային հավաքականների գլխավոր մարզիչները: Սկզբնական տարբերակով Հայաստանի մարզական պատվիրակությունը լինելու է 20-23 հոգի:

– Ֆինանսական հարցերը լուծվա՞ծ են:

– Այո: Պետությունը համապատասխան գումարները հատկացրել է: Եվ քանի որ մենք Լիբանանում երկիր ենք ներկայացնելու, նախարար Արմեն Գրիգորյանը հոգացել է, որպեսզի խոչընդոտող ոչ մի խնդիր չլինի եւ Հայաստանի նորամուտը ֆրանկոֆոնային խաղերում պատշաճ մակարդակով կատարվի: Նկատի ունեմ նաեւ բացման եւ փակման արարողությունների ժամանակ ամբողջ պատվիրակության՝ շքերթային, ինչպես նաեւ մարզական համազգեստով լրիվ ապահովված լինելը:

– Ինչպես երեւում է, մենք բավականին մեծ կարեւորություն ենք տալիս ֆրանկոֆոնային խաղերին: Հետաքրքիր է՝ մյուս երկրներն է՞լ են այդպես վերաբերվում:

– Միանշանակ: Մեր ունեցած տեղեկություններով, Խաղերի բացման եւ փակման արարողություններին, հնարավոր է, ներկա լինեն Ֆրանսիայի, Եգիպտոսի եւ այլ երկրների նախագահները: Իսկ Լիբանանի նախագահը պետք է որ անձամբ բացի մրցումները:

– Մարզական առումով ի՞նչ ակնկալիքներ կան:

– Նախ մեր թիմերում ընդգրկված են լավագույն մարզիկները: Քանի որ Բեյրութում հանդես են գալու նաեւ մյուս երկրների լավագույն կադրերը, համոզված ենք, որ նրանց հետ պայքարելը մրցափորձի կուտակման լրացուցիչ հնարավորություն է: Հատկապես նրանց համար, որոնք, լինելով երկրորդ կամ երրորդ համարներ, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ չեն մեկնում: Նրանք հնարավորություն կունենան իրենց դրսեւորել եւ, ինչո՞ւ չէ, նաեւ ազգային հավաքականների մարզիչներին ցույց տալ, որ իրենք հավաքականների առաջատարներին չեն զիջում: Իսկ ինչ վերաբերում է արդյունքներին, հնարավոր է, որ մի քանի մեդալ նվաճենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել