Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհ, հրեա ու կինոռեժիսոր

Հուլիս 17,2009 00:00

\"\"

Անջեյ Կրակովսկին պատմեց իր մասին

«Առանց լավ սցենարի՝ չի կարող լինել մեծ ֆիլմ»,- երեկ «Ոսկե ծիրանի» շրջանակներում անցկացրած վարպետության դասի ժամանակ ասաց ամերիկաբնակ լեհ սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, «Պարադինին որոնելիս» ֆիլմի հեղինակ Անջեյ Կրակովսկին: Քանի որ դասընթացը սակավամարդ էր, արվեստագետն ուղղակի պատմեց իր անցած ուղու մասին. «Ծնունդով լեհ եմ, բայց ճակատագիրն ինձ տարավ Հոլիվուդ՝ զրկելով Լեհաստանի քաղաքացիությունից եւ հայրենիքում կյանքս դասավորելու հնարավորությունից»:

Ա. Կրակովսկին խոստովանում է. «Ինձ մոտ ամեն ինչ այնպես չէ, ինչպես բոլորի մոտ. առաջին սերս ուսուցչուհիս չի եղել կամ էլ զբոսայգուց ինչ-որ մի աղջնակ… առաջին սերս գրելն է եղել: Արդեն 17 տարեկանում մեծ համբավ ունեի՝ որպես գրող»: Կինոյի հետ կյանքը կապելու ծրագրերը չեն խրախուսվել ծնողների կողմից. «Երբ 60-70-ականներին իմ երկու պատմվածքների հիման վրա ֆիլմ նկարվեց՝ ինձ ամենեւին էլ դուր չեկավ: Ռեժիսորներն այնքա՜ն անփույթ էին վարվել: Որոշեցի, որ ինքս եմ նկարելու, մանավանդ հայրս էլ կինոստուդիայի տնօրեն էր: Երբ նրան ասացի, որ ցանկանում եմ ռեժիսոր դառնալ, զայրույթից կարմրեց ու ասաց՝ ախր կինոռեժիսորը ոչ թե մասնագիտություն է, այլ հոգեկան հիվանդություն»: Չնայած ծնողների ընդդիմանալուն, Ա. Կրակովսկին ավարտեց կինոյի դպրոց: «Ուղիղ 40 տարի առաջ այս օրն էլ՝ հուլիսի 16-ին, ժամանեցի Հոլիվուդ: Երեք շաբաթ անց Լեհաստանի կառավարությունը ինձ զրկեց քաղաքացիությունից՝ Ամերիկայի նման մեծ երկրում թողնելով առանց փաստաթղթի. միակ փաստաթուղթս վարորդական իրավունքս էր: Ինձ համար նախընտրելի կլիներ աքսորվել Աֆրիկա, քան գործուղվել Հոլիվուդ՝ նման գնով: Մինչեւ հիմա ուզում եմ իմանալ՝ ով էր այդ դիվանագետը, որ Հոլիվուդ մեկնելը դարձրեց պատիժ ինձ համար: Այդպես հայտնվեցի Հոլիվուդում, առանց անգլերենի տիրապետման: Ինձնից յոթ տարի պահանջվեց համակերպվելու այն մտքի հետ, որ հավերժ բնակվելու եմ Նահանգներում, որտեղ ինձ չեն հասկանալու: Հոլիվուդում դժվար հաստատվեցի, եւ մինչեւ օրս չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այնտեղ սցենարիստը նույնքան կարեւոր մարդ չէ ֆիլմի համար, որքան պրոդյուսերն ու ռեժիսորը»:

Ինչ վերաբերում է սցենարիստ լինելուն, այս մասին էլ Կրակովսկին ասաց. «Սցենարիստ չեն դառնում, այդպիսին լինում են: Սցենարիստ լինելս ուղեկցվել է հոգեկան ծանր ապրումներով: Բացի նրանից, որ հրեա էի, նաեւ շիկահեր էի, մի բան, որ Լեհաստանում վատ են դիտում: Դասարանում միակ շիկահերն էի, ինչի պատճառով անընդհատ ծեծվում էի: Այդ ամենից կտրվելու համար էլ գրում էի, ինչը հետո զուտ նախասիրություն չէր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել