Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱԴԱՐԵՆՔ ՆՈՒՌ ՈՒ ԾԻՐԱՆԻ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ»

Հուլիս 17,2009 00:00

«Արմանե» տուրիստական գործակալության հիմնադրի կարծիքով, ոլորտին անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական չինովնիկներին ներքին կարգով հրահանգված է հանգստի չմեկնել Անթալիա: Հարցն ավելի խիստ էր դրված հատկապես 2 տարի առաջ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ վերջերս հանդիպել է ավելի քան երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, զրույցը ծավալվել է ՀՀ-ում տուրիզմի զարգացման նպատակով միասնական պետական քաղաքականության հստակեցման, ներքին տուրիզմի աշխարհագրության ընդլայնման եւ այլնի շուրջ:

«Առավոտի» հետ զրույցում արդեն 7 տարի գործող «Արմանե» տուրիստական գործակալության հիմնադիր Արմենուհի Հարությունյանը ոլորտի վերաբերյալ իր որոշ մտահոգությունները բարձրաձայնեց: Նրա խոսքով՝ որքան էլ չինովնիկներին արգելվի իրենց հանգիստը կազմակերպել հարեւան երկրում, միեւնույն է՝ Անթալիա մեկնողների հոսքն անզսպելի է: Դրա համար, ըստ Ա. Հարությունյանի, կան մի շարք պատճառներ: «Արգելելուն զուգահեռ, մեր երկրում ոչինչ չի արվում, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան մի քիչ արժանավայել հանգստանալ այստեղ: Դրսում մարդիկ հանգստանում են իրենց վճարած գումարին համարժեք, իսկ Հայաստանում՝ անգամ իրենց ծախսածի 50%-ին ոչ վայել: Տուրիզմի զարգացման քաղաքականությունն էլ կարծես հատուկ հարեւան երկրի համար է արվում»,- փաստեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ իրենց կազմակերպությունն այս պահին աշխատում է Աջարիայի ուղղությամբ. «Եթե մարդը ծովային հանգիստ է ուզում, ինչը ՀՀ-ում անհնար է իրականացնել, գոնե այլ երկիր պիտի գնա, եթե ոչ Անթալիա: Վրաստանում պատերազմական իրադրությունը բարդ իրավիճակ ստեղծեց ե՛ւ այդ երկրի, ե՛ւ այնտեղ գործող տուրիստական ընկերությունների համար, սակայն այսօր միջավայրն ավելի բարենպաստ է. նախ մատչելի է, որովհետեւ մարդիկ ավիափոխադրումից չեն օգտվում, պատերազմից հետո լուրջ ներդրումներ են արվել, բարձրացել է սպասարկման որակը, կոնկրետ Աջարիայի ծովածոցում բավականին շատ բրենդային հյուրանոցներ են բացվել: Իրենք այս տարի ուրիշ կերպ են մոտենում տուրիստական առաջարկին, որովհետեւ հասկանում են, որ իմիջային եւ տնտեսական առումով լուրջ վնասներ են կրել: Ռուսաստանն այլեւս այնտեղ չի հանգստանում, իրենց հիմնական շուկան այսօր Հայաստանն է»:

Ա. Հարությունյանի համոզմամբ, եթե այդքան խոսում են Անթալիայում հանգստանալուց զերծ մնալուց, ուրեմն թող որոշ արտոնություններ սահմանվեն զբոսաշրջիկների համար. «Պետք է վերանայվեն ավիատոմսերի գները, Հայաստան եկող զբոսաշրջիկը, որը գումար է թողնելու մեր երկրում ու հետո վերադառնալու է, որ իր երկրում պատմի Հայաստանի մասին, եւ սովորական ուղեւորը պիտի տարբերվեն միմյանցից: Մեզ տարբեր առիթներով հավաքում ու կոչ են անում, թե խթանեք ներգնա եւ ներքին տուրիզմը: Բարի՛. ես կարող եմ մարդուն ուղղորդել, թե գնա այսինչ տեղը, բայց առաջարկվող ապրանքը, սպասարկումը պիտի այնպիսին լինի, որ հետո խնդիր չունենամ հաճախորդներիս հետ: Ես չեմ կարող մարդուն ասել, որ միայն հայրենասիրությունից դրդվելով պիտի գնաս, օրինակ, Սեւանի ափին հանգստանաս: Չեմ ասի, որովհետեւ ափն ահավոր վատն է, ես իմ երեխային թույլ չեմ տա լողալ, ոչ մի պայման չկա, գները չեն համապատասխանում առաջարկվող ծառայություններին: Շատ սուբյեկտներ անկեղծորեն ուզում են ներքին տուրիզմը զարգացնել, ու դրա համար նախ պետության աջակցության կարիքն ունենք: Ամեն դեպքում լուրջ քաղաքականություն է պետք վարել: Վերջիվերջո, մի օր պիտի դադարենք նուռ ու ծիրանի երկիր լինելուց ու աշխարհին այլ կերպ ներկայանանք: Թե չէ շարունակ ասում ենք՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, մարդկանց կանչում-բերում ենք ու դեռ զարմանում, թե թանգարան եք եկել նայելու, ինչո՞ւ պիտի ձեր բոլոր պահանջները բավարարեք»:

Ա. Հարությունյանը կարծում է, որ Հայաստանը հարմար է սպորտային եւ այլ կարգի առաջնություններ հյուրընկալելու համար, ինչը եւս զբոսաշրջիկների հոսք ապահովելու միջոց է. «Այս պահին մեր կազմակերպությունը ձյուդոյի ֆեդերացիայի հետ աշխատում է մի նախագծի վրա՝ սեպտեմբերին ձյուդոյի առաջնություն է անցկացվելու Հայաստանում: Այդ ժամանակահատվածում մոտավոր հաշվարկներով ժամանելու է 350 մարզիկ եւ եւս 200-300 հոգի ուղեկցող: Սպորտային իրադարձությունը առիթ կդառնա, որ ՀՀ-ն գրավիչ ներկայացնելու դեպքում՝ նոր զբոսաշրջիկներ ունենանք»: Մեր դիտարկմանը, որ հաճախ զբոսաշրջիկը որեւէ երկիր մեկնում է հատկապես վերջինիս խոհանոցին ծանոթանալու համար, իսկ ավանդաբար հրամցվող հայկական խորովածով նրանց չես զրամացնի, «Արմանեի» հիմնադիրը պատասխանեց. «Օրինակ, Խոր Վիրապի մոտակայքում զբոսաշրջիկը կարող է տեսնել, թե ինչպես է լավաշը թխվում կամ ոնց են թոնրի մեջ գառը պատրաստում ու այդ ամենից բացի՝ համտեսել նաեւ ղափամա, տոլմա: Աշխատում ենք այնպես անել, որ ամեն գավառում մարդիկ փորձեն տվյալ վայրին բնորոշ ուտեստներ»:

Ա. Հարությունյանը փաստեց, որ այսօր եվրոպացիներին հետաքրքրում է արկածային տուրիզմը, walking-tour-երը: Բայց պարզվում է, այս «մասով» էլ խնդիր ունենք: «Եվրոպացիները սիրում են արշավներ, իսկ մենք, որպես պետություն, անգամ այդ ճանապարհները չունենք մշակած: Եթե զբոսաշրջիկը ինչ-որ տեղ արշավի գնա, պիտի կոնկրետ արահետ լինի, իրեն ասես, որ այսքան բարձրանալու ես, հետո սա է քո առաջ դուրս գալու, իսկ այս հատվածը ծովի մակերեւույթից այսքան բարձր է, հողն այսպիսի բաղադրությունը ունի եւ այլն: ԽՍՀՄ-ի ժամանակ այդ ճանապարհները գծված էին, համապատասխան ցուցանակներ կային: Վրաստանը այդ ուղղությամբ վաղուց մտածել է, մեծ գումարներ է ծախսել ու ճանապարհների քարտեզագրում արել: Ճիշտ է, մեր երկիրը շատ վայրի է, բայց չենք կարող զբոսաշրջիկին ասել՝ բավարարվիր միայն էկզոտիկայով ու վերջ, եթե ինքն ուզում է ոտքով, առանց ճոպանուղու բարձրանալ Թեղենիս լեռը, ինչպե՞ս վարվենք»: Ա. Հարությունյանի համոզմամբ, վաղուց ժամանակն է դադարեցնել «շեշտադրումը»՝ միայն սփյուռքահայերի վրա. Հայաստանը պիտի ոչ հայերին էլ գայթակղիչ ներկայացնել: Նրա խոսքով. «Արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում թոշակառու է, որ ունեն ազատ ժամանակ, կլորիկ գումար ու ճամփորդելու ցանկություն: Այդ մարդիկ առավել եւս կոմֆորտի կարիք ունեն ու պահանջները շատ են: Ճիշտ է, հետխորհրդային երկրների համեմատ Հայաստանը տուրիզմի մշակույթի առումով ավելի բարձր է, բայց դեռ անցնելու շատ ճանապարհ ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել