Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է

Հուլիս 17,2009 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) յոթ քաղաքական կուսակցություններ երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել «հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարությունը ստորագրել են ԼՂՀ «Ազատ Հայրենիք», Ժողովրդավարական, «Արմենական», Կոմունիստական, «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ «ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից, ինչպես նաեւ ԼՂՀ փաստացի պետականության անտեսումը եւ հակամարտության հանգուցալուծման նկատմամբ խտրական մոտեցումների դրսեւորումները ներկա փուլում ձախողման են դատապարտել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը»: Հայտարարության հեղինակները պահանջել են «հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ապահովելով ԼՂՀ լիիրավ մասնակցությունը կարգավորման գործընթացին, չխաթարել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքը ԼՂՀ անկախ պետականությունն է եւ Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը»: Փաստաթղթում համոզմունք է արտահայտվում, որ նշված պահանջները չկատարելու դեպքում վտանգի է ենթարկվում մինչ այժմ խաղաղ պայմաններում ամրագրված ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը, որի խախտման հետեւանքով ապագա ոչ ցանկալի զարգացման պատասխանատվությունն ընկնում է միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել