Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաց-ամերիկյան զորախաղեր

Հուլիս 17,2009 00:00

Չորեքշաբթի օրը Սեւ ծովում մեկնարկել են վրաց – ամերիկյան զորախաղերը՝ առաջին անգամ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո: Այդ նպատակով Բաթումի նավահանգստում նախորդ օրը խարիսխ էր գցել ամերիկյան ռազմանավը, ինչը ներկա պայմաններում ընկալվում է որպես ամերիկյան աջակցություն Վրաստանին:

Զորախաղերի սկիզբը համընկնում է Միավորված ազգերի կազմակերպության դիտորդական առաքելության վերջնական դուրսբերմանը: ՄԱԿ-ի վերջին 130 դիտորդները չորեքշաբթի օրը լքել են Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, հայտնում է «Ազատությունը»՝ վկայակոչելով «Ասոշիեյթեդ փրեսը»: Դիտորդները առաքելություն էին իրականացնում Վրաստանում 1994 թվականից, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս տարվա հունիսի 15-ին Մոսկվան վետո դրեց առաքելության ժամկետը երկարաձգելու որոշման վրա:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հուլիսի 14-ին այցելելով Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի, հայտարարել էր, որ հույս ունի, թե Վրաստանը դաս է ստացել իր օգոստոսյան պարտությունից: Ի պատասխան՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Յան Քելին, մասնավորապես, հայտարարել է. «Ես չեմ կարծում, որ Մեդվեդեւի այցը Հարավային Օսիա՝ քայլ առաջ էր տարածաշրջանում կայունություն հաստատելու առումով: Հենց այդ այցը ընդգծում է մեր հիմնարար տարբերությունները այս հարցում: Մենք տեսանք, որ նախագահ Օբաման հաստատել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն անփոփոխ աջակցությունը: Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին՝ հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ նպաստել տարածաշրջանում կայունությանը, մասնակցել Ժնեւյան գործընթացին եւ կատարել օգոստոսի 12-ին ստորագրված համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները: Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին՝ շարունակել աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել