Ինչպես տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը, Թուրքիայում կրկին ցուցադրել են ֆուտբոլի միջոցով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ձգտումը:
Այս անգամ Կայսերի քաղաքի, որտեղ 2009թ. հոկտեմբերին պետք է տեղի ունենա աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը, երկրպագուները հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: Տեղական ֆուտբոլային ֆանատների միավորումը խոստացել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին տեղավորել իրենց բնակարաններում, որքան էլ մեծ լինի վերջիններիս թիվը: Ֆանատների միավորման հրապարակած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ թուրք երկրպագուները ցանկանում են լավագույն կերպով իրենց բնակարաններում հյուրընկալել Հայաստանից ժամանող հյուրերին, ովքեր ցանկություն կունենան մարզադաշտում հետեւել խաղի ընթացքին: «Մենք հավատում ենք, որ Կայսերին ու Թուրքիան հիանալի կկազմակերպեն այդ հանդիպումը, որի հանդեպ ուշադրությունը մեծ է ողջ աշխարհում»,- նշված է հայտարարության մեջ: