Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին

Հուլիս 17,2009 00:00

Պարոն նախարար, Հրազդանի թիվ 1 հատուկ դպրոցը, որտեղ սովորում են մտավոր հետամնաց կամ, ինչպես հիմա են ասում՝ սահմանափակ հնարավորություններով երեխաներ, ստեղծվել է 1991թ.՝ իմ նախաձեռնությամբ: Այս դպրոցը երկարօրյա է եւ տալիս է մեծ հնարավորություն, որպեսզի երեխաները ինտեգրվեն իրենց հասակակիցներին: Այսպիսի հնարավորություն, բնականաբար, չեն տալիս գիշերօթիկները, որտեղ սովորում են վերը հիշատակված երեխաները: Ներկայումս մեր պետությունը հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու գործընթաց է իրականացնում: Մեր դպրոցը շատ ավելի մոտ է ինտեգրմանը, քան ՀՀ տարբեր քաղաքներում գործող գիշերօթիկ դպրոցները: Սակայն թե ինչո՞ւ է ՀՀ ԿԳՆ-ն կառավարության հաստատմանն առաջարկել մեր դպրոցը Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 դպրոցին միացնել, հայտնի չէ, առավել եւս՝ ոչ մարզպետարանից, ոչ էլ նախարարությունից որեւէ մեկը որոշակիորեն չի ասում, թե ինչպես է ընթանալու հաշմանդամ երեխաների ուսուցման ձեւը՝ ներառակա՞ն, թե՞ ստորաբաժանման տեսքով:

ԿԳՆ-ն, առանց որեւէ ուսումնասիրության, մեր դպրոցի աշխատանքն անընդհատ արգելակող մարդու ինֆորմացիայի հիման վրա կառավարությանը տվել է տեղեկություն, իբր՝ ա) Հրազդան քաղաքում այդպիսի երեխաները քիչ են, եւ բ) դպրոցը չունի սեփական շենք: Պարոն նախարար, Հրազդանում, դժբախտաբար, այդպիսի երեխաներն այնքան քիչ չեն, որքան Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են գիշերօթիկ դպրոցներ: Պարզապես այդ երեխաները մարզպետարանի համապատասխան անձանց նախաձեռնությամբ եւ թողտվությամբ գրանցված են հանրակրթական դպրոցներում: Ակնհայտ է, որ աշակերտը հանրակրթական դպրոցներում փող է: Իսկ շենք չունենալու մեջ հավանաբար մեղավոր չեն ոչ հաշմանդամ երեխաները, ոչ նրանց ծնողները, ոչ էլ ուսուցչական կոլեկտիվը: Նախկինում դպրոցն ունեցել է սեփական շենք: Տեղական իշխանությունները վերցրել են այն, եւ դպրոցն իր 18-ամյա գոյության ընթացքում 4-րդ անգամն է տեղափոխվում:

Պարոն նախարար, համոզված եմ, եւ դա կարող են հաստատել ուսուցիչները, ծնողները եւ Հրազդանի հասարակությունը, որ Կոտայքի մարզպետարանի վերաբերմունքը դպրոցի նկատմամբ հիմնված է չարի եւ զայրույթի, վրեժի եւ նսեմացման վրա: Ամբողջ մանկավարժների եւ ծնողների անունից համառորեն խնդրում եմ Ձեր միջամտությունը մեր դպրոցի շուրջ կուտակված անորոշությունը պարզաբանելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել