Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստ ոնեական դաստիարակության կենտրոնի, Վեհափառ հայրապետի օրհնությամբ, ԿԳՆ-ի հաստատմամբ հոկտեմբերի 10-ից կմեկնարկի սուրբ պատարագի խորհրդին նվիրված «Սուրբ պատարագը՝ աշակերտի շուրթերին» խորագրով մրցույթ՝ հանրակրթական դպրոցների շրջանում: «Առավոտը» մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հոգեշնորհ տեր Վարդան աբեղա Նավասարդյանի հետ: Նա տեղեկացրեց. «Դպրոցներին տրամադրվել է գրականություն, դիտակտիկ նյութեր: Տնօրենը ազատ ընտրություն է կատարում միջոցառման կազմակերպման առումով: Ինքն է որոշում՝ կլինի երգ, բեմադրություն, թե այլ բան: Իսկ շրջիկ հանձնախումբը կայցելի մարզերի բոլոր դպրոցներ, կընտրի մարզի լավագույն դպրոցը, որը նոյեմբերի 3-5-ը կտեղափոխվի Էջմիածին, որտեղ էլ կկայանա միջոցառման եզրափակիչ փուլը»: Խոսելով մրցույթի նպատակի մասին՝ տեր Վարդանն ասաց. «Ուզում ենք դպրոցականներին մոտեցնել եկեղեցուն, ծանոթացնել պատարագի խորհրդին, հաղորդակից դարձնել ազգային եկեղեցական արժեքներին»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք խզո՞ւմ են տեսնում եկեղեցու եւ դպրոցի միջեւ, հայր Վարդանը պատասխանեց. «Խզումը եղել է համայնավարության ժամանակ, անկախության տարիներից հետո փորձում ենք վերացնել այդ խզումը»:
Նշենք նաեւ, որ մրցույթի մասնակիցները մրցանակներ կստանան «լավագույն սցենար», «լավագույն կատարում» եւ «լավագույն բեմադրություն» անվանակարգերում: