Քննական հանձնաժողովները այսպես են ընտրում ապագա լրագրողներին եւ դերասաններին
«Ստեղծագործական մրցույթ» եւ «դերասանի վարպետություն» առարկաներից բուհական ընդունելության քննությունները նման են նրանով, որ երկու առարկայական հանձնաժողովների անդամներն էլ ավանդաբար դիմորդներին «20»-եր չեն շռայլում: Երկուսն էլ ստեղծագործական բնույթի քննություններ են, որտեղ, ի տարբերություն ճշգրիտ գիտությունների, լիովին օբյեկտիվություն ապահովելը խիստ դժվար է, որքան էլ մշակված լինեն հատուկ չափորոշիչներ:
Երեկ «Առավոտը» հետեւեց այս քննական հանձնաժողովների աշխատանքներին: Սկզբում այցելեցինք ԵՊՀ, որտեղ անցկացվում էր ստեղծագործական մրցույթ քննությանը, որին մասնակցում էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց՝ ապագա լրագրողներին հատուկ վերաբերմունք ցուցաբերելը արդյոք նրա՞ համար է, որ հետագայում նախարարը լրագրողների հետ խնդիրներ չունենա: Պարոն Աշոտյանը պատասխանեց. «Դուք լավ գիտեք, որ լրագրողների հետ այս ընթացքում խնդիրներ չեմ ունեցել, չեմ էլ ունենա ապագայում: Ցավոք, մեզանում ազատ խոսքի ինստիտուտը միշտ չէ, որ հարթ է գործում, ուստի կրկնակի կարեւոր է լրագրողի մասնագիտական կրթությունը, գիտակ եւ պրոֆեսիոնալ լինելը: Լավ լրագրողը երբեմն ավելի ազդեցիկ կերպար է հասարակության մեջ, քան պատգամավորը կամ նախարարը: Հատուկ վերաբերմունք չկա, քանի որ երեկ էլ ենք շրջել քննակենտրոններում, այսօր էլ»: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա ապագա լրագրողին ընտրելու լավագույն ձեւն է: Նախարարը պատասխանեց. «Մասնագետ չեմ, բայց այնքան եմ աշխատել լրագրողների հետ, որ գիտեմ՝ ինչ բարդ եւ երբեմն ոչ ապահով մասնագիտություն է լրագրությունը, ուստի լրագրող ընտրելու տարբերակները գուցե հետագայում վերամշակվեն, բայց սա այն տարբերակն է, որով առաջնորդվում է մասնագիտական համապատասխան կրթություն իրականացնող մայր բուհի ֆակուլտետը: Իսկ եթե ունեք ավելի լավ առաջարկներ, կարող եք առաջարկել հետագա տարիների համար»: Դառնալով օբյեկտիվությանը՝ նախարարը փոքր-ինչ փիլիսոփայական պատասխան տվեց. «Արդյոք սուբյեկտիվ չէ՞ կայացած լրագրողի հոդվածը, ընթերցողի ընկալումը, այն, ինչ ճշգրիտ գիտությունների շրջանակում չէ, իր վրա կրում է սուբյեկտիվության դրոշմը»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմողների թիվն այս տարի աճել է. 2007-ին գրանցված 85 դիմորդն այժմ դարձել է 107: Այս մասին նախարարն ասաց. «Այնպես չէ, որ լրագրությունը երկրորդ ընտրության մասնագիտություն է՝ ով որեւէ տեղ չի ընդունվում, գալիս է այստեղ: Իսկ այս մասնագիտությունն ընտրած դիմորդներին ցանկանում եմ ընդունվել եւ անպայման դառնալ կրթության ոլորտը լուսաբանող լրագրողներ»: Լրագրողների հետ զրույցում պարզվեց, որ Ա. Աշոտյանը բավականին ռոմանտիկ անձնավորություն է, քանի որ դիմորդներին առաջադրված թեմաներից միայն «Չուղարկված նամակը» նրան գրավեց եւ խոստովանեց, որ բավականին հուզիչ պատմություն կգրի: Նամակի հասցեն նախարարը հարգելի պատճառով գաղտնի պահեց:
Իսկ ստեղծագործական մրցույթ առարկայական հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ այս տարի եւ՞ս, ինչպես նախորդներին, հանձնաժողովը առավելություն կտա ժուռնալիստական մոտեցում ցուցաբերած դիմորդներին: Նա պատասխանեց. «Բոլոր ժամանակներում ստեղծագործական մրցույթ առարկայի հանձնաժողովի անդամները պիտի փորձեն որոնել ու գտնել ապագա լրագրողին, որն ունի դիտողականություն, ստեղծագործելու աստվածատուր ձիրք: Մշակված են հստակ չափորոշիչներ: Օրինակ՝ աշխատանքի նվազագույն ծավալը պիտի 4 էջ լինի, թեմայից լրիվ շեղումը, անգամ գրագետ եւ անթերի շարադրանքի դեպքում կգնահատվի 0 միավոր, ուղղագրական սխալի դեպքում գնահատականը կիջեցվի 1, ոճական եւ կետադրական սխալների դեպքում 0.5 միավորով: Կետադրական նույնատիպ 3 սխալի դեպքում կատարվում է խմբավորում եւ դիմորդի միավորը նվազում է 0.5-ով: Ուշագրավ մտքերի համար հանձնաժողովը կարող է մինչեւ 3 միավոր խրախուսել դիմորդին»: Ն. Մարտիրոսյանն ասաց, որ գնահատվելու է դիմորդի ինքնուրույն շարադրանքը, իսկ «20» չնշանակելու խնդիր հանձնաժողովը չունի, եւ բոլոր պահանջներին բավարարող աշխատանքն անպայման կարժանանա այդ գնահատականին:
«Առավոտը» ներկա գտնվեց նաեւ դերասանի վարպետություն առարկայի քննությանը: Այդտեղ դիմորդները պետք է ներկայացնեին արձակ, չափածո ստեղծագործություն, առակ եւ երաժշտական կատարում: Առակի միջոցով ստուգվում է՝ դիմորդը որքանով է կարողանում կերպար կերտել, չափածոյի դեպքում՝ որքանով է հասկանում բանաստեղծի ներաշխարհը եւ գտնում ճիշտ արտահայտչամիջոցներ դրանք փոխանցելու համար, իսկ արձակի միջոցով հանձնաժողովը պարզում է՝ դիմորդը որքանով է խոսքը հետաքրքիր դարձնում: Այս քննության ժամանակ գնահատվում է նաեւ երեւակայությունը: Մեր՝ քննասենյակում գտնվելու հանգամանքից օգտվեց դիմորդ Ռշտունի Գրեյանը եւ Պարույր Սեւակի «Բեռան ներքո» բանաստեղծությունն արտասանելիս դերասանական խաղի օբյեկտ դարձրեց նաեւ մեզ: Սա դուր եկավ հանձնաժողովին: Հանձնաժողովն այնքան էլ չհավանեց Արման Մեժլումյանի իմպրովիզը, որը Խնկո-Ապոր «Մի ամլիկ գառ» ստեղծագործության մեջ գայլի դերում մարմնավորում էր ղարաբաղցու, գառի դերում՝ «հայաստանցու»: Հանձնաժողովը հավանեց այն, որ դիմորդների մեծամասնությունը գիտեր եւ շատ էր օգտագործում «ակապելլա» բառը, որը նշանակում է առանց նվագակցության: Հանձնաժողովի անդամներից Աննա Հեքեքյանն էլ փորձում էր ուղղել դիմորդների խոսքում «չ»-ի եւ «շ»-ի արտասանությունը: Երբ քննությունն ավարտվեց՝ զրուցեցինք դիմորդների հետ, որոնցից ոմանք դժգոհեցին, թե հանձնաժողովն իրենց ընդհատում էր եւ հաճախ թույլ չէր տալիս մինչեւ վերջ արտահայտվել: Այս մասին դերասանական արվեստ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Բաբայանն ասաց. «Ընդհատում ենք, երբ պարզ է՝ ինչպես է շարունակվելու»: Սնդրադառնալով դիմորդների ընդհանուր պատրաստվածությանը՝ պարոն Բաբայանն ասաց. «Ցավոք, փայլուն երեւույթներ չկան, ընդհանուր մակարդակը տխուր է, գորշ: Պատճառներից մեկն այն է, որ մեզ մոտ բացակայում է նախնական մինչբուհական կրթությունը այս մասնագիտության գծով: Ցավոք, դիմորդների մոտ տեսնում ենք ցածրորակ սերիալների ազդեցությունը: Ինձ մտահոգում է այն, որ երիտասարդները չեն ուզում տարբերվել, իսկ դա նշանակում է՝ մարդ անազատ է: Դիմորդները կաղում են ինտելեկտի պակասից, երբեմն փնթի է նրանց խոսքը»: Իսկ կուրյոզային միջադեպերից Ռ. Բաբայանը հիշեց այն, որ մի տղա եկել եւ ասել էր, որ ոչինչ չգիտի, բնականաբար նա «կտրվել է»: