Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւ կատու

Հուլիս 17,2009 00:00

«Ինչ-որ բանի հավատալուց առաջ պետք է այն կասկածի տակ առնել, հետո փարատել կասկածը, հետո նոր հավատալ»։

Կասկածի-հավատի տեսությունը կիրառելի է գիտական ուսումնասիրության դեպքում, բայց հասարակական-թիմային-մարդկային հարաբերություններում այն կատարյալ ծուղակ է։ Կասկածի որդը թիմը քայքայելու, մարդկային-գործնական հարաբերությունները փչացնելու լավագույն ձեւն է։ Ֆրանսիական գիլիոտինային սարսափը հիմնված էր կասկածի վրա։ Յակոբինյան դիկտատուրայի վերջին շրջանում ավելի շատ մահապատժի էին ենթարկվում հեղափոխության խնդիրների վերաբերյալ սեփական դատողությունները ներկայացնող համակիրները։ Ստալինյան տարիները լցված էին յուրայինների նկատմամբ մատնագրերով. բոլորը բոլորին կասկածում էին, «մերկացնում ժողովրդի թշնամիներին» ու քշում Սիբիր ու գնդակահարության պատի տակ։ Ազգակործան դասակարգային պայքարը սկսվել է կասկածի հարուցմամբ՝ «Պրոլետարնե՛ր, գիտե՞ք, որ մեզ շահագործում են քաղքենիները»։ Բանակի ոգին կոտրվում է դավաճանի փնտրումով (դաշնակները վերցրել են հանրապետության փողերն ու հայդե՝ Փարիզ)։ Դասալքության վերջին հիմնավորումը ռազմաքաղաքական ղեկավարության դավաճանության մասին հորինվածքն է։ Ընկերությունը պառակտելու համար կասկածի տակ է առնվում մեկի մաքրությունը։ Հավատաքննության, վհուկների որսի ելակետը կասկածն էր (եթե խոզի միս չի ուտում, ուրեմն… ու խարան, ու խարույկ)։ Ողջակիզվածների մեծ մասը հերետիկոսության հետ ոչ մի կապ չուներ, ներառյալ Ջորդանո Բրունոն։ Փակ համակարգերում կասկածի տակ առնվածն ինքնասպանություն է գործում։ Հայ այլախոհների թափը 70-ականների վերջին կոտրվեց ոչ թե ԿԳԲ-ի, այլ կասկածի մթնոլորտի ճնշման տակ։ ԿԳԲ-ում ինձ էլ տրված առաջին հարցն այս էր. «Գիտե՞ս, որ ձեր մեջ մենք մարդ ունենք»։ Պայքարում ձախողվում է նա, ով հաղթանակի ճանապարհ փնտրելու փոխարեն սեփական ճակատում դավաճան է փնտրում։ Մութ սենյակում սեւ կատու փնտրելը ոչ միայն անիմաստ, այլեւ վտանգավոր զբաղմունք է։ Վաղուց հայտնի բան է. «Համակիրների շարքերում փնտրեք դավաճանին եւ նա անպայման կբացահայտվի, նույնիսկ, եթե մինչեւ ձեր փնտրելը նա չկար»։ Քաղաքապետի ընտրարշավի ժամանակ ենթաշտաբներից մեկի պետի ականջին ասում են. «Ձեր բուկլետները բաժանող այն երիտասարդներին մրցակիցներն են ուղարկել ձեր շտաբ, իրենց տղերքն են»։ Այդ տղաները շտաբականների աչքերում տեսան այդ կասկածն ու էլ գործ չարեցին։ Հակառակ օրինակ. օլիգարխներից մեկը մյուսին որոշում է սպանել եւ մարդասպան է վարձում։ Վերջինս, տեսնելով իր թիրախի մարդկային մոտեցումը, հարգանքը, վստահությունը իր՝ նորեկի նկատմամբ, վերանայում է իր անելիքը եւ բացահայտում դավադրությունը։

Գործնականության տեսանկյունից դրույթը սկզբնապես կասկածի տակ առնելը ժամանակի ավելորդ ձգձգում է։ Գործն առաջ տանելու համար առաջարկվեց հավատ ընծայել, իսկ եթե ձեռնարկը տապալվում է, ապա գնահատել, որ ընտրությունն այդքան էլ հաջող չէր։ Գործ ձեռնարկելիս գործընկերոջ արժանիքները կամ գործի հաջողությունը կասկածի տակ առնելը հաջողության, առավել եւս հաղթանակի հետ ոչ մի առնչություն ունենալ չեն կարող։ Վստահությունը, ինչպես սերը, փոխադարձ են լինում, կասկածը՝ նույնպես։ Երբ կասկածում ես դիմացինիդ, նա էլ սկսում է քեզ կասկածել եւ, պրագմատիզմի տեսության կանոնների համաձայն, գործը միառժամանակ կանգնում է։ Գործը կարող է նոր թափ վերցնել, երբ երկու կողմերն էլ մեծահոգի եւ անհիշաչար խոստովանությամբ դուրս գան այդ ծուղակից։ Գործը վերջնականապես ձախողվում է, երբ մի կողմ թողած նպատակը՝ տարվում են բամբասանքներով եւ վհուկների որսով։ Դրանից հետո գալիս են հոգնությունն ու հուսալքությունը, որոնց հետ կապ չունի բազմակարծությունը։ Այն բոլորովին այլ բան է եւ նպաստում է տրամադրությունների վճռականացմանը, որն էլ իր հերթին առաջադրում է խնդիր՝ նորից գալ գլխավոր հուն, վերագտնել նպատակն ու գնալ հունավորված ճանապարհով։ Երբ նպատակը հստակ ձեւակերպելի չէ կամ կասկած կա, ապա շարքերն ամրացնելու ամենահուսալի ձեւը երդումն է։ Իսկ երբ Մարդու այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ, եւ Նա Ճշմարտության-Օրենքի մեջ է, ապա պարտադիր չէ երդվելը. Նա վստահության արժանի է։ Մեր ժողովուրդն արժանի է երջանիկ ապրելու ոչ թե միլիոն տարի հետո, այլ այսօր։ Դրա համար ենք ազգովի ձգտում վերականգնել Անկախությունն ու Ժողովրդավարությունը, ռուսական զորքերն ու բազաները դուրս հանել մեր երկրից, ինչպես Իրաքից դուրս են բերվում ամերիկյան զորքերը։ Այս մեծ գործի իրականացման ճանապարհի ամենավտանգավոր խութը կասկածն է թիմակցի, համակիրի, պայքարողի նկատմամբ, իսկ հավաքական հաջողության հասնելու գրավականը փոխադարձ վստահությունն է, հարգանք-սերը։ Սատանան հենց չսիրելն ու կասկածելն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել