Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ԴԱՐՁԵԼ ԷՐ «ՄԱՐՏԻ 1»-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Հուլիս 17,2009 00:00

\"\"Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ վիրավորված Արթուր Ավագյանի մասին ասել էին լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցները:

2008 թ. մարտի 1-ին Երեւանի փողոցներում ծավալված ողբերգական իրադարձություններն ու դրանց հետեւանքով 10 զոհերի մասին լուրերը աշխարհասփյուռ հայերի համար իսկապես սառը ցնցուղ էր: Այդ օրերին, ինչպես արտերկրում ապրող մեր շատ հայրենակիցներ, ամերիկաբնակ հայերը եւս տեղի ունեցածի մասին Հայաստանից ստացվող սուղ ու կիսատ-պռատ պաշտոնական տեղեկատվության քաղցը փորձում էին լրացնել ոչ միայն տարատեսակ բլոգներում ծավալված քննարկումներից տեղեկություններ «որսալով», այլեւ YouTube ինտերնետային կայքի «SOSArmenia» էջում տեղադրված տեսաշարերը թերթելով: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայերից շատերը հենց այդ կայքում էին տեսել մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում հրազենային վնասվածք ստացած եւ հրաշքով մահից խույս տված 22-ամյա Արթուր Ավագյանի՝ հիվանդանոցի վիրահատական սեղանի վրա արված ահասարսուռ տեսարանը, որը ցնցել էր բոլորին: «Բազմաթիվ հայերի համար նա դարձավ այդ օրվա ողբերգական իրադարձությունների խորհրդանիշը»,- հետո պիտի ասեր ամերիկաբնակ մեր հայրենակից, բժիշկ, Հայկական կրթական բարեսիրական միության ատենապետ Համբիկ Սարաֆյանը: Մարտի 1-ին Լուսավորչի եւ Զաքյան փողոցների խաչմերուկում Արթուրը հրազենային վնասվածք էր ստացել. մուտքը՝ վզի ձախ կողմից, ելքը՝ աջ այտի շրջանում: Ու թեեւ «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել էր նրա կյանքը փրկել, բայց ստացած վերքերը լիովին չէին բուժել: Արթուրը լուրջ առողջական խնդիրներ ուներ. չէր կարողանում նորմալ խոսել, ուտել եւ խմել:

Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները հենց այդ պահից ի վեր սկսել էին հետաքրքրվել Ավագյանի ճակատագրով, փորձել էին գտնել նրան: Որոնումները շուտով տվել էին իրենց արդյունքը: Հենց «Ա1+»-ի միջոցով էլ, որը մի առանձին հրապարակմամբ պատմել էր երիտասարդի պատմությունը եւ կոչ էր արել մասնագետ բժիշկներին օգնության ձեռք մեկնել Արթուրին՝ բնականոն կյանք վերադառնալու համար, հնարավոր էր եղել գտնել Արթուր Ավագյանի ծնողներին:

Գլենդեյլում ՍԴՀԿ կառույցներից մեկի՝ Հայկական կրթական բարեսիրական միության եւ անձամբ նրա ատենապետ Համբիկ Սարաֆյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, մոբիլիզացվել էին բոլոր հնարավոր եւ անհրաժեշտ միջոցները՝ Արթուրի ստացած վնասվածքների բուժումը, որոնք հայաստանյան բժիշկների ասելով՝ վերականգնելի չէին, ԱՄՆ-ում իրականացնելու ուղղությամբ: Հենց Համբիկ Սարաֆյանի նախաձեռնությամբ այդ նպատակի շուրջ համախմբվել էին Կալիֆոռնիայի Հայ ատամնաբույժների ընկերակցությունը, իրենց գործի լավագույն մասնագետներ՝ Պլաստիկ եւ վերականգնողական վիրահատության կենտրոնի վիրաբույժ Վաչե Բարդակչյանը, բերանի խոռոչի եւ դիմածնոտային վիրաբույժ Գաբրիել Ասլանյանն ու լուսային դիագնոստիկայի մասնագետ Գրիգոր Գրիգորյանը, որոնք պատրաստակամություն էին հայտնել Արթուր Ավագյանին անվճար բուժօգնություն ցուցաբերել: Այդ հարցում նախաձեռնության հեղինակերը ակտիվորեն համագործակցել էին նաեւ Գլենդեյլի հիվանդանոցներից մեկի՝ Glendale Memorial Hospital-ի հետ, որը համաձայնել էր երիտասարդի վիրահատության համար վիրահատական սենյակ եւ հիվանդասենյակ տրամադրել:

Հիշյալ բոլոր անձանց, ինչպես նաեւ ամերիկաբնակ մեր հայրենակից Էմիլիա Բաբաջանյանի գործուն ջանքերի շնորհիվ հուլիսի 2-ին հնարավոր էր եղել կազմակերպել Արթուր Ավագյանի տեղափոխումը ԱՄՆ: Ընդ որում, դա եւս արվել էր անվճար: Արթուրի ճանապարհածախսն ամբողջությամբ հոգացել էր Հայկական կրթական բարեսիրական միությունը: Իհարկե, սրանով Արթուրով զբաղվողների թիվը չի սահմանափակվում: Կալիֆոռնիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը՝ Արմեն Կակաչյանը հանձն էր առել ոչ միայն տղային Երեւանից մինչեւ Լոս Անջելես ուղեկցելու, այլեւ բուժման ընթացքում նրա կեցությունը ապահովելու հարցը՝ Արթուրին հյուրընկալելով իր տանն ու կազմակերպելով նրա այցելությունները բժիշկներին ու նաեւ հանգիստը:

Ինչեւէ, հուլիսի 13-ին Արթուրին վիրահատել էին: Վիրահատությանը, բացի վիրաբույժներ Վաչե Բարդակչյանից ու Գաբրիել Ասլանյանից, մասնակցել են նաեւ այլ մասնագետ բժիշկներ: Ինչպես փոխանցեց բժիշկ Համբիկ Սարաֆյանը, վիրահատությունը բարդ էր եւ սպասվածից երկար է տեւել, բայց ավարտվել է հաջողությամբ: «Բազմաթիվ մարդկանց ցանկությունն էր օգնել այս տղային, որը մարտի 1-ին ստացած մեր բոլորի վերքերի մարմնացումն էր»,- տեղի թերթերից մեկին ասել էր պարոն Սարաֆյանը՝ հավելելով, թե դա խորը հետք էր թողել բազմաթիվ մարդկանց մտքերում, իսկ այն, ինչ հնարավոր եղավ անել Արթուր Ավագյանի համար՝ լոսանջելեսաբնակ հայերի մի ստվար հատվածի համատեղ ջանքերի շնորհիվ էր: Ա. Ավագյանը Հայաստան կգա միայն այն բանից հետո, երբ, ինչպես հավաստիացրել են բժիշկները, լիարժեք ապաքինված կլինի:

Ե՛վ Արթուր Ավագյանը, ե՛ւ նրա ծնողներն ու հարազատները իրենց խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում «Ա1+»-ի ողջ անձնակազմին՝ Մեսրոպ Մովսեսյանի գլխավորությամբ, իրենց նախաձեռնության, Հայկական կրթական բարեսիրական միությանն ու անձամբ ատենապետ Համբիկ Սարաֆյանին եւ պարզապես մայր Էմիլիա Բաբաջանյանին՝ Արթուրին բնականոն կյանք վերադարձնելու ուղղությամբ հետեւողական քայլերի ու գործադրած ջանքերի համար, վիրաբույժներ՝ պարոնայք Վաչե Բարդակչյանին եւ Գաբրիել Ասլանյանին, բժիշկ Գրիգոր Գրիգորյանին, նաեւ Արթուրին իր տանը հյուրընկալած Արմեն Կակաչյանին՝ իրենց մարդասիրական եւ կարեկից վերաբերմունքի համար, նաեւ ԱՄՆ ուղարկվելիք բժշկական փաստաթղթերի պատրաստման հարցում Արթուրի հարազատներին անվարձահատույց օգնություն ցուցաբերած Բժշկական համալսարանի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Էդուարդ Ավետիսյանին:

Աստված ձեզ զորավիգ ու պահապան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել