Վանաձորում դեռ տնակներում ապրողներ կան
Վանաձորի Քիմշեն թաղամասում գտնվող այս տնակում Գուրգեն պապի ընտանիքն ապրում է արդեն 20 տարուց ավելի, 1988 թվականի երկրաշարժից հետո: «Մեր քանդված տան փոխարեն փոխհատուցում ստացել ենք, սակայն տունը վաճառել ենք. դժբախտ դեպք էր պատահել: Հիմա այս տնակում բնակվում է 7 անձ, որից 2-ը հիվանդ է»,- պատմում է Գուրգեն պապը:
Տաթեւը 18 տարեկան է. ծնվել է տնակում: «Այստեղ ամեն ինչ շատ դժվար է: Ջուր չունենք, բերում ենք հարակից տարածքից: Բնական գազ տնակներում արգելված է. ձմռանը տնակները տաքացնում ենք փայտե վառարաններով: Սակայն այստեղ շատ խոնավ է»:
Տաթեւենց ընտանիքին բնակարան խոստացել են. դեռ հերթը չի հասել:
Այլ իրականություն պարզվեց, երբ զրուցեցինք երկրաշարժից տուժած մեկ այլ քաղաքացու՝ Սիրանի հետ: «Մենք փոխհատուցում չենք ստացել ո՛չ տան, ո՛չ գումարի տեսքով: Ճիշտն ասած, չենք էլ դիմել համապատասխան մարմիններին: Մենք տնակում էինք բնակվում, սակայն մի քանի տարի առաջ մարզպետարանից եկան, ասացին, որ եթե տնակն այդտեղից չտեղափոխենք, իրենք կգան, ամբարձիչով մեզ էլ հետը կտանեն այդտեղից: Հայրս, ճիշտն ասած, վախեցավ, եւ մենք ժամանակավորապես տեղափոխվեցինք մի բարեկամի տուն, ով հիմա Հայաստանում չէ»: Տնակը հանելուց հետո էլ ընտանիքը որեւէ փոխհատուցում չի ստացել: Մեր խոսակցության պահին Սիրանը քեռուն պատկանող տնակում էր: Այստեղ էլ նույն կենցաղային խնդիրները կային՝ խոնավություն, ջրի, գազի բացակայություն, խարխուլ տանիքներ:
Տիկին Սվետլանան այդ պայմաններում մեծացնում է 2 փոքրիկ թոռնիկներին՝ մեծը հազիվ 6-7 տարեկան է: Խոնավությունն ազդում է փոքրիկների առողջության վրա: Նրանց դատարանից ծանուցագիր էր եկել. դատարանը պետք է որոշի տնակի տեղափոխման հարցը, իսկ փոխհատուցումից կամ դրա չափից տեղյակ չեն՝ դատարանը կորոշի:
Ըստ Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանի, Վանաձորի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին՝ «քաղաքի կենտրոնում գտնվող տնակները վնասում են քաղաքի ճարտարապետական տեսքին, եւ դրանք պետք է հեռացվեն: Համայնքը բնակարաններ է տրամադրում նաեւ ոչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին»:
2002 թվականին 76 ընտանիք, ովքեր անօթեւան էին մնացել ոչ երկրաշարժի հետեւանքով, բնակարաններ են ստացել հանրակացարաններում: Հետագա տարիներին եւս շարունակվել է մարդկանց բնակարանով ապահովելու գործընթացը: Իսկ երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած բոլոր ընտանիքները, ըստ Գրիշա Պառավյանի, ստացել են բնակարան կամ բնակարանի գնման հավաստագիր: Բնակարան չունեն միայն նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն եղել եւ հավաստագրով ժամանակին բնակարան չեն գնել:
«Հայկական օգնության եւ զարգացման ասոցիացիայի», Վանաձորի քաղաքապետարանի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության շրջանակներում Վանաձոր քաղաքի Տարոն-3 թաղամասում կառուցված քոթեջները հանձնվել են 16 ընտանիքների, որոնք երկրաշարժից ի վեր ապրել են Վանաձորի տնակային ավանում: Այս գործընթացը շարունակելի է: Ծրագրվում է առաջիկա 3 տարվա ընթացքում կառուցել 100 քոթեջ:
Քիմշեն թաղամասում այժմ մոտ 130 տնակ կա: Ու մինչ նոր ծրագրեր են մշակվում՝ մարդիկ շարունակում են ապրել խոնավ տնակներում՝ ունենալով կենցաղային բազմաթիվ խնդիրներ: