Քասախի գյուղապետը վստահ է, որ համայնքապետարանը չպետք է զբաղվի սեփական եկամուտների հավաքագրմամբ
Քասախ գյուղի լուսաբացներն ազդարարում են ոչ թե աքաղաղները, ինչպես ամենապարզ, հայկական ավանդական գյուղերում, այլ՝ յոթ հավաքարարները: Վերջիններիս՝ փողոցները մաքրող ավելների քստքստոցից էլ քասախցիները հասկանում են, որ նոր օրն արդեն մեկնարկել է: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը անթաքույց հպարտությամբ նշեց, որ չկա մի օր, որ Քասախի փողոցները չմաքրվեն:
Օտար աչքը Քասախ գյուղը քաղաքից դժվար թե տարբերի. երեք-չորս հարկանի բազմաբնակարան տներն ու քաղաքին բնորոշ հասարակական նշանակության կառույցները առաջին հայացքից քաղաքի տպավորություն են թողնում: Առավել եւս, որ Քասախը Երեւանին կպած է՝ Երեւան-Աշտարակ մայրուղում, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքի մատույցներում: Չիմացողը կարող է ենթադրել կամ Երեւանի Նուբարաշեն թաղամասի օրինակով եզրակացնել, թե Քասախը քաղաքի մի թաղամաս է, բայց քաղաքից մի քիչ կտրված: Իրականում Քասախը առանձին համայնք է՝ գյուղ, 110 միլիոն դրամ բյուջեով:
Այսօր Հայաստանի բոլոր համայնքներում էլ ամենացավոտ հարցը, որի վրա պարբերաբար ուշադրություն են հրավիրում մարզեր այցելող պաշտոնյաները, սեփական եկամուտների՝ հողի հարկ, գույքահարկ, հավաքագրման մակարդակն է: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ հանրապետությունում սեփական եկամուտների հավաքագրումը միջինը 65-66% է: Այս առումով Քասախը բացառություն չէ: Բայց Քասախի աշխարհագրական դիրքը առավելություն է:
Ցավոք կամ բարեբախտաբար, Քասախի մատույցները նման չեն ոչ Երեւան-Արմավիր, ոչ էլ Երեւան-Աբովյան ու Երեւան-Ջրվեժ-Գառնի մայրուղիների երեւանամերձ հատվածներին՝ խաղատների եւ «օբյեկտների» այդչափ առատություն չկա: Բայց Քասախի վարչական սահմաններից ներս է գործում ռեստորանային համալիրներից մեկն ու շինանյութերի հսկայածավալ արտադրամասը, որոնց վճարած հարկերի մի մասը Քասախի բյուջե է մտնում: Գյուղապետը ասաց, որ այս տնտեսվարողները ամենաբերախիղճ հարկատուներից են: Թերեւս, նրանց հարկերի շնորհիվ է, որ համայնքի ղեկավարությունն իրեն թույլ է տվել հավաքարարի յոթ հաստիք ունենալ, արվեստի ու մարզական դպրոցներ, ինչպես նաեւ մշակույթի պալատ ու մանկապարտեզ պահել:
«Այսքան ուրախ կյանքը» քասախցուն, պարզվում է՝ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն է տվել: Համենայնդեպս, նա Քասախի ղեկավարն է արդեն 18 տարի՝ 1991 թվականից: Ծնունդով ապարանցի է, ինչպես Քասախի եւ հարեւան գյուղերի շատ բնակիչներ, կուսակցական պատկանելությամբ՝ հանրապետական: Վերջին տարիներին՝ երբ ամենաբարձր մակարդակով որոշվեց, որ տեղական հարկերը՝ տեղական բյուջեի եկամուտները պետք է հավաքեն համայնքապետերը, Արա Մկրտչյանը տխրել է, քանի որ օրենքով սահմանված պարտականությունների կատարումը չի տեղավորվում հայկական գյուղին բնորոշ բարիդրացիության սահմաններում: Օրինական պարտականությունների կատարումը դառնում է հարաբերությունների մեջ խրված սեպ՝ հատկապես հարկերի հավաքագրումը:
Քասախի ղեկավարն առաջարկում է հավաքագրումների ծանր պարտականությունը հեռացնել ընտրովի մարմիններից եւ դնել հարկահավաք կազմակերպությունների ուսերին՝ վերադառնալ հին համակարգին: «Մարդն ինձ հավատացել՝ ձայն է տվել, որ իր հոգսերը հոգամ, իր մատի փուշը հանեմ, բայց ի՞նչ է ստացվում: Հողի ու գույքահարկի պարտքի համար ես նրան հասցնում եմ դատարան, գույքն էլ բռնագրավել տալիս»,- ասաց Արա Մկրտչյանը: Նրա կարծիքով, նախ պետք է քաղաքացուն հասցնել այն գիտակցության, որ ինքը հարկատու է, բացատրել, որ հարկերից խուսափելը ապօրինություն է՝ ենթակա վարչական տույժի եւ նոր միայն կոշտ քայլերի դիմել:
Հարկ վճարելու կարեւորության եւ անհրաժեշտության քարոզչության հարցում կարեւորելով պետության ծանրակշիռ դերը, Արա Մկրտչյանն ասաց. «Պետությունն իր քաղաքացու մեջ պետք է քաղաքացիական մտածողություն սերմանի այնպես, ինչպես ամերիկացու եւ եվրոպացու մեջ է սերմանված: Մեր երկրի քաղաքացին էլ պետք է հասկանա, որ հարկ վճարելն իր պարտքն է, ու դրանից խուսափելը անպայման պատժվելու է օրենքով: Ինչի՞ց է, որ դրսում ապրող հայը առաջին հերթին հարկերից է խոսում: Որովհետեւ, ոչ միայն գիտակցում է դրա կարեւորությունը, այլեւ՝ պատկերացնում է ֆինանսական կորստի չափը, որը, որպես վարչական տույժ, փոխհատուցելու է խուսափելու դիմաց»:
Քասախի ղեկավարի համոզմամբ՝ տարիներ շարունակ պետական որեւէ մարմին չկարողացավ լիարժեքորեն իրականացնել հողի եւ գույքահարկի հավաքագրումը եւ դրանց իրագործման ծանր գործը բարդեց համայնքների ու համայնքապետերի վրա: «Բայց մենք կոչված ենք սոցիալական խնդիրներ լուծելու: Եթե այլ հարկերի նման այս երկուսն էլ հարկահավաքներին հանձնեն, մենք մեր ռեսուրսները կկենտրոնացնենք համայնքի սոցիալական կյանքը բարեփոխելու ուղղությամբ»,- առաջարկում է Արա Մկրտչյանը: Իսկ թե ինչպես է պատկերացնում առանց հարկերի բյուջե կատարելը, Քասախի ՀՀԿ-ական ղեկավարն ասաց. «Թող հարկահավաքները հավաքեն, փոխանցեն մեզ, մենք կտնօրինենք»: