Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԲԵԿՆ ԷԼ ՎՃՌԱԿԱՆ ՉԳՏՆՎԵՑ

Հուլիս 17,2009 00:00

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը վերադարձրեց Կոնսերվատորիայի ուսանող Արամ Մելիքյանի վճռաբեկ բողոքը: Անցյալ տարվա փետրվարի 25-ին Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում, 3-րդ հարկի պատշգամբին հենվելիս այն պոկվել էր, եւ Արամը մահամերձ վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Արամ Մելիքյանն իր բողոքում նշել էր, որ դատարանները, ինչպես նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ոստիկանությունը, իր՝ պատշգամբից վայր ընկնելու եւ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ ստանալու մեջ որեւէ անձի կամ հաստատության մեղավոր չեն ճանաչել: Մինչդեռ, Արամը հանգստյան տակ փականված դուռը բացելու համար փորձել է անցնել հարեւան սենյակ, եւ հենվելով պատշգամբին՝ 3-րդ հարկից ընկել է, քանի որ բազրիքը ամուր չի եղել, ինչի մասին հանգստյան տան տնօրինությունը պարտավոր էր նախազգուշացնել:

Արամի ողբերգությունն այն է, որ երբ հանգստյան տան տնօրինությունը դեպքից ամիսներ անց վիրահատարանում ինչ-որ գումար է առաջարկել, վախենալով, հավանաբար, որ քրեական գործ կհարուցվի շահույթ ստացող այս հիմնարկի դեմ, որտեղ անվտանգության տարրական նորմերը չկան, ինքը չի ընդունել:

Արամի ողբերգությունն այն է, որ մինչ ինքը կապաքինվեր, «պատշգամբը տեղն են գցել», զոդել են իրեղեն ապացույցը եւ չի կարողանում ապացուցել, որ ոստիկանադատավորական տանիք ունեցող այս առողջարանում անտարբերությունը բավական էր, որ քրեական գործ հարուցվեր: 3-րդ հարկից վայր ընկած տուժողին օգնել են նրա ընկերները, իսկ հանգստյան տունն այդ ժամանակ «անհայտ բացակայող» էր: Սակայն վճռաբեկ դատարանում ուժ չգտան այս բողոքը ընդունելու, որովհետեւ թղթե ապացույցներն ավելի զորեղ գտնվեցին, քան կենդանի վկան, որը կանգնած էր իրենց առջեւ՝ ջութակահարի մասնագիտությունը կորցրած եւ հաշմանդամ դարձած:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել