Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Հուլիս 17,2009 00:00

Շոթան լրատվամիջոցներից «ահաբեկվել» է

\"\"2007թ. օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում սպանվեց Ռուսաստանից հայրենիք եկած ձյուդոիստ, զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նրա պարանոցին առկա էր 19,6 սմ կտրվածք, որը հիմք էր տվել ենթադրել, թե զինվորն էլեկտրահարվել է: Իրականում, ըստ ծնողների, իրենց որդուն ոչ թե էլեկտրահարել էին, այլ՝ խեղդել:

Գեղարքունիքի մարզի դատարանում դեռ շարունակվում է կապի հանգույցի պատասխանատու Ռոստամ Ասատրյանի եւ ռադիոռելեային կայանի պատասխանատու Կարեն Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը:

Դատավոր Յուրի Իսկոյանի նախագահությամբ որոշում էր կայացվել նշանակել արտաշիրիմում:

Տուժողի իրավահաջորդները պահանջել էին փորձագետ Արգամ Հովսեփյանին, սակայն մեղադրող Հարություն Հարությունյանի որոշմամբ Հովսեփյանին մերժում են եւ ընդգրկում ատամնաբույժ-դիմածնոտայինի մասնագետների:

Սակայն Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը դատարանին մի գրություն է ուղարկում, որով հայտնում է, որ «իրենց կենտրոնի փորձագետները չեն կարող հանդես գալ արտաշիրմանը՝ որպես առաջատար հիմնարկություն, քանի որ լրատվական միջոցներից հայտնի է, որ բազմիցս անվստահություն է հայտնվել փորձագետներին, ինչպես նաեւ հնչել են զրպարտանքներ ու ահաբեկումներ»:

Համաձայնեք, որ սա առաջին դեպքն է, երբ փորձագետները հրաժարվում են իրենց գործը կատարել եւ քավության նոխազ են դարձնում լրատվամիջոցներին:

Տուժողի իրավահաջորդները բացարկ են հայտնում դատավորին, սակայն վերջինս, առանց նրանց մասնակցության, բացարկը մերժում է եւ շարունակում դատաքննությունը:

Տիգրանի հայրը՝ 2-րդ կարգի հաշմանդամ Սուրեն Օհանջանյանը, պահանջում է դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն, որից հետո՝ դատաբժշկական: «Դրանց պատասխանները ստանալուց հետո կարող ենք մտածել արտաշիրման մասին»,- ասում է հայրը:

Հուլիսի 9-ին նշանակվել էր արտաշիրիմում:

Դատավորը զանգում է զինվորի տուն, փոխանցելով, որ «դագաղ ու շորեր տանեն, քանի որ դագաղը փտած է»: Սակայն, եթե արտաշիրիմում չի եղել, որտեղից է իմացվել, թե անհրաժեշտ են այդ պարագաները, հուզված հարցնում են ծնողները: Ի դեպ, հենց այս հեռախոսային խոսակցությունից հետո Տիգրանի հայրը սրտի տագնապով տեղափոխվում է հիվանդանոց եւ արտաշիրիմումը չի սկսվում: 40 ոստիկաններ, փորձագետներ եղել են Շահումյանի գերեզմանատանը:

Թե այն երբ կշարունակվի՝ դեռ հայտնի չէ, իսկ ծնողներին մտահոգում է այն, որ այդ զորամասից որեւէ մեկը դեռ կարգապահական տույժի-պատասխանատվության չի ենթարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել