Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՄՊԸ ՓՈԽԵԼ ԵՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՓՈՂԵՐՈՎ

Հուլիս 17,2009 00:00

Բագրատունյաց 17 շենքի բնակիչները մի քանի օր ջուր չունեին. պոմպը փչացել էր: ««Երեւան ջրի» մեր տարածքային մասնաճյուղի աշխատակիցները շենքի բնակիչներից 1000 դրամ հավաքեցին, որպեսզի վերանորոգեն: Այս ամառվա տապին մի քանի օր մի կերպ յոլա գնացինք առանց ջրի, մինչեւ սարքեցին: Սակայն երեկ պոմպը նորից փչացավ եւ կրկին ջուր չունենք: Մեր բնակիչներից մեկը զանգել էր ջրմուղ, ասել էին, որ մինչեւ մեր շենքի նկուղը չմաքրենք կռիսներից, իրենք չեն գա»,-«Առավոտին» դժգոհեցին բնակիչները: Մենք «Երեւան ջուր» ընկերությունից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են իրենց աշխատակիցները բնակիչներից գումար հավաքում, երբ այդ ծառայությունն անվճար է: Ընկերության մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ նման բան հնարավոր չէ եւ մեղադրանքները հաստատելու համար պետք է ապացույցներ ներկայացվեն:

Ջրամատակարարման հետ կապված մեզ էին դիմել նաեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Զ. Սարկավագի 131/2 շենքի բնակիչները: «Նախկինում մենք ամեն օր առավոտյան 7-ից մինչեւ երեկոյան 10-11-ը ջուր էինք ունենում, հիմա ցերեկը մոտ 5-6 ժամ ջրամատակարարումը դադարում է: Երբ դիմում ենք «Երեւան ջրի» տարածքային մասնաճյուղ՝ ասում են, որ գրաֆիկի փոփոխություն է եղել եւ այսուհետեւ մեզ քիչ է ջուր մատակարարվելու»,- բողոքում էին բնակիչները: Նրանց կարծիքով, սա ուղղակի անօրինական է, քանի որ «Երեւան ջուր» ընկերության եւ ոչ մի աշխատակից իրենց չի զգուշացրել, որ ջրամատակարարման գրաֆիկը փոփոխվել է: Ընկերությունից մեզ պարզաբանեցին, որ այս շենքում, ըստ գրաֆիկի, ջուրը մատակարարվելու է առավոտյան 7-10-ը եւ երեկոյան 7-10-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել