Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սաղից նեղը ես եմ»

Հուլիս 17,2009 00:00

Վարդուհին երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա իր 2 տղաներին մանկատնից տուն բերել

«Էս ճաշարանը մեզ բոլորիս շատ ա օգնում: Բոլորս էլ մի տնից չենք, մի օրից ենք: Գալիս ենք ստեղ, մարդու դեմք ենք տենում, մի երկու բառ ենք փոխանակում, մի քիչ թեթեւանում ենք օրվա հոգսերից»,- մեզ հետ զրույցում պատմում էր Վարդուհին: Արդեն վեց տարի Վարդուհին օգտվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորած բարեգործական ճաշարանից: Վարդուհին երկու տղա ունի, ամուսինը մահացել է:

Երբ Վարդուհուն հարցրինք, թե ինչպե՞ս է պահում իր երեխաներին, նա պատմեց. «Երեխեքս շատ լավն են՝ երկու պոնչո, սիրուն տղեք: Հիմա տանն են, ինձ են սպասում, որ գնամ տուն, ու միասին հաց ուտենք, իրենց շորերը լվանամ, մաքուր-մաքուր հագցնեմ, մազերը սանրեմ ու տանեմ դուրս խաղալու»: Ճաշարանից օգտվողները, սակայն, խուսափում են Վարդուհու հետ շփվել: Նրանց խոսքերով՝ «Վարդուհին անբարո կյանք է վարում, նրա երկու տղաները ոչ թե տանն են, այլ «Զատիկ» մանկատանը»: Հարեւանները Վարդուհուց գաղտնի երեխաներին տարել են մանկատուն, քանի որ նա ի վիճակի չէ նրանց խնամելու. «Օրերով տուն չի գալիս, հիմա էլ երրորդին է սպասում»: Երբ Վարդուհին իմացավ, թե մարդիկ ինչ են խոսում իր մասին, շատ վրդովվեց եւ բղավելով ասաց. «Անունիս հետ մի խաղացեք, ես երեխայի չեմ սպասում: Նոր եմ հիվանդանոցից գալիս, բժիշկը ասեց, որ ոչ մի բան էլ չկա»:

Մեզ հետ զրույցում Վարդուհին խոստովանեց, որ երեխաները, իրոք, մանկատանն են. «Մի օր տուն եկա, տեսա, որ երեխեքս չկան: Հետո իմացա, որ մեր հարեւան Կարինեն ա տարել մանկատուն: Շատ էի տխրել, բայց երեւի տենց ավելի լավ կլինի իրանց համար. մաքուր, սիրուն տեղ ա»: Վարդուհու խոսքերով՝ երեխաներին վերջին անգամ մեկ շաբաթ առաջ է այցելել, բայց շատ է կարոտում, չի կարողանում առանց նրանց. «Երբ տուն եմ մտնում, տեսնում եմ տանը չեն՝ սիրտս մղկտում ա: Պետք ա աշխատանք գտնեմ եւ երեխաներին նորից ետ բերեմ տուն: Բայց չգիտեմ էլ, գործ կճարեմ, թե չէ: Դուք չեք պատկերացնի, թե ես ինչքան նեղն եմ, էստեղ սաղից նեղը ես եմ»: Նա շատ էր վիրավորվել, որ իր ընկերուհիները բացահայտել էին իր փոքրիկ սուտը՝ մեզ ասելով, որ երեխաները մանկատանն են. «Ես ոչ թե ստում էի, այլ՝ երազում, որ մի օր նորից միասին կլինենք, տները կմաքրեմ, ճաշը կեփեմ, մինչեւ երեխեքս դասից կգան տուն: Հետո միասին կնստենք ճաշի, որ հավես ունենանք՝ կգնանք ման գալու: Հետո մինչեւ գանք տուն՝ շատ հոգնած կլինենք, կգրկեմ իրենց ու կքնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել