Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՓԻՄԵԴԻ» ԴԵՂԵՐԸ ՈՐԱԿԱՊԵՍ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ

Հուլիս 17,2009 00:00

Պարզապես հոգեկան հիվանդներն իրենց ներշնչում են, որ հայկական արտադրության է՝ ուրեմն վատն է

\"\"
Սա հայկական արտադրության դեղամիջոցն է:

Հոգեկան հիվանդների հարազատների եւ որոշ հոգեբույժների կարծիքով, հայկական արտադրության հոգեմետ դեղերը որակապես շատ են զիջում նույնանուն եվրոպական կամ, ասենք, ռուսական արտադրության դեղերին: Այս խնդրին «Առավոտն» արդեն անդրադարձել է «Հոգեբույժներին թույլ չեն տալիս «ռեցեպտ» գրել» (20.06.09) հոդվածում:

Երկար տարիներ պետությունը հոգեկան հիվանդների համար դեղորայք գնել է արտասահմանյան ընկերություններից, սակայն վերջին 3 տարիներին նախապատվությունը տալիս է հայկական «Արփիմեդ» ընկերությանը, քանի որ այն շատ ավելի էժան է: Նշենք, որ մեզ դիմած հոգեկան հիվանդների հարազատները եւ հենց իրենք՝ հոգեկան հիվանդները, նշում էին, որ այս ընկերության արտադրած դեղերը նման են կավիճի եւ ազդեցությունը թույլ է: Խոսքն այս դեպքում ազալեպտին (կլոզապին) դեղի մասին է, որը հոգեկան հիվանդներին տրվում է նյարդային համակարգը հանգստացնելու եւ քնելու համար:

Հիվանդների եւ մասնագետների դժգոհությունների իսկությունը պարզելու համար «Առավոտը» լաբորատորիայից վերցրեց «Արփիմեդ» ընկերության արտադրած ազալեպտին դեղամիջոցի փորձաքննության արդյունքները, որը պետք է համեմատվեր արտասահմանյան արտադրության նույնանուն դեղամիջոցի հետ: Ըստ փորձաքննության պատասխանի, ազալեպտինի 100 միլիգրամում պետք է լինի 90-110% կլոզապին նյութ, որը հայկական արտադրության դեղի մեջ կազմում է 97,57%, այսինքն՝ հայկական դեղամիջոցում այդ նյութի քանակը միանգամայն համապատասխանում է նորմային: Արտաքին տեսքի, միջին կշռի, տրամագծի եւ հաստության չափորոշիչներով էլ է այն համապատասխանում պահանջվող չափանիշներին:

Մեզ հետ զրույցում առողջապահության նախարարության դեղերի բաժնի պետ Մարինա Հարությունյանը հայկական դեղերից հիվանդների հրաժարվելն այսպես մեկնաբանեց. «Ցավոք, թերահավատություն կա հայկական արտադրանքի նկատմամբ։ Հոգեբանական պահ կա նաեւ։ Մարդիկ նախընտրում են եվրոպական, ամերիկյան կամ ռուսական արտադրության դեղերը հայկականից։ Ռուսական դեղերը մարդիկ համեմատում են ԽՍՀՄ-ի տարիների արտադրության հետ, երբ Ռուսաստանի գործարաններում արտադրվում էր ավելի որակյալը, քան Հայաստանում։ Սակայն մեր գործարանները ոչնչով չեն զիջում հենց ռուսական գործարաններին։ Կարծում եմ, որ տարիների ընթացքում այդ թերահավատությունը կանցնի»։

Մենք նրանից հետաքրքրվեցին, թե իրենք ունեցե՞լ են որեւէ դժգոհություն մասնագետների կամ հոգեկան հիվանդների հարազատների կողմից՝ դեղամիջոցի հետ կապված: Նա ասաց, որ այս 3 տարիների ընթացքում երբեւէ խնդիր չի առաջացել. «Մենք ունենք մոտ 70 հազար հիվանդ, որոնց մոտ 50%-ն օգտագործում է ազալեպտին եւ այսքան ժամանակ որեւէ դժգոհություն հիվանդների կամ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի կողմից՝ չենք ունեցել: Ասեմ, որ նման փաստ արձանագրվելու դեպքում դժգոհությունն անպայման ընթացք կստանար։ Իմ փորձից ելնելով էլ եմ ասում, որ «Արփիմեդի» արտադրածը չի զիջում ռուսական կամ ուկրաինական արտադրության ոչ մի դեղի։ Ավելի շատ դա հոգեբանական սինդրոմ է։ Նրանց արտադրանքը արտահանվում է նաեւ Ռուսաստան, Թուրքմենստան, Ուզբեկստան»։

Տիկին Հարությունյանի խոսքերով, բացի այդ, հայկական դեղամիջոցը պարբերաբար լաբորատոր փորձաքննություն է անցնում. «Ազալեպտինը «Արփիմեդի» կողմից հայտնաբերված դեղ չէ, այլ գործարանն ընդամենը կատարում է դեղի փաթեթավորում։ Տվյալ դեղի հումքը ներկրվում է այլ երկրներից։ Ներկրման ժամանակ, սահմանը դեռ չհատած, դեղն ուղարկվում է Հայաստանում լաբորատոր փորձաքննության։ Եթե առողջապահության նախարարությունը դրական պատասխան չի տալիս, ապա դեղը սահմանը չի հատում: Իսկ եթե տրվում է դրական պատասխան, ապա դեղահումքը համապատասխանում է ընդունված չափորոշիչներին։ Ամեն խմբաքանակի համար արվում է այդ լաբորատոր փորձաքննությունը։ Չհաշված նաեւ այն, որ դեղի արտադրման եւ փաթեթավորման ամբողջ ընթացքում կատարվում են լաբորատոր հետազոտություններ՝ որակը ստուգելու համար։ Այդտեղից էլ տրվում է որակի սերտիֆիկատը։ Ժամանակ առ ժամանակ էլ առողջապահության նախարարությունը ստուգում է արդեն արտադրված դեղի որակը՝ հանձնելով այն փորձաքննության պետական ստանդարտների գործակալության եւ առողջապահության նախարարության կողմից: Այսքան ժամանակ որակի առումով այս դեղը ոչ մի կասկածի տեղիք չի տվել»։

Մեր այն հարցին, թե ի՞նչը դարձավ պատճառ, որ նախարարությունը հոգեկան հիվանդների համար սկսեց մատակարարել հայկական արտադրության նույնանուն դեղը, այնինչ՝ երկար տարիներ մատակարարվել է օտարերկրյա դեղամիջոցը, տիկին Հարությունյանը պատասխանեց. «Որպես պատճառ ոչինչ էլ չեղավ։ Տարեկան կտրվածքով գնումների գործակալությունը հայտարարում է մրցույթ, եւ այդ մրցույթում հայտատուն ներկայացնում է գին, ըստ այդմ որոշվում է հաղթողը: Այս տարվա մրցույթում հաղթող է ճանաչվել «Արփիմեդ» ընկերությունը, քանի որ ամենացածր գինը նա է առաջարկել։ Այս մրցույթին մասնակցելու համար կարեւոր պայման է հանդիսանում այն, որ տվյալ դեղը ՀՀ-ում գրանցված լինի։ Իսկ «Արփիմեդի» արտադրանքը գրանցված է ու որակական առումով համապատասխանում է չափորոշիչներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել