Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիային էլ է «պերեստրոյկա» սպասվում

Հուլիս 17,2009 00:00

Հայկական որոշ քաղաքական շրջանակներ հույս ունեն, որ այդ ընթացքում կվերականգնվեն այդ երկրում հայերի խախտված իրավունքները:

«Հայերի իրավունքները Թուրքիայում խախտվել են եւ մնում են խախտված». հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց էությունը հասկանալու համար անցկացված մի շարք քննարկումների արդյունքում այս կարծիքին են հանգել Սոցիալիստական կոնֆերանսի անդամները: «Երբ օսմանյան կայսրությունը փլուզվեց, կայսրական ժառանգությունը խաղաղ բաժանվեց թուրքերի եւ արաբների միջեւ, տարածքում բնակվող մնացյալ բնիկ ազգերին, այդ թվում նաեւ հայերին, թուրքերը զրկեցին իրենց հասանելիք ժառանգությունից: Հայերը կորցրեցին եւ իրենց կյանքը, եւ իրավունքները՝ որպես այդ երկրի բնիկ քաղաքացիներ: Այդ իրավունքները մինչեւ հիմա էլ կորցված են»,- «Առավոտի» հետ զրույցում իրենց եզրահանգումն այսպես պարզաբանեց Կոնֆերանսի ներկայացուցիչ Արա Նեդոլյանը: Ըստ մեր զրուցակցի, հարցի առաջքաշումը ներկայումս արդիական է, քանի որ թուրքական որոշակի շրջանակներում դրա իրավացիության գիտակցումն առկա է: Նրա կանխատեսմամբ՝ «Առաջիկա հինգ տարիների ընթացքում Թուրքիային սպասվում է մոտավորապես նույնը, ինչն էր խորհրդային «պերեստրոյկան»: Ուստի կա հույս, որ ամեն ինչ կփոխվի: Եվ որպեսզի ամեն ինչ չփոխվի պարզապես սենտիմենտալ խոսակցության՝ ներողություն խնդրեք, այո, կխնդրենք կամ՝ չենք խնդրի, հարցի էությունը պետք է դրվի՝ հայերի իրավունքները խախտված են եւ պետք է վերականգնվեն»: Մեր զրուցակիցը դա անելու երկու տարբերակ է առաջարկում՝ Թուրքիան դառնում է դեմոկրատական երկիր՝ ոչ թե թուրք ազգի, այլ բոլոր բնիկ ազգերի, եւ այդ դեպքում, նրա կարծիքով, ի հայտ կգան շատ հայեր, ովքեր այսօր Թուրքիայում ծպտյալ են բնակվում: Կամ՝ եթե Թուրքիան ցանկանում է մնալ թուրք ազգի պետություն, ուրեմն հարկավոր է տարածքային բաժանում՝ հայերի եւ թուրքերի միջեւ, որպեսզի հայերը կարողանան վերականգնել իրենց իրավունքները իրենց բնիկ տարածքներում:

Ինչ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտությանը, մասնավորաբար՝ ՀՀ նախագահի վերջերս արտահայտած այն մտավախությանը, որ Թուրքիան Արցախի հարցում Հայաստանին նախապայմաններ է առաջադրում, Արա Նեդոլյանը նկատեց. «Ինչքան ես գիտեմ, Թուրքիան ոչ մի նոր նախապայման չի առաջադրել: Պարզապես, նախագահը պետք է մի քիչ ուշադիր լիներ՝ սկսելով այդ ամենը: Թուրքերի հետ ֆուտբոլ, իհարկե, պետք է խաղալ՝ անկախ ամեն ինչից, բայց դա, ինչպես նաեւ նախագահի արած մնացյալ քայլերը, չեն բերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:

Մեր զրուցակցի համոզմամբ, տեսանելի ապագայում հայ-թուրքական սահմանը չի բացվելու, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար առայժմ ընդամենը «ուժային» տարբերակի մի մաս է. «Թուրքական կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը դեռեւս չի դրել. նման հայտարարություն չի եղել»: Իսկ հայ-թուրքական հարաբերությունները, ըստ Արա Նեդոլյանի, կմնան չկարգավորված այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրներում ժողովրդավարություն հաստատված չէ. «Միայն լեգիտիմ եւ ժողովրդավար իշխանությունները կարող են դնել ազգամիջյան հարաբերությունների հարցեր եւ իրենց մեջ ուժ եւ համարձակություն գտնել դրանք կարգավորելու: Հայերի կողմից բարի կամք արտահայտելու իրավունք էլ կունենա միայն լեգիտիմ եւ ժողովրդավար իշխանությունը: Այլապես՝ հայ-թուրքական, ԼՂՀ հարցի կարգավորում, թե ցանկացած այլ հարց եթե փորձի լուծել այժմյան ոչ լեգիտիմ եւ հակահայ իշխանությունը՝ դատապարտված է, քանի որ ժողովուրդը չի ընդունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել