Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳՏԱՎ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ՁԵՎԸ

Հուլիս 17,2009 00:00

«Լեւոնականներին» պատժում են ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ դրանց արանքում

2000թ.-ից արդարադատության նախարարի հրամանով Արուսյակ Աթանեսյանը նշանակվել էր Արագածոտնի մարզի Թալինի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության (ՔԿԱԳ կամ ավելի հայտնի է որպես ԶԱԳՍ) պետ: 2009թ. մարտի 16-ին Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Հրամանը այնքան էլ անսպասելի չի եղել եւ նախապատմություն է ունեցել: Բանն այն է, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ տիկին Աթանեսյանի եղբայրը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինի տարածքային նախընտրական շտաբի պետը, եւ լարվածությունն ու ճնշումները ԶԱԳՍ-ի վարիչի շուրջ սկսել են ծավալվել հենց այդ ժամանակներից: Քաղաքապետը, որը նույն ընտրությունների ընթացքում թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի պետն է եղել, անընդհատ ակնարկել է Ա. Աթանեսյանին, թե մի օր նրան ազատելու է աշխատանքից: Նախագահական ընտրություններին, արդեն 2008թ. աշնանը, հաջորդած ՏԻՄ ընտրությունները էլ ավելի էին սրել իրավիճակը, որովհետեւ Ա. Աթանեսյանն ու նրա եղբայրները, այդ թվում՝ Լ. Տեր-Պետրոսյանի շտաբի պետը, այս անգամ չէին պաշտպանել քաղաքապետի թեկնածու Մ. Մնացականյանին, ինչից վերջինս շատ էր նեղսրտել, թերեւս, հաշվի առնելով նաեւ այն, որ Աթանեսյանների հետ իրենք քավոր-սանիկական հարաբերություններ ունեն: Ընդամենը մի քանի ամիս անց քաղաքապետը գտել էր Ա. Աթանեսյանի «հարցերը լուծելու», ինչու չէ՝ նաեւ նրա այլախոհ եղբայրներին ցավեցնելու ձեւը: Դրա համար հարմար պատրվակ էին ընտրվել 2009թ. փետրվարի 24-26-ին արդարադատության նախարարության կողմից Թալինի ԶԱԳՍ-ում 2007-08թթ. առնչվող ստուգումները: Արդյունքում, ըստ կազմված տեղեկանքի, թեեւ «կրիմինալ» պարունակող ոչ մի հայտնաբերում չէր եղել, բայց փոխարենը ի հայտ էին բերվել «խախտումներ, վրիպակներ եւ թերացումներ», ու առաջարկվել էր քննարկել աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նշենք, որ նույն այդ տեղեկանքի մասին Ա. Աթանեսյանն իմացել էր միայն մարտի 13-ին՝ ուրբաթ օրը, երբ արդարադատության նախարարությունում նրան առաջարկել էին գրել, թե ինքը առարկություններ չունի կազմված տեղեկանքի վերաբերյալ, որ հետո, իբր, ավելորդ գործողությունների կարիք չլինի: Աթանեսյանը գրել, ստորագրել էր, իսկ արդեն երկուշաբթի օրը քաղաքապետը ստուգումների արդյունքների մասին այդ տեղեկանքը ձեռքի տակ ունենալով՝ 2009թ. մարտի 16-ին Ա. Աթանեսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրաման էր ստորագրել՝ հղում կատարելով ոչ միայն տեղեկանքին, այլեւ «Աշխատանքային օրենսգրքի» 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, ըստ որի՝ գործատուն կարող է աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարել աշխատողի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

ԶԱԳՍ-ի վարիչը, բնականաբար, որոշել էր դատական կարգով վիճարկել քաղաքապետի հրամանը եւ դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետի հրամանն ու վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնում: Ա. Աթանեսյանը իր հայցադիմումը հիմնավորել էր՝ հղում կատարելով քաղաքապետի վկայակոչած «Աշխատանքային օրենսգրքի» մեկ այլ՝ 121 հոդվածի 1-ին մասին, որով սահմանված են բոլոր այն դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն կարող է կիրառվել քաղաքապետի վկայակոչած հոդվածը: Իսկ օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասում նշված է, որ վերոհիշյալ հոդվածը կարող է կիրառվել, եթե աշխատողը վերջին մեկ տարում երկու անգամ կարգապահական տույժի է ենթարկվել: Ինչպես հավաստիացնում էր Ա. Աթանեսյանը, ոչ միայն վերջին մեկ, այլեւ այդ պաշտոնը զբաղեցնելու ողջ ընթացքում՝ 9 տարի, ինքը ոչ մի կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: Ի դեպ, նույն 121 հոդվածի 2-րդ մասի համաձայն, քաղաքապետի վկայակոչած հոդվածը կարող է կիրառվել, եթե թույլ է տրվել օրենսգրքի 221 հոդվածով նախատեսված արարք, այն է՝ իր եւ այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու նպատակով պաշտոնեական դիրքը օգտագործել է եւ կամայականություն է դրսեւորել, ինչը ոչ միայն օրենսգրքի կոպիտ խախտում է, այլեւ քրեորեն հետապնդելի արարք: Դատարանում պատասխանող կողմը՝ հասկանալով վիճակի անհեթեթությունը, հրամանի համար իբրեւ լրացուցիչ հիմնավորում որոշել էր մատնանշել հենց այս՝ 221-րդ հոդվածը՝ համարելով, որ ԶԱԳՍ-ում տեղ գտած խախտումները պաշտոնեական դիրքը օգտագործելու եւ կամայականություն դրսեւորելու արդյունք է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նման դեպքում Ա. Աթանեսյանի նկատմամբ պետք էր քրեական մեղադրանք առաջադրել, ինչի մասին խոսք չկա: Ի դեպ, դատարանում հայցվոր կողմը նույն այս հարցադրումն ուղղել էր պատասխանող կողմին՝ քաղաքապետարանի ներկայացուցչին, եւ ստացել էր ցնցող եւ ինքնամեղադրական՝ քրեական հանցանք պարտակողի պատասխան՝ հաշվի ենք առնում աշխատողի սեռը: Ինչպես եւ կարելի էր կանխատեսել, դատարանում պատասխանող կողմը Ա. Աթանեսյանի հայցը անհիմն էր համարել եւ դատարանին առաջարկել էր այն մերժել, ընդ որում՝ որպես դրա հիմնավորում մատնանշելով նաեւ այն, որ «հայցվորին տրվել է հնարավորություն՝ ստուգման ակտի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու համար, որից հայցվորը չի օգտվել»: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ա. Աթանեսյանի հայցը: Վերջինս այդ վճիռն արդեն բողոքարկելու համար դիմել է ՀՀ Վերաքննիչ դատարան, նաեւ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով պաշտպանել իր իրավունքները եւ դրանք ոտնահարված լինելու մեջ համոզվելու համար խնդրել է, որ գրասենյակի ներկայացուցիչները ներկա լինեն Վերաքննիչ դատարանում նշանակված դատավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել