Երեկ հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ մանրամասնելով, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ քրեական գործ հարուցել «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի՝ «զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը» հատկանիշներով:
Ավելին, Ս. Տռուզյանի մատուցմամբ՝ սրան զուգահեռ հարուցվել է նաեւ մեկ այլ քրեական գործ՝ արդեն մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից ուղարկված նյութերի հիման վրա: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակի ասելով, հիշյալ հանձնաժողովից նախաքննական մարմնին էին փոխանցվել 2008 թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերին առնչվող տեսագրություններ, որտեղ կան կադրեր, երբ վահաններով եւ մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները վազում են քաղաքացիական հագուստով անձանց հետեւից եւ հատուկ միջոց հանդիսացող մահակներով հարվածում անհայտ քաղաքացուն: Նկատի ունենալով, որ այդ կադրերում ոստիկանների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ են կատարում՝ Կ. Փիլոյանը հանձնարարել է հարուցել քրեական գործ նաեւ այս փաստի առնչությամբ եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներ՝ քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: