Ե՞րբ եւ ո՞ր նախագահի օրոք ու ո՞ր սխալի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: News.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ դեռեւս 1997 թվականին Ադրբեջանը դադարեցրել էր բանակցությունները հենց այդ տրամաբանությամբ, որպեսզի դուրս մղի Ղարաբաղին բանակցային գործընթացից։ Արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին սկսվեց բանակցությունները վերակենդանացնելու պրոցես՝ Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ հանդիպումների շարքով:
Դիտարկմանը, թե արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ հանդիպումների շարքով Ռ. Քոչարյանն ու հայր Ալիեւը համաձայնեցին բանակցությունները շարունակել առանց Ղարաբաղի, որը, բնականաբար, ձեռնտու էր Ադրբեջանին, Ա. Ռուստամյանն արձագանքել է. «Սկզբնական ելակետն այն էր, որ դա բանակցությունները վերսկսելու համար է արվում, բայց հետո դրանք խորացան, եւ այդ խորանալը սխալ էր: Այսինքն՝ դուրս եկավ, որ Ադրբեջանն արդեն հարցը դրեց՝ որ գոյություն ունի երկու կողմ: Հայաստանը սկսեց փոխարինել Լեռնային Ղարաբաղին, որի իրավունքը չուներ»: