Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ուզում ենք, որ նախագահը չձախողի»

Հուլիս 17,2009 00:00

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը վստահ է, որ կան քայլեր, որոնք ետ պտտելը դժվար է

Դաշնակցությունը երեկ պետք է հանրահավաք անցկացներ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց եւ պահանջեր Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը, նաեւ՝ իր անհամաձայնությունը հայտներ Մադրիդյան հրապարակված սկզբունքների վերաբերյալ եւ կոչ աներ համայն հայությանը՝ միանալ իրենց եւ թուլ չտալ, որ Ղարաբաղի հարցը լուծվի ոչ հայանպաստ ճանապարհով: Սակայն ինքնաթիռի հայտնի վթարի հետեւանքով այս հանրահավաքը հետաձգվեց, եւ դրա փոխարեն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նա ընթերցեց Դաշնակցության հայտարարությունը եւ ուղերձը: Այդ ուղերձը երեկ փոխանցվեց համապատասխան երկրների դեսպանատներին: Հայտարարության մեջ ասվում է. «Ստեղծված իրավիճակում մենք հեռատեսություն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններից, հորդորում առաջնորդվել տարածաշրջանում մեր ինքնուրույն ուժն ու տեղը ապահովելու պատասխանատվությամբ: Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի՝ արդեն իսկ արտահայտած կամքն անտեսող որեւէ փաստաթուղթ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրեւ լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ»:

«Առավոտը» նկատեց, որ ի տարբերություն այլ ընդդիմադիր ուժերի, Դաշնակցությունը, որպես մինչեւ վերջերս իշխանության կուսակցություն, բավականին ջերմ շփումներ ունի իշխանության ներկայացուցիչների հետ, արդյոք փորձ չի՞ արվել խոսել անձամբ Սերժ Սարգսյանի հետ, եթե խոսել են, նա ասե՞լ է, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը: Ի պատասխան՝ պարոն Ռուստամյանը ասաց. «Կրկին անգամ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Դաշնակցությունը ինչ անում է, անում է ինքնուրույն, որեւէ մեկի հետ նախապես չի համաձայնեցնում իր քայլերը, եւ, բնականաբար, մենք նաեւ չենք ընդունում այն եղանակը, որ հասարակությանը պետք է սեւ եւ սպիտակի բաժանել եւ խրամատավորվել»: Հիշեցրինք, որ մեր հարցը բոլորովին այլ բանի մասին է: Պարոն Ռուստամյանն ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ չի խոսել, եւ անձամբ Սերժ Սարգսյանը եւս Դաշնակցության հետ չի համաձայնեցնում իր քայլերը. «Ես չեմ կարող երաշխիք տալ, որ վաղը՝ ամսի 17-ին, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի, ուստի ասել այն մասին, որ ինչ-որ համաձայնեցված գործընթաց է տեղի ունենում, տեղին չէ։ Բայց որ պետք է այդ համախմբումը կատարվի, եւ իշխանությունները, քաղաքական բոլոր ուժերը եւ այստեղ, եւ Ղարաբաղում միասնական ճակատ ձեւավորեն սրա դեմն առնելու համար, դա միանշանակ է»: Փորձեցինք ճշտել, որ հարցը այլ բանի մասին է, կրկնեցինք՝ Դաշնակցության լիդերները ուղղակի դեմ առ դեմ նստել-խոսե՞լ են Սերժ Սարգսյանի հետ, հարցրե՞լ են՝ ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ: Ի վերջո պարոն Ռուստամյանը բուն հարցին պատասխանեց. «Ոչ, չենք խոսել, եթե ձեզ թվում է հանրապետության նախագահը այս հայտարարությունը չի կարդացել… Դրանից լավ չենք կարող ասել: Եվ խոսում ենք այն իմաստով, որ չենք բարիկադավորվում, հանդիպումներ ունենում ենք, բայց պաշտոնապես հանդիպել հետը, ինչ-որ երաշխիքներ ստանալ եւ այլն, չի եղել: Հանդիպում նախագահի հետ չենք ունեցել: Մենք պատրաստ ենք հանդիպել, մենք հիմա էլ պատրաստ ենք հանդիպել եւ այդպիսի ցանկություն հայտնել ենք: Սա մնում է օրակարգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել