ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսպես է բնութագրում գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները
«Սա պարտադրված պատերազմում հաղթանակած հայ ժողովրդի համար ուղղակի փուլային կապիտուլյացիայի ակտ է, եթե մենք գնում ենք այս ճանապարհով՝ անկախ նրանից, թե իշխանություններն ու նրանց ենթակայության տակ գտնվող էլեկտրոնային քարոզչամիջոցներն ինչ մեկնաբանություններ են հրամցնում հանրությանը»,- հրապարակված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա էական չի համարում՝ հիմնական համաձայնությունը հրապարակված կետերի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կստորագրեն մոսկովյա՞ն հանդիպման ժամանակ, թե՞ ավելի ուշ եւ մեկ այլ վայրում. «Բոլորին էլ հասկանալի է, որ նման կարգի փաստաթղթի տակ ստորագրելը հավասարազոր է ԼՂՀ-ի հանձնմանը եւ հայաթափմանը. դեմոգրաֆիկ պատկերը Ղարաբաղում շատ արագ փոխվելու է: Եթե Հայաստանը համաձայնվում է բանակցել նման փաստաթղթի շուրջ, ապա հստակ պետք է ասել, որ Ադրբեջանը մեր նկատմամբ տարավ հզոր քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հաղթանակ: Ամենավտանգավորն այն է, որ հիմնական համաձայնության ստորագրումից սկսած՝ ողջ գործընթացը լինելու է միջազգային ուժերի եւ հանրության վերահսկողության տակ: Նույն հեռուստաեթերները, որոնք այժմ գովաբանում են հրապարակված սկզբունքները, շատ շուտով ստիպված են լինելու խոսել իրականության մասին»: Կետ առ կետ մեկնաբանելով հրապարակված վեց կետերը՝ Հովհաննես Հովհաննիսյանն ասում է. «Խոսքը գնում է Ղարաբաղի շուրջ գտնվող բոլոր յոթ շրջանների՝ Ադրբեջանին վերադարձնելու մասին, եւ դա հստակ գրված է. թող որեւէ մեկը փորձի հակառակն ապացուցել: Խոսվում է ԼՂՀ-ին տրվելիք միջանկյալ կարգավիճակի մասին: Սակայն հստակ չի երեւում՝ թե ինչպե՞ս եւ ո՞ւմ հովանու ներքո՝ Հայաստանի՞, Ադրբեջանի՞, ՄԱԿ-ի՞ մանդատ է տրվում Ղարաբաղին: Գրված է՝ «կստանա ինքնակառավարման հնարավորություն». բոլոր ֆեդերատիվ եւ կոնֆեդերատիվ համակարգերում անդամ սուբյեկտներն ունեն ինքնակառավարման հնարավորություն: Երկրորդ կետը կարդալով՝ մտածել, որ Ղարաբաղը ստանում է ինքնուրույնություն՝ ուրեմն լուրջ հիվանդագին ֆանտազիա պետք է ունենալ: Խոսվում է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ միջանցքի վերաբացման մասին. մինչդեռ՝ միջանցքը ինչո՞ւ է վերաբացվում, այն այսօր կա եւ ավելին՝ ոչ թե միջանցք է, այլ ցամաքային կապ ԼՂՀ-ի հետ: Այսինքն՝ յոթ շրջանները հանձնում ենք, հետո միջանցք ենք վերաբացում: Այն, ինչը որ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ ասում էր, թե Հայաստանն ու Ղարաբաղը ցամաքային կապ կունենան, փաստորեն ցամաքային միջանցքի մասին էր ասում: Իսկ թե ո՞ւմ կողմից է վերահսկվելու միջանցքը եւ Հայաստան-Ղարաբաղ ինչպիսի՞ կապ է լինելու՝ էլ չեմ խոսում: Խոսք է գնում ապագայում ԼՂՀ վերջնական կարգավիճակի մասին՝ «պարտադիր կամարտահայտման միջոցով»: Իսկ ե՞րբ է դա լինելու կամ ընդհանրապես՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ, այդ «կամարտահայտման» արտահայտման ձեւն ինչպիսի՞ն է լինելու: Կարծում եմ՝ ԼՂՀ իրավական հետագա կարգավիճակն այսպիսի անորոշ կերպով կարող է շատ տարբեր արդյունքներ ունենալ. սա ընդունե՞լ, որ ինչ-որ բա՞ն ենք արել… Նշված է փախստականների վերադարձի մասին: ԼՂՀ-ի վերաբերյալ մինչ օրս եղած խոսակցություններում եւ ընդունված փաստաթղթերում խոսքը գնացել է տեղահանվածների մասին, փախստականների մասին երբեք չի խոսվել: Այսինքն՝ նորից Շուշի են վերադառնում 5-6 հազար ադրբեջանցի ընտանիքները, մնացածի մասին էլ չեմ խոսում: Եվ վերջապես՝ միջազգային ուժերը անվտանգության միջազգային երաշխիքներ են տալիս Ղարաբաղին, եւ նրանց իրավունք է վերապահվում օպերացիաներ իրագործել՝ խաղաղությունը պարտադրելու համար: Սա շատ նման է Բալկանյան տարբերակին, որտեղ ՆԱՏՕ-ն իրեն իրավունք վերապահեց գործողություններ կատարել՝ խաղաղությունը պահպանելու համար: Այս ամենից հետո թող ինչ-որ մեկն ինձ բացատրի՝ որտե՞ղ է Հայաստանը շահել, ինչո՞ւ են մեզ նման սկզբունքներ պարտադրվում»: Եթե Հայաստանի վերջին իշխանությունների 12 տարիների բանակցությունները այս ամենին պետք է հանգեցներ, ապա մեր զրուցակիցն առաջարկում է ասպարեզ բերել 1997 թվականին առաջարկված ԼՂՀ հարցի կարգավորման սկզբունքները, տեսնել տարբերությունները եւ որոշել՝ ո՞վ պիտի պատասխան տա մարդկային զոհերի, ֆինանսական, բարոյական, հոգեբանական զրկանքների համար, որ կրել են մեր պետությունն ու ժողովուրդը:
Ո՞րը պետք է լինի ընդդիմության դերն այս վտանգներին դիմագրավելու համար, հարցի պատասխանը եղավ. «Ընդդիմությունը պետք է մինչեւ վերջ ազնիվ լինի: Խոսքը միայն ՀԱԿ-ի մասին չէ, այլ այն բոլոր մարդկանց եւ կուսակցությունների, որոնք մինչեւ վերջ չեն կորցրել բարոյականությունը, սերն առ հայրենիք. նրանք հասարակությանը պետք է ներկայացնեն ճշմարտությունը: Սա Հայաստանի հետագա գոյատեւման խնդիրն է: Նման լուծումը վերջնականապես կբարոյազրկի եւ հոգեբանորեն կկոտրի մեր ազգին»:
Մեր զրուցակիցը նաեւ կարծում է, որ իշխանությունները գոնե հիմա պետք է բարոյականություն ունենան եւ հրաժարական տան: Ընդհանրապես, Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ, Ղարաբաղի խնդրի արդարացի լուծման համար մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի պերմանենտ իշխանափոխությունների՝ Իսրայելի օրինակով. «Եթե սեղանին նման փաստաթուղթ է դրված, ուրեմն Երեւանում պետք է լուրջ փոփոխություններ լինեն, որպեսզի նոր քաղաքական էլիտան նորովի մոտեցումներ ցուցաբերի: Ոչ ոքի հաղթանակ չի բերի նման փաստաթղթի ստորագրումը՝ մի քանի ստորաքարշների ծափահարությունների ներքո: Այսպիսի փաստաթուղթ ստորագրողը պատմության դատաստանի առջեւ կկանգնի»: Անդրադառնալով նրան, որ բանակցություններում ՀՀ իշխանությունները ներկայացնում են նաեւ ԼՂՀ-ի տեսակետը, մեր զրուցակիցը նկատեց. «Այն լռությունը, որ հիմա կա Ղարաբաղում, մտածելու տեղիք է տալիս: Եվ տասը տարի լռելուց հետո Ղարաբաղի որեւէ չինովնիկ այսօր չի էլ կարող ասել, որ իրենք պիտի բանակցային կողմ դառնան: Գործընթացի համար արդեն շատ ուշ է, եւ դրա մասին հիմա խոսելն ընդամենը ծիծաղելի վիճակի մեջ ընկնել է: Խնդիրը մեկն է՝ իրենք համաձա՞յն են այդ օկուպացիային, թե՞ ոչ»: