Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 16,2009 00:00

ՊԵՏԴԵՊԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՅՑԸ ՑԽԻՆՎԱԼ

«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ չի հանդիսանում մեկ քայլ դեպի տարածաշրջանային կայունություն»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իան Քելլին՝ երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի առաջին անգամ այցելել է Հարավային Օսիա, որի անկախությունը Մոսկվան ճանաչել է 2008թ.-ին: Ռուսաստանի առաջնորդը խոստացել է Օսիայի վերականգնման աշխատանքներում Ռուսաստանի կողմից շարունակական օգնություն:

Ըստ ամերիկյան արտաքին քաղաքականության ներկայացուցչի խոսքի, Մեդվեդեւի այցը Հարավային Օսիա պարզապես եւս մեկ անգամ հիշեցնում է տարածաշրջանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տարաձայնությունների մասին: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», նա նաեւ հիշեցրել է, որ նախագահ Օբաման, հերթական անգամ հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանից բացի՝ միակ երկիրը Նիկարագուան է, որը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը»,- ասել է Քելլին:

Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին հարգել Վրաստանի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, ապահովել տարածաշրջանի կայունությունը, մասնակցել ժնեւյան բանակցություններին եւ կատարել պարտավորությունները, որոնք ստանձնել է՝ համաձայն 2008թ.-ի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել