Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՊՐՈՄԻՍՆԵՐԻ ՉԳՆԱՑՈՂ ՏԻԿՆՈՋ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հուլիս 16,2009 00:00

Սիրո մասին՝ առանց նախընտրական ճառերի

«Ծնվում ենք սիրո կարոտ,

սիրվում ենք սիրո կարոտ,

ապրում ենք սիրո կարոտ,

մեռնում ենք սիրո կարոտ:

Աստված սեր է, սիրո կարոտ,

կյանքը սեր է, սիրո կարոտ,

Այս աշխարհը՝ տիեզերքը,

սիրուց է սիրո կարոտ…»,-

\"\"ի՞նչ է ձեզ համար սերը հարցին իր իսկ բանաստեղծությամբ պատասխանեց ԱԺ պատգամավոր, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը: «Այսօր սերը շատ է բացակայում, իսկ վերջինիս մասին խոսելիս ես կապույտ սիրո մասին չեմ խոսում, որն աննյութ է ու անմարմին: Ես սերը համարում եմ շատ հետաքրքիր ու հյութեղ մի բան, որի մեջ ամեն ինչ է մտնում՝ նույնիսկ ատելությունը: Սերը կենդանի բան է, եթերային չէ: Բայց կենդանություն ու իմաստ տալու համար պիտի նախ սիրտ ունենաս ու նաեւ ուղեղ, այլ ոչ թե անընդհատ նախընտրական ճառերի պես խոսել… Հիմա ամեն ինչ, այդ թվում եւ սերը, դարձել է նախընտրական ճառ: Ես իհարկե շատ օրինակելի արարած չեմ, հատկապես երիտասարդ հասակում շատ քմայքոտ էի, բայց մի բան ինձ համար շատ պարզ էր՝ սերը անկոմպրոմիս զգացմունք է: Գուցե իմ խառնվածքով ես մի քիչ մաքսիմալիստ եմ, բայց չէր կարող պատահել այնպես, որ ես մի քիչ սիրելով ապրեի… Ես չեմ կարող սերը կիսատ պատկերացնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սիրելուց բացի, ինքը նաեւ ատել գիտի:

Առանց մեղքի զգացումի…

Ալվարդ Պետրոսյանը պատմեց նաեւ իր եւ ամուսնու՝ դերասան Լորենց Առուշանյանի սիրո պատմությունը. «Ես շատ երիտասարդ էի ու մեկ վայրկյանում սիրահարվեցի Լորենցին: Ռադիոյում էի աշխատում ու նրա մասին հաղորդում պետք է պատրաստեի: Արամայիս Սահակյանը, որը մեր գլխավոր խմբագիրն էր՝ ինձ պարտադրեց, որ Լոռենցի հետ հարցազրույց անեմ, իսկ ես, ճիշտն ասած, հավես չունեի… Մինչեւ հիմա Արամայիսն ինձ ասում է՝ հիշում ես ամեն ինչ քեզ հետ կռվով եմ արել: Ես շատ մեծամիտ, ինքնահավան աղջիկ էի… Մի կերպ զանգեցի Լորենցին, նա էլ ասաց, թե՝ լավ կլինի Արծրուն Մանուկյանի մասին հաղորդում պատրաստեք: Դրանից շատ ջղայնացա, որ ես ուզում եմ իր մասին հաղորդում պատրաստել, իսկ նա չի գալիս: Ի վերջո համոզեցի, ժամադրվեցինք «Նաիրի» կինոթատրոնի մոտ… Հետո Լորենցը շատ հետաքրքիր խոստովանություն արեց, ասաց՝ մտածում էի՝ մի՞թե այսպիսի աղջիկներ էլ կան Երեւանում: Ես մի քիչ էքսցենտրիկ տեսք ունեի: Այդ ժամանակ մինիների շրջանն էր, իսկ ես մեր հանդիպման օրը հագել էի մինչեւ կոճերս հասնող կարմիր ժիլետ եւ շատ երկար ու հարթ մազերով էի: Լորենցը ինձ միշտ ասում է, որ հենց այդ ժամանակ ինձ սիրահարվեց, որովհետեւ շատ տարբեր էի: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ մինչ ինձ տեսնելը կարծում էր, թե ես շատ մազոտ պիտի լինեմ ու ակնոցավոր… Դե, ես էլ իր մասին մտածում էի, թե ջրիկ դերասան է, ինքնասիրահարված, որովհետեւ իսկապես շատ սիրուն տղա էր: Հետո հասկացա, որ բոլորովին այլ է: Ի վերջո, երբ մեր հանդիպումից վերադարձա ու ընկերուհուս ասացի, որ սիրահարվել եմ եւ մեկ ամսից պիտի ամուսնանամ, ընկերուհիս ասաց՝ հո դու խենթ չես, նա ընտանիք ունի՝ կին, երեխա… Ուղիղ մեկուկես ամիս անց մենք ամուսնացանք: Ես մեղքի զգացում չունեմ, որ նա բաժանվեց կնոջից, որովհետեւ ես մտածում եմ, որ եթե չպիտի բաժանվեր՝ չէր բաժանվի, այն, ինչը որ չպիտի քանդվի՝ չպիտի քանդվի… Եվ երբեք չեմ էլ մտածել, որ նա իմ սեփականութունն է, նույն ձեւով պատրաստ եմ ընդունելու, որ եթե ինձ պիտի թողնեն, ուրեմն պիտի թողնեն…Ես այն մարդկանցից եմ, որ երբ ինձ հետ վատ բան է կատարվում, անմիջապես մտածում եմ, թե որտեղ եմ սխալվել»:

Զզվանքից՝ ատելություն եւ եթե կռիվ, ապա միայն ուժեղի հետ…

Խոսելով ատելության մասին, տիկին Պետրոսյանն ասաց, որ այն իր մեջ կարող է առաջանալ միայն զզվանքից. «Ես կեղծ բարեպաշտ չեմ ու պարզապես ստերիլ նախադասություններ չեմ ասում: Ես մտածում եմ, որ եթե մեր քրիստոնեական պատվիրաններից գոնե մի քանիսը պաշտպանում ես, ապա հոգիդ դժոխք չի գնա: Բայց բաներ կան, որ չեմ պատկերացնում, օրինակ՝ ինչպես կարելի է որբի փող ուտել, աղքատի ձեռքից հանապազօր հացը գողանալ… Ես կարող եմ թեթեւ նայել միայն այն դեպքում, երբ գողը գողից գողանա, այս օլիգարխն այն օլիգարխի ունեցվածքին տիրանա՝ դա ինձ չի հետաքրքրի…»: Տիկին Պետրոսյանը նաեւ ասաց, որ սիրում է կռվել, բայց. «Ես չեմ կարող ինձնից թույլ մարդուն ստորացնել: Եղբայրս միշտ ասում էր, որ եթե գնում ես կռվելու ու վստահ ես, որ պիտի ծեծես, ապա մի գնա, ինչ հետաքրքրություն կա դրա մեջ: Մտածում եմ, որ եթե խեղճին պիտի հաղթեմ, ապա իմաստ չունի նրա հետ կռվել, իսկ ինձնից ուժեղի հետ կռվել սիրում եմ, եթե կարիք կա»:

Տղամարդկության չափանիշը…

Անդրադառնալով տղամարդկանց, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ այժմ տղամարդկության, տղամարդ լինելու նոր մոդել, կարծրատիպ է ստեղծվել: Ըստ նրա՝ շատերը կարծում են, երբ բռի, գռեհիկ են լինում, դա նշանակում է արիական ցեղի ներկայացուցիչ են. «Իսկ ինձ թվում է, որ ուժն ու տղամարդկությունը լուռ պրոցես է: Վերջերս շատ մոդայիկ է դարձել, ով ում չի հավանում, ասում է՝ գալուբոյ է: Այս ամենը հենց այնպես եկած բաներ չեն: Ցավոք, արդեն ստեղծվում է նոր մշակույթ՝ կնոջն ու տղամարդուն բնորոշելու, որը սարսափելի բան է»:

Բամբասանքներին վարժված…

«Առաջ շատ էի նյարդայնանում իմ մասին բամբասանքներ լսելիս: Բայց հետո սովորեցի, որովհետեւ շատ երիտասարդ ու անթույլատրելի ոլորտում էի՝ գրականություն, մշակույթ ու շատ աղմկահարույց էր իմ ու Լորենցի ամուսնությունը: Այդ ժամանակ վարժվեցի բամբասանքներին: Ես սիրով լեցուն էի, աշխարհը սիրում էի ու հանկարծ տեսա, որ աշխարհը բոլորովին ինձնով հիացած չէ ու այնպիսի զարհուրելի բաներ էին խոսում իմ մասին, որ զարմանում էի, ապշում»,- անկեղծացավ Ա. Պետրոսյանն ու հավելեց, որ միայն այդ ժամանակ հասկացավ, որ կա նաեւ չարություն: «Հետո, երբ հասարակական-քաղաքական ոլորտ մտա, շատ զգայուն էի չբամբասվելուն: Իսկ երբ պատգամավոր դարձա՝ սկսեցին ինձ տներ վերագրել: Մի օր լսեցի, իբր Չարենցի փողոցում վարսավիրանոց եմ գնել, Սայաթ-Նովայի վրա՝ բնակարաններ, ասում էին իբր Արաբկիրի շուկան է իմը, «Նաիրի» կինոթատրոնը եւս, այդ ամենը լսելով՝ զարմանում էի, իսկ հետո սկսեցի հումորով վերաբերվել: Հիմա էլ չեն բամբասում, երեւի ավելի հետաքրքիր օբյեկտներ, սուբյեկտներ են հայտնվել»:

Պատեհապաշտներին չի սիրում

Ա. Պետրոսյանի ձեւակերպմամբ, ինքը երբեք չափ ու սահմանը չի կորցնում, թեկուզ իր համար ոչ սիրելի մարդու հանդեպ. «Այնպես չի լինում, որ միչնչեւ վերջ սպանեմ… Այդ ամենը կանեմ թեթեւ, գայթակղիչ հումորով, բայց նրա հոգին փորփրել, մինչեւ վերջ՝ այդպիսի բան երբեք չեմ արել: Նման մեղք չեմ գործել, իսկ եթե ինչ-որ մեկը հակառակն է մտածում՝ թող ինձ ների: Ես այն կարծիքի չեմ, որ միայն կապույտ ու սեւ մարդիկ են… Ամեն մարդ էլ մի լուսավոր բան ունի: Բայց մարդկանց տեսակ կա, որ չեմ կարող տանել, օրինակ՝ պատեհապաշտներին: Չեմ կարող տանել նաեւ լքելը. երբ մարդը թույլ է, խեղճ է՝ լքում են: Զզվում եմ ստրկահաճ քծնողներից: Օրինակ, մարդիկ կան, որոնց չեմ ուզում դիպչել, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես են իրենցից բարձր պաշտոնյայի հետեւից սողալով քարշ գալիս…»:

Մոռանալ նախագահին, երազել բարեկեցիկ կյանքի մասին…

Ա. Պետրոսյանն այն կարծիքին է, որ երազանքները, երբ իրականանում են, դադարում են երազանք լինելուց: Եվ խոսելով իր երազանքների մասին, նա ասաց. «Որպես անձ, ես թաքուն երազանքներ ունեմ՝ կապված թոռնիկներիս հետ: Նաեւ շատ եմ ուզում, որ Արցախի հարցը լուծվի, որովհետեւ դա իմ սերնդի երգն է: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը լավ ապրի ու չհիշի, թե ով է իր նախագահը, նախարարը եւ այլն»: Կորուստների առումով էլ մեր զրուցակիցը նշեց, որ վախենում է անվերջ կորցնելուց, որովհետեւ. «Այն կարծիքին չեմ, որ ես ինչ որ ունեմ՝ անպայման պիտի միայն ես ունենամ: Ես երջանկությունը պատահականություն եմ համարում ու համարում եմ նաեւ, որ այդ պատահականության թռչունը իմ ուսին նստել է. ես ունեմ այդ երջանկությունը եւ միշտ վախենում եմ դրա համար: Իսկ ավելի նատուրալիստական՝ սարսափելի վախենում եմ միջատներից ու միջատանման մարդկանցից»:

Հայաստանից բացի՝ ուրիշ ոչ մի տեղ…

«Ես Հայաստանից բացի՝ ուրիշ ոչ մի տեղ չէի ապրի, բայց ունեմ իմ սիրելի երկրները: Ես հնարավորություն ունեի Հայաստանում չապրելու եւ դեմագոգիա անելու՝ որպես քաղաքական հալածյալ եւ այլն… Ես ինքս ինձ ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչ եմ համարում, որովհետեւ ֆրանսիական մշակույթն ինձ համար շատ թանկ է: Կուզենայի անգլիական երկրորդական քաղաքներից մեկում մեկ տարի ապրել, գրել: Անգլիան ինձ ցնցել է. այնտեղ լինելով ես հասկացա, թե ինչ է կայսրությունը: Մեկ տարի էլ կուզեի ապրել Կանադայում՝ լճերի, լայնարձակությունների երկրում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել