Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամատիկականի «Մակբեթը»՝ Հունգարիայի բեմում

Հուլիս 16,2009 00:00

Թատրոնի անձնակազմը տպավորված է վերադարձել

Հուլիսի 6-ին Հունգարիայում անցկացվող 46-րդ շեքսպիրյան միջազգային փառատոնին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն առաջին անգամ մասնակցեց: Փառատոնում հայերը բեմ դուրս եկան «Մակբեթով»: Փառատոնի տնօրեն Ջոզեֆ Գեդեոնի խոսքով, որը թարգմանաբար ներկայացվեց երեկվա ասուլիսին, դրամատիկականի ելույթը մեծ հաջողություն վայելեց հունգարացի հանդիսատեսի շրջանում: «Դրամատիկական թատրոնի «Մակբեթը» զգացմունքային խորը ներկայացում է՝ ռեժիսորական հետաքրքիր լուծումներով, լուսաձայնային տպավորիչ էֆեկտներով եւ դերասանական փայլուն կատարումներով. վստահ եմ, որ այս ներկայացման հաջողությունները կշարունակվեն նաեւ այլ փառատոներում»,- ասված է Ջ. Գեդեոնի նամակում: Նա «Մակբեթը» դիտել էր նախորդ տարի Երեւանում եւ այդ ներկայացմամբ տպավորված՝ հրավիրել էր Հունգարիայի փառատոնին մասնակցելու: Այսպիսի փառատոներին մասնակցելը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը շատ է կարեւորում, ըստ նրա՝ փառատոները այժմ հայ թատերական արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու միակ հնարավորությունն են: Խանդիկյանի խոսքով, ներկայանալով ու դիտելով այլ երկրների բեմադրությունները՝ իրենք հասկանում են, թե միջազգային շուկայում համեմատության մեջ ուր են հասել: Հայ թատրոնի գործիչներն էլ Երեւան են վերադարձել Հունգարիայի կամերային թատրոնի «Օթելլո» բեմադրությամբ տպավորված. Դրամատիկականի գեղարվեստական ղեկավարը հիացած էր, բայց ոչ զարմացած: «Հունգարացի դերասանները, համալսարանական կրթությունից բացի, թատրոնի լավագույն գործիչների դպրոցն են անցել, նրանց թատերական գործունեությունը զարգացնելու լավ հնարավորություններ են ընձեռված»,- ասաց Ա. Խանդիկյանը:

Հայկական «Մակբեթի» գլխավոր դերակատար Արթուր Ութմազյանն էլ համոզված է՝ իրենց բեմադրությունը հունգարացիներին հայկական մշակույթը ցուցադրելու եզակի հնարավորություն էր. «Հյուրախաղերով բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց սա միակ երկիրն էր, որտեղ ոչ մի հայի չհանդիպեցի, իսկ հունգարացի հանդիսատեսն էլ հայ թատրոնի մասին դժվար թե լսած լիներ»:

Թատրոնի դերասաններից Հովհաննես Բաբախանյանն էլ ասաց, որ իրենք չէին գնացել հունգարացի հանդիսատեսին զարմացնելու, նպատակ ունեին հիացնել, ինչը եւ հաջողվեց: Փառատոնից վերադարձել են լավատեսական հեռանկարներով, համոզված են՝ առաջիկայում այլ երկրներից հյուրախաղերի հրավերներ են ստանալու: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն էլ մեծ հույսեր է կապում Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» բեմադրության հետ: Նա վստահ է՝ այդ ներկայացումն էլ կհետաքրքրի արտասահմանցի հանդիսատեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել