Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ԴՐՍՈՒՄ

Հուլիս 16,2009 00:00

Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացված շախմատի միջազգային խոշոր բաց մրցաշարում, որին մասնակցած 469 շախմատիստներից 40-ը կրում էր գրոսմայստերի կոչում, հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 11 հնարավորից վաստակելով 9,0 միավոր՝ Միխայիլ Մարինի (Ռումինիա), Կիրիլ Գեորգիեւի (Բուլղարիա) եւ Գոպալ Նարայանանի (Հնդկաստան) հետ բաժանել է 1-4-րդ տեղերը: Հաջող են հանդես եկել նաեւ մեր մյուս երկու շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Մովսիսյանը: Նրանք 8,5-ական միավորով բաժանել են 5-8-րդ հորիզոնականները:

Բելգիայում բնակվող, սակայն Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանն այդ երկրի առաջնությունում իր անվան դիմաց գրանցելով 6,5 միավոր (9,0 հնարավորից)՝ նվաճել է Բելգիայի չեմպիոնի կոչումը:

Մարտունիում շարունակվում է «Սեւանա լիճ» անվանումը կրող միջազգային մրցաշարը: Խաղացված 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Լի Չաոն (Չինաստան): Երեկ՝ 6-րդ տուրում առաջատարը սեւերով խաղալու էր Արման Փաշիկյանի հետ:

Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում մեկնարկել է «Սպիտակ նավակ» պատանեկան ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում են մինչեւ 1995 թվականը ծնված շախմատիստներով համալրված դպրոցական թիմերը (3 տղա եւ 1 աղջիկ): Օդինցովո իրենց թիմերն են գործուղել Հայաստանը, Էստոնիան, Լատվիան, Սերբիան, Ուկրաինան, Բելառուսը, Չեխիան, Սլովակիան, Մոլդովան, Չեռնոգորիան եւ Ռուսաստանը: Մեր հանրապետությունը ներկայացնում է «Միկան», որը մեկնարկային տուրում 1,5:2,5 հաշվով զիջեց Չեխիայի «Ֆրիդեկ Միստեկ» թիմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել