Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ

Հուլիս 16,2009 00:00

Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը երեկ լուսադեմին է վերադարձել ԱՄՆ-ից:

«Առավոտը» նրանից, որպես Ագբեկոյի հետ կայացած մարտի գլխավոր գործող անձերից մեկի, ավելի մանրամասն եւ հավաստի տեղեկություններ ստացավ նախապատրաստության ընթացքի, բուն մարտի եւ Վիկի հետագա պլանների մասին:

– Պարոն Բադալյան, ակնհայտ երեւում է, որ անտրամադիր եք:

– Բնական է:

– Կպատմե՞ք, թե ինչն ինչպե՞ս եղավ:

– Վախթանգի հետ երբեք այս աստիճան լավ նախապատրաստական աշխատանք չէինք տարել, ու նա ոչ մի մարտից առաջ այդքան լավ մարզավիճակ չէր ունեցել: Վիկը միանգամայն ի վիճակի էր հաղթել: Միասին ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել էինք մրցակցին եւ համապատասխան մարտավարություն ընտրել:

– Այդ դեպքում ի՞նչը խանգարեց:

– Շատ բան: Նախ, մարտի կազմակերպիչն ու տերը Դոն Քինգն էր, որի բռնցքամարտիկն է Ժոզեֆ Ագբեկոն: Քինգը բռնցքամարտի աշխարհում անսահմանափակ հնարավորություններ եւ ազդեցություն ունի, ինչում շուտով ինքներս համոզվեցինք: Մարտից մի քանի օր առաջ ամերիկացի մասնագետներից շատերը մեզ զգուշացնում էին, որ մրցավարները Քինգի ուզած (բայց ոչ նշանակած) մարդիկ են, եւ եթե ցանկանում ենք հաղթել, Վախթանգը պարտավոր է նոկաուտ անել: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Եվ որքան էլ Վախթանգը փորձ ունի, դա նրա մեջ նախամենամարտային լրացուցիչ լարվածություն էր առաջացրել, ինչը իր սեւ գործը կատարեց: Արդյունքը եղավ այն, որ նա ռինգում մարտը հնարավորին չափ շուտ եզրափակելու ավելորդ շտապողականություն էր դրսեւորում՝ շատ հաճախ շեղվելով մեր ընտրած մարտավարությունից: Իսկ երբ հենց առաջին ռաունդում Ագբեկոյի՝ գլխով կատարած հարվածից հետո հոնքը բացվեց, Դարչինյանի գործողություններում խուճապի նման բան սկսեց նկատվել: Ես անընդհատ հուշում էի, որ հախուռն չգրոհի, այլ աջ ձեռքն աշխատեցնելով, ինչը նաեւ ոտքերի աշխատանք է եւ անընդհատ տեղաշարժ, մրցակցին գամի ռինգի անկյուն կամ սեղմի ճոպաններին եւ այդ ժամանակ գործի դնի ձախ ձեռքի ցնցող հարվածները: Սակայն Վախթանգն այդպես էլ անհրաժեշտ հավասարակշռվածությունը վերագտնել չկարողացավ: Նրա վրա հոգեբանական ճնշում էր նաեւ այն, որ Քինգը հազարավոր տոմսեր էր բաժանել տեղի սեւամորթներին, որպեսզի գան ու աջակցեն մեր սեւամորթ մրցակցին: Նման այլ օրինակ ես չեմ հիշում:

– Ասացիք, որ մրցավարները Քինգի ուզած մարդիկ էին: Բայց ռեֆերին Ագբեկոյին կասկածելի նոկդաուն գրանցեց:

– Դա իսկապես նոկդաուն էր: Այդ ռաունդի ավարտին Դոն Քինգը զայրացած մոտեցավ ռինգի շուրջ նստած մարտի պատասխանատուներին եւ պահանջեց թերթիկ բաժանել եզրային մրցավարներին, որպեսզի նրանք տան իրենց կարծիքը: Ու զարմանալի չէ, որ ոչ ոք նոկդաուն «չէր տեսել»: Այդ միավորը վերջում չհաշվվեց: Ասում եք՝ այդ նոկդաունը կասկածելի էր: Բայց ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ նույն ռեֆերին պարտավոր էր եւս երկու անգամ մատները հերթով պարզել Ագբեկոյի գլխավերեւում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում օրենք է. եթե մարզիկը ստացած հարվածից՝ ուժե՞ղ, թե՞ թույլ, ռինգի հատակին հենման երրորդ կետն է ունենում, եւ եթե ռեֆերին մրցակցի կողմից կանոնների խախտում չի արձանագրում, պարտադիր հաշիվը բացվում է: Ագբեկոն երկու անգամ այդ վիճակում հայտնվեց: Ռաունդներից մեկում էլ գանացին մերձամարտերի ժամանակ գլխով ուժգին հարվածեց Վիկի աջ հոնքին, որից մկանահյուսվածքի կրկնակի բացվածք առաջացավ ու ոսկորը գրեթե երեւում էր: Ռեֆերին պարտավոր էր Ագբեկոյին նկատողություն հայտարարել: Ու մարտը կվերջանար գանացու որակազրկումով:

Վախթանգն ի վերջո պարտվեց: Բայց մրցավարներից երկուսը հաղթանակը Ագբեկոյին էին տվել՝ 114:113 հաշվով: Եթե իմ նշած նոկդաունները հաշվվեին (որակազրկման մասին չեմ խոսում), հաղթանակը 2:1 ընդհանուր հաշվով մերն էր լինելու: Եվ մի բան էլ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մի չգրված կարգ կա: Երբ մենամարտում են չեմպիոնները կամ առաջին համարները, միավորների նվազագույն տարբերության դեպքում, որպես կանոն, մրցավարները ոչ-ոքի են արձանագրում: Դա արժանի հարգանք է չեմպիոններին: Մեր պարագայում այդ էլ չարեցին: Դոն Քինգին ձեռնտու չէր, նա նման բան չէր թողնի:

Բայց անպայման պետք է ասեմ նաեւ, որ գանացին տեխնիկական ու ֆիզիկական հիանալի պատրաստվածություն ուներ: Որպես բռնցքամարտիկ, նա ինձ դուր եկավ եւ արժանի էր իր քաշային կարգում IBF-ի աշխարհի չեմպիոն լինելուն:

– Այս մարտից հետո Վախթանգն ի՞նչ կարգավիճակում է:

– Նա էլի աշխարհի բացարձակ չեմպիոնն է՝ իր քաշային կարգում չեմպիոնների չեմպիոնը, որովհետեւ գոտիները նվաճել է այլ վարկածներով գործող չեմպիոններին հաղթելով: Մի մոռացեք, որ Վիկը վերջին երկու տարիներին հանդիպում է միայն չեմպիոնների կամ պարտադիր հավակնորդների հետ, որոնք 1-ին համարներն են:

– Վախթանգն ի՞նչ ծրագրեր ունի:

– Որքան տեղյակ եմ, IBF-ը հայտարարել է, թե նա պարտավոր է երեք ամսվա ընթացքում իր նախկին քաշային կարգում IBF-ի վարկածով գոտու պարտադիր պաշտպանության մարտ անցկացնել: Դրա համար կվերադառնա առաջին թեթեւագույն քաշային կարգ ու կնախապատրաստվի այդ մենամարտին: Բացի դա, Վախթանգը նպատակադրվել է մինչեւ 52,163 կգ քաշային կարգում տիրանալ նաեւ չորրորդ գոտուն՝ այն վերցնելով WBO-ի չեմպիոն՝ պուերտոռիկացի Խոսե Լոպեսից:

– Երեք ամսում կհասցնի՞ հոգեբանորեն վերականգնվել:

– Ագբեկոյի հետ մարտն ընդամենը նոր քաշային կարգում գոտի նվաճելու փորձ էր: Վախթանգը մի լավ հատկություն ունի: Պարտությունից հետո, լավ է, որ սա ընդամենը երկրորդն է, նա կարողանում է շատ արագ հավաքվել եւ հետագայում ռինգ մտնել ավելի հզորացած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել