Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցմահ բանտարկյալները»

Հուլիս 16,2009 00:00

Հուլիսի 17, 18, 19-ին «Ցմահ բանտարկյալներ» նոր բեմադրությամբ երեւանյան հանդիսատեսին կներկայանա սցենարիստ, դերասան Վարդան Պետրոսյանը: Նա այս անգամ բեմում կլինի ոչ թե միայնակ, այլ դերասաններ Գեւորգ Մինասյանի եւ Մելիք Վարդանյանի հետ: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վ. Պետրոսյանը տեղեկացրեց. «Պիեսը գրվել է 2004-ին՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունների ազդեցության ներքո, իսկ մարտի 1-ի դառը հետեւանքներից հետո շատ խնդիրներ, որ արծարծվում էին պիեսում, դարձան ավելի ակտուալ: Այդ ամենը ներկայացվում է տրագիկոմեդիայի ժանրի մեջ: Իշխանություն-ընդդիմություն բախման մեջ գտնված մի խեղճ ժողովուրդ, փաստորեն, որեւէ ելք չի գտնում»: «Ընկած» մտավորականի կերպարը մարմնավորած Վ. Պետրոսյանի խոսքերով՝ ներկայացման մեջ տեսնում ենք ՚ հասարակության ուժեղ՝ գռփող, թալանող զանգվածին, որի համար սովորական բան է մարդ սպանելը, նաեւ ընդամենը երազել կարողացող խեղճ ժողովրդին: Դերասանը կարծում է, որ «Ցմահ բանտարկյալներով» հնարավոր է, որ կորցնի իր հանդիսատեսի մի մասին, բայց վստահ է՝ կբերի մի ուրիշ հանդիսատես: «Մի մասը գալիս է նայելու, թե տեսեք՝ ինչպես ջարդեց-փշրեց, կպավ Սերժին, Լեւոնին, Ռոբերտին… Այս անգամ այդ հանդիսատեսը նման բավարարվածություն չի զգա, որովհետեւ չկա կոնկրետ անուն, իրադարձություն, մատնանշված չի օր ու ամսաթիվ: Մյուս կողմից էլ փորձել եմ իմ հին հանդիսատեսին պահել: Կան տրագիկոմեդիկ ժանրի սքանչելի տեսարաններ, օրինակ՝ մարտի 1-ի դեպքերից հետո դատավարությունների կեղծ վկայությունները: Իմ խոսքի, քննադատության մեջ կա սարսափելի տառապանք, անքուն գիշերներ, այդ ամենը արել եմ մի ցանկությամբ, որ ինչ-որ բան փոխվի»,- հայտնեց Վ. Պետրոսյանը: Վ. Պետրոսյանը 1996 թվականից հետո նկատել է, որ Հայաստանում մշակութային, թատերական կյանքը ակտիվացել է, բայց, ըստ նրա՝ այլ հարց է՝ կա՞ պետական մշակութային քաղաքականություն. «Կարծում եմ՝ հայ մշակույթը պետք է զարգանա մշակույթի նախարարության եւ պրոդյուսերական կենտրոնների լուրջ համագործակցությամբ: Տեսել եմ շատ ներկայացումներ, ծանոթ եմ եղել շատ նախագծերի, որոնք, ցավոք, պետականորեն չեն հովանավորվել, բայց կան նաեւ ծրագրեր, որ հովանավորվել են, սակայն հայ պետականությանը, զարգացմանը չեն նպաստել»:

Դառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ դերասանը դրական քայլ համարեց այն, որ քաղբանտարկյալների մի մասն արդեն ազատ է եւ հույս հայտնեց, որ մնացածն էլ կազատվի: Իսկ հարցին՝ ո՞ւմ է մեղադրում մարտիմեկյան իրադարձությունների համար, բանախոսը պատասխանեց. «Մարտի 1-ի համար առաջին հերթին մեղադրում եմ ինձ, որովհետեւ այստեղ չէի… Մարտի 1-ի 10 զոհերը մեր ողբերգությունն են… Այդ պատահական զոհերը սրբացան միայն մի բանի համար, որ հասկանանք՝ այսպես ապրել անհնար է, բայց մենք էլի չհասկացանք…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել